«Սոցիալական հարվածը լինելու է շատ ուժեղ, երիտասարդների կառավարությանն արդեն կարելի է ասել կամիկաձեների կառավարություն». Էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, Կառավարությունը վերջին երկու օրերին որոշումներ ընդունեց, ըստ որոնց՝ որոշակի խումբ սպառողների համար գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարների  30 և 50 տոկոսանոց փոխհատուցում կտրամադրի։ Որքանո՞վ նման ծրագրերը կարող են մեղմել այս փուլում առաջացած սոցիալական խնդիրները։

– Ցավոք սրտի, մենք ոչ հարուստ պետություն ենք։ Բայց կարևորը դա չէ, այն է, որ ի վերջո պե՞տք է դառնանք սոցիալական պետություն, թե՞ ոչ։ Ինձ համար կարևորը դա է, որովհետև մի քիչ մանիպուլյացիոն երևույթներ եմ տեսնում այդ աջակցության մեջ։ Ի՞նչ է է նշանակում՝ մինչև 10 հազար դրամ գազ սպառող։ Դա երևի նրանք են, ովքեր երեք տուն ունեն, մեկում են ապրում, էն մյուս երկուսում մինչև 10 հազարի սպառում ունեն։ Կարծում եմ՝ այս աջակցության ծրագրերն ավելի ազնիվ պետք է անել, ասել՝ մեր հնարավորությունը սա է, ոչ թե մանիպուլյացիոն ձևակերպում անել։

Օրինակ՝ Լենա Նազարյանի հայտարարությունը, որ 500 հազար դրամով պաշտոնյաները չեն աշխատի, ազնիվ մարդու ֆրազ է։ 

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այդ ֆրազը նշանակում է, որ այդ մարդը գողություն չի անի։ Դա քաղաքական ոչ հասուն ու ոչ տեղին քայլ է, բայց ազնիվ մարդու ֆրազ է, որ չի գողանա, այդ փողն ուզում է պարգևավճարի տեսքով։ 

Իսկ սուտ ֆրազները միշտ հնչում են հայրենասիրական ոճով ու պաթետիկ, դա գողերի ֆրազն է։ Մարդիկ, որոնք գողանում են, նման հայտարարություններ են անում, 10 հատ գողանում են, մեկը տալիս են գյուղացիներին, նրանք իրենց ձեռքը համբուրում են, բայց էն 9-ը տանում է իր մառան։ 

Եվ այդ ընթացքում ինքը խոսում ու պաթետիկ խոսքեր է ասում, որ պատրաստ է 5 անգամ  հանուն հայրենիքի համար մահանալ։ Դրա համար ժողովրդի հետ ազնիվ պետք է լինել։

– Գիտենք, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքով սրվում են սոցիալական խնդիրները, ինչպե՞ս հաղթահարել աղքատության խնդիրը։

– Աղքատությունը հաղթահարելու մեկ միջոց կա մեզ նման ազգերի համար։ Մենք շատ բարձր выживаемость ունեցող ազգ ենք, անձնական շատ բարձր և լավ գենետիկա ունեցող ազգ ենք։ Դա էլ հնուց եկած է, բայց իր հետ բերում է իր մինուսները։ 

Եվ մենք այսօր այդ մինուսների հետ շփվում ենք՝ էգոիզմ, սեփական էգոյի ու անձի գերագնահատվածություն։ Այսինքն՝ 3 միլիոնն էլ վարչապետ են, ավիացիայի մասնագետ, ամեն ինչից 3 միլիոն մասնագետ ունենք։ Եվ պետական շահի իսպառ բացակայություն կա նաև։ 

Խոսքը դեկլարատիվ ելույթների մասին չէ, որոնք ինձ համար «օդ» են ու դատարկամիտ խոսակցություններ են ուղղակի մարդկանց կողմից, որոնք արդեն ձեռքը գցել են բյուջեի մեջ ու գողանում են։ Իսկ ինձ հետաքրքրում են գործերը։

Ցավոք սրտի, մենք ենթակառուցվածք ստեղծող ազգ չենք, թող չնեղանան իշխանությունները, պետականաշինության մեջ մենք ռեյտինգով եսիմ որ տեղում ենք։ Դա բերում է պոպուլիստական տեքստերի, չգիտեմ ինչ խոսակցությունների, և այդ ազնվության դեֆիցիտը կա։ 

Երբ ասում եք՝ աղքատությունը պրոբլեմ է, դա դեռ պրոբլեմ չէ, այդ պրոբլեմը նոր է գալու։ Մենք հիմա կանգնած ենք լճացման առաջ։ Առաջին անգամ մարդկությունը հիմա շփվում է լճացման հետ, որը ֆորսմաժորային է։ 

Եվ տնտեսության կոլապսը ոչ թե կատարվում է բնական ճանապարհով, այլ ռուսական ռուլետկա է, վերցնում ու կրակում ես քո էկոնոմիկայի գլխին։ 

Պետք է ընտրես՝ կամ ապրել սոված, աղքատ ու առողջ, կամ մեռնել հարուստ և կուշտ։ Բնականաբար, նման այլանդակ ընտրության դեպքում վերցնում ես զենքն ու կրակում ինքդ քո տնտեսության քունքին։ 

Դրա հետևանքները լինելու են վատ կառավարության համար, դա իրենք էլ գիտեն։ Եվ արդեն իրենք վերածվեցին կամիկաձեների։ Բոլոր նվաճումները «ջրվում են»։ 

Այո՛,  որոշ թերություններ կարող ես գցել այդ ստագնացիայի վրա, ասես՝ կորոնավիրուսն է մեղավոր, բայց մեկ է, սոցիալական հարվածը լինելու է շատ ուժեղ։ Դա անխուսափելի է, դրա համար մեր երիտասարդների կառավարությանն արդեն կարելի է ասել կամիկաձեների կառավարություն։ 

Ինձ համար ուրիշ վտանգ էլ կա, ես չեմ սիրում, երբ իշխանությունը կենտրոնանում է մեկի ձեռքին։ Դա շատ վտանգավոր է, որովհետև եթե անգամ ամենավերջին սուրբը լինի, ինքը ցմահ չի նստելու։ Վաղը կարող է լինել մի մարդ, որը Սադդամ Հուսեյնի հատկություններն ունի։ Մենք չենք կարող մեր քաղաքական հեռանկարները նման կերպ դասավորել, այս աստիճանի խամաճիկություն չի կարելի անել, ուշ թե շուտ դա բերելու է վատ հետևանքների։

– Անդրադառնանք մեր հասարակության պահվածքին. թեև երկրում արտակարգ դրություն է, բայց մարդիկ կարծես չեն կարողանում տանը նստել, պահպանել մեկուսացման կանոնները։ Ի՞նչն է դրա պատճառը։

– Հավատացնում եմ ձեզ՝ ավտոմեքենայի տակ ընկած ու զոհված յուրաքանչյուր քաղաքացի կյանքի ինչ-որ փուլում ասել է՝ ես հո հավ չեմ, ընկնեմ մեքենայի տակ։ Մարդիկ այդպես են մտածում, մենք այդ տեսակն ենք, որը իր բացասական կողմերն էլ ունի, դրականն է։ Հիմա մենք շփվում ենք այս բացասական կողմի հետ, որ ամեն մեկն իրեն ինչ-որ արտոնություն է տալիս՝ «ես լավ տղա եմ, լավ տատիկ եմ, լավ պապիկ եմ, հո հավ չեմ, ընկնեմ ավտոյի տակ, հո չինացի չեմ, ինձ վիրուս կպնի»։

– Այսինքն՝ չենք սիրում կարգ ու կանոնը։

– Չէ, չենք սիրում։ Ես դեռ զարմացած եմ, որ այսքան պահում ենք կանոնները։ Մեր վատ դրսևորումներից մեկն էլ այն է, որ անգամ այն պահին քաղաքական ու անձնական դիվիդենդներ են փորձում որսալ, երբ համախմբման լուրջ խնդիր ունենք։ 

Մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, բայց ինչ ուզում է լինի, անգամ եթե երկիրը վարի գնա, մենք պետք է մեր ճշմարտությունն ապացուցենք։ Այ դա ենթակառուցվածք չի ստեղծում, պետականաշինության բացակայության է բերում, պետականության զավթման։ 

Երբ նայում եմ մեր քաղաքական դաշտը, զզվանքս գալիս է, գրեթե բոլորի վարքագիծը խնդրահարույց է և կուսակցական նեղ մտածելակերպով։ Իմ կուսակցության ղեկավարը գոհ լինի, թքած ունեմ ամեն ինչի վրա։ Եվ այս ամենը դրա հետևանքն է։ Կուսակցությանս ղեկավարը գոհ լինի, ջհանդամ թոշակառուի թոշակը կամ այն, որ տնտեսությունը ստագնացիայի մեջ կթաթախվի։ 

Կամ ո՞նց կարելի է կուսակցության ղեկավարի ասելով քվեարկել։ Ո՞նց կարող է մեկը զանգել ու ասել՝ բոլորս քվեարկում ենք այսպես։ Այսինքն՝ կարծիք չունե՞ք դուք։ Է, գարեջրի շիշ դնեին ձեր տեղը, ինչ տարբերություն, շիշն էլ կարծիք չունի։

Ես սոցիալական պետություն եմ ուզում և սոցիալիզմ։ Այդ ժամանակ նման ախմախ բաներ չեն ասելու՝ մինչև 10 հազար դրամ գազ սպառողներին աջակցություն, կամ չեն ասի, որ օրավարձով աշխատող չկա։ Ինչ աստիճան պետք է չիմանաս, թե երկրում ինչ է կատարվում, որ նման հայտարարություն անես։ 

Կամ եթե գիտես, չես ասում՝ ստախոս ես, իսկ եթե չգիտես՝ ուրեմն խայտառակ մենեջեր ես։ Ես երրորդ արդարացում չեմ տեսնում։ Ցավոք սրտի, սրա հետևանքը լավ չի լինելու։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am