«Քոչարյանին երաշխավորողները փորձում են աջակցություն ստանալ դրսի ուժերի կողմից, ճնշում գործադրել և ստանալ իրենց ցանկալի արդյունքը». Քաղաքագետներ

Լուսանկարը՝«ՀԺ»

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի համար նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն ներկայացնելով՝ փորձ են անում իրավական շահարկումների միջոցով նաև դրսից ճնշում գործադրել հայաստանյան դատարանի վրա։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Ըստ նրա՝ հնարավորության սահմաններում փորձում են բոլոր տարբերակներն օգտագործել՝ հույս ունենալով, որ տարբերակներից մեկի դեպքում կլինի նաև որևէ աջակցություն այլ ուժերի կողմից, մասնավորապես, դրսից։ «Եվ դրա միջոցով փորձում են ճնշում գործադրել Հայաստանի դատական իշխանությունների վրա և ստանալ իրենց ցանկալի արդյունքը։ Բայց հույս կա, որ հայաստանյան դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, այդ ճնշմանը կդիմակայի, և գործընթացը կընթանա այնպես, ինչպես ընթացել է մինչև հիմա, այսինքն՝ իրավական ճանապարհով։ Հույս ունեմ, որ չենք ունենա այնպիսի իրավիճակ, որ Քոչարյանը կհայտնվի դրսում, և իմաստ կլինի դատը ձգձգել տարիներ շարունակ»,- «Մեդիալաբին» ասում է Ռոբերտ Ղևոնդյանը։

Հարցին, թե ինչ նկատի ունի՝ դրսից ճնշում ասելով, քաղաքագետը պարզաբանեց. «Դրանք կարող են լինել թե՛ ռուսական որոշակի շրջանակներ, թե՛ վերպետական կառույցներ Եվրոպայից ու ԱՄՆ-ից։ Այսինքն՝ իրավական շահարկումների միջոցով փորձ կարվի դրսից ճնշում գործադրել Հայաստանի իշխանության վրա»,- ասում է Ղևոնդյանը։

Նրա խոսքով՝ այսօր դատավարությունն ինչքան հնարավոր է հետաձգում են՝ հույս ունենալով, որ հնարավոր է՝ մեղադրյալներից ևս մեկի՝ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի, և նա կհայտնվի ազատության մեջ։ «Այդ դեպքում իրենք կարող են դատը հավերժ ձգել, ոչ մի խնդիր չի լինի։ Իսկ քանի որ հիմա երկրորդ նախագահը ճաղերի հետևում է, դա խնդիր է առաջացնում դատավարությունը ձգձգելու առումով»,- հավելում է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարան։

2018-ի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Ռ․ Քոչարյանին։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու համար։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնող նախկին վարչապետները հանդիսանում են այս քրեական գործով որպես հետաքրքրություն ունեցող անձինք։ Եվ որպես իրենց հետաքրքրությունների դրսևորում՝ նրանք իրենց անունն են խաղադրույք անում՝ Քոչարյանին ինչ-որ «ժեստ» անելու համար, ասում է Մեհրաբյանը։

«Բացի դրանից, նրանք դա անում են՝ աչքի առաջ ունենալով Արցախի նախագահների դառը փորձը։ Ես այստեղ նաև տեսնում եմ այդ մարդկանց համար Քոչարյանի՝ կարկառուն հեղինակություն լինելը, ինչու ոչ, նաև ազդեցությունը։ Ի վերջո, այո՛, առնվազն 10 տարի Քոչարյանը նրանց բոլորի աչքին եղել է բարձր հեղինակություն և շարունակում է այդպիսին մնալ։ Այսինքն՝ մենք հասկանում ենք, որ նրանք մտքով, հոգով իրար չեն թողնելու, անկախ նրանից, թե ով են, ինչ են»,- «Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը։

Ըստ քաղաքագետի՝ այդ անձինք առանձնապես մեծ հույսեր չունեն՝ շատ լավ հասկանալով, թե ինչի հետ գործ ունեն։ Բայց, այդուհանդերձ, գերադասում են այդ «ժեստը» անել, թեկուզ հուսահատ։

«Ես կարծում եմ որ այս ամենը նույնպես ցույց է տալիս, որ այն, ինչ արել է Քոչարյանը, միայն ինքը չէ, որ արել է։ Երկրորդ՝ դա արվել է Քոչարյանի գլխավորությամբ, և առանձին մարդկանց նույն հոդվածով դատում են։ Ես կարծում եմ, որ այդ հոդվածները պետք է խստացնել, քանի որ մենք գործ ունենք կազմակերպված քրեական խմբավորման հետ։ Եվ հենց այդ տրամաբանությամբ էլ պետք է այս ամենին նայել»,- հավելում է Մեհրաբյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am