«Գյումրի, իմ սեր» և այլ գեղեցիկ նկարներ պատրաստողները պետք է հասկանան, որ գոյություն ունի մեր և հասարակության ուղեղի ետնախորշերի Գյումրին. քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

– Տիկի՛ն Սեդրակյան, Գյումրիում դաժան դեպքից հետո, երբ 28-ամյա տղամարդը ծեծելով սպանել էր 43-ամյա կնոջը, իսկ նրա 13-ամյա դուստրը ծայրահեղ ծանր վիճակում է, սկսեցին մեղադրել կնոջը, թե նա ի՛նչ գործ ուներ երիտասարդ տղայի հետ։ Խնդիրը որտեղի՞ց է գալիս։

– Խնդիրը ոչ միայն կնոջ հանդեպ պատեռնալիստական վերաբերմունքն է, այլև հաստատություն – մարդ, պետություն -մարդ, հասարակություն – մարդ փոխհարաբերությունների աղճատված խնդիրն է, որովհետև, կներեք, երբ վարչապետը երիտասարդին ասում է՝ գնա աշխատիր, առողջ տղամարդը առողջ տղամարդուն այդպիսի բան չի ասի, մենք ունենում ենք մարդկային անձնավորված հարաբերությունների տեղափոխում պետական և հանրային սպեկտր։

Եվ դա ավանդական մտածողության նույն շարունակությունն է։ Մենք ասում ենք, որ կնոջն են մեղադրում, ո՛չ, մեղադրում են նաև տղամարդուն հասարակության, պետության և ինստիտուտների բոլոր այն հնարավոր թերացումների համար, որ հնարավոր է մտածել։ Մենք գիտենք, որ քաղաքակրթության հիմքն այն է, որ անհատը գերագույն արժեք է, և մնացած բոլոր բաներն ածանցվում են դրան։

– Այսինքն՝ վերևի՞ց պետք է գա այդ պահանջը։

– Սա վերևից եկող պահանջ չէ, սա պետք է լինի ներքևից եկող պահանջ վերևներին։ Վերևը չի ուզում այդ պահանջը ձևավորել, իրեն ձեռնտու չէ։ Բոլոր իշխանություններին ձեռնտու է պահանջատիրություն նախորդ իշխանությունների հանդեպ, բայց ներկա իշխանությունների հանդեպ ձեռնտու չէ։ 

Պետական պաշտոնյան պետք է հստակ գիտակցի իր դերը պետական ռակուրսում և իր դերը, օրինակ՝ կանանց պաշտպանության գործում։ Տեսեք մենք ինչ ենք անում. մենք կանանց պաշտպանությունը և, ընդհանրապես, մարդու պաշտպանությունը տեղադրել ենք մի ոլորտ, որով զբաղվում են կամավորները, ՀԿ-ները և այլն, և թույլ ենք տալիս, որ դրա մասին տեղի ունենա կարծիքների փոխանակում, մինչդեռ ցանկացած բռնություն իր ցանկացած դեմքով, կներեք, եթե, ասենք, կնոջը սպանել է սիրեկանը կամ տղամարդուն սպանել է ընկերը ի՞նչ տարբերություն։ 

Մենք այդտեղ մեղավոր և անմե՞ղ ենք փնտրում, թե՞ մենք փնտրում ենք պետական զսպման մեխանիզմներ։ Ախր դա նորմալ պետական մտածողություն ունեցող ցանկացած մարդու նորմալ մոտեցում է, և եթե հանրությունը չի ուզում այդ մտածողությունը ձևավորել, նրան պետք է ճնշել հանրայնորեն և պետականորեն, և դա նորմալ է։

Մեկ-մեկ ասում են՝ իսկ իրավունք ունի՞ հանրությունը պահանջել վարչապետից, նախարարից, թող գնան իրենց գործն անեն, ես ուզում եմ ասել, որ հանրությունը անձնապես ոչ մեկից չի պահանջում, հանրությունը իրավունք ունի պահանջելու միայն կարգից, պետությունից, հաստատությունից, որպեսզի ինքը տարբերակի՝ որտեղ է անհատ և հասարակություն սահմանը ընթանում։ Առայժմ Հայաստանում այդ տարբերակումը չկա։ 

– Տիկի՛ն Սեդրակյան, քարոզարշավի ժամանակ մեկ այլ դեպքի ականատես եղանք, թե ինչպես մետրոյում աղջիկը պատռեց բուկլետը և նետեց վարչապետի ուղղությամբ։ Շատերը սա ժողովրդավարության դրսևորում համարեցին։ Դուք ինչպե՞ս եք գնահատում։

– Սա ժողովրդավարության դրսևորում չէ։ Ժողովրդավարության դրսևորում է իհարկե այն, որ վարչապետը չպատժեց, և Ռոբերտ Քոչարյանի նման ոչ միայն աղջկան ծեծել չտվեցին, այլև ընդհանրապես նրան պաշտպանող մարդկանց, բայց, հազար ներողություն, նույն պատմությունն է լինում՝ ինչպես պետությունը չի գծում սահմանը և ցույց չի տալիս՝ որն է պետական ինստիտուտի դերը, այնպես էլ հանրությունը չի հասկանում, որ վարչապետի հետ հարաբերվելիս նա հարաբերվում է ՀՀ ներկայացուցչի հետ և պարտավոր է հարգել։ 

Ժողովրդավարությունն այն է, երբ մարդ արտահայտում է իր անհամաձայնությունը։ Նա կարող էր ասել՝ ես չեմ ուզում վերցնել այս բուկլետը, որովհետև համամիտ չեմ ձեզ հետ, սա կլիներ արդեն նորմալ ժողովրդավարություն։

Բայց հազար ներողություն, բուկլետ պատռելը, երբ այս կամ այն կողմը ոգևորված դա գնահատում է իբրև ժողովրդավարության դրսևորում կամ աղջկա համարձակություն, ես դա գնահատում եմ իբրև դարձյալ սահմանի չգիտակցում և իբրև հանրություն-պետական ինստիտուտ գիտակցության բացարձակապես այլասերում։

– Ատելության չափաբաժին կա, և այս ամենը հենց դրա դրսևորո՞ւմն էր։

– Ատելության չափաբաժին կա, որը խրախուսվում է երկուստեք։ Ատելությունը երկու տարբեր ձևերով է ընթանում, բարեկեցիկ պետության մեջ այն ունի մի ճանապարհ, իսկ Հայաստանի նման պետություններում՝ մեկ այլ ճանապարհ։

Դրա համար առաջին հերթին եթե ուզում ես տարբերվել, եթե ուզում ես սահմանագիծ գծել նախորդների միջև, ընդհանրապես պետք է վերանայես քո ընդհանուր պատկերացումը պետության մեջ քո դերի վերաբերյալ, հասկանաս, թե ինչ պետք է անես և ինչպես։

– Տիկի՛ն Սեդրակյան, բարեկամները հրաժարվեցին հուղարկավորել Գյումրիում դաժանորեն սպանված կնոջը, և քաղաքապետարանը հուղարկավորեց։ Հասարակության զոհը դարձան նաև բարեկամները, վախեցա՞ն հասարակական պարսավանքից։

– Այն մարդիկ, որոնք փորձում են ստեղծել սիրուն պատկերներ «Իմ Գյումրի», «Գյումրի, իմ սեր» և այլ գեղեցիկ նկարներ են պատրաստում, եվրոպական ծափողջույններ, պետք է մի բան հասկանան, որ գոյություն ունի մեր և հասարակության ուղեղի ետնախորշերի Գյումրին, Երևանը, Հայաստանը և այլն, և այդ ավգյան ախոռները մաքրել է պետք ոչ թե ճառերով, ոչ թե հաղթարշավներով, էմոցիոնալ լոզունգներով, այլ այդ ախոռները մաքրել է պետք կրթությամբ, իսկ առայժմ այդ ուղղությամբ ես որևէ քայլ չեմ տեսնում։


Մանե Հարությունյան

MediaLab.am