«Նիկոլ Փաշինյանը զավթելու համար չի եկել և չի ուզում զավթել, բայց ինքն այդ կոստյումի մեջ է, Սահմանադրությունը պարտադրում է զավթել». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, այս օրերին լրանում է հեղափոխության երկու տարին։ Դուք հեղափոխության վերաբերյալ գիրք եք գրել։ Այս երկու տարիների ընթացքում որքանո՞վ ձեռքբերումներ եղան, որքանո՞վ հույսերն ու սպասելիքներն արդարացան։

– Եկեք արձանագրենք՝ շատ դրական է, որ եղավ հեղափոխություն։ Ակնհայտ է, որ Հայաստանն այլևս նույն ձևով չէր կարող շարունակել. կոռումպացված կառավարություն, վատ կառավարում, ամենաթողություն, օլիգարխների «բեսպրեդել», կոռուպցիա, բայց ամենաբացասականն այն էր, որ իշխանությունները լեգիտիմ չէին, և այդ ամբողջը հանգեցրեց նրան, որ տեղի ունեցավ հեղափոխություն։ 

Ես ակտիվ մասնակցել եմ, և ես ո՛չ փոշմանել, ո՛չ էլ հիասթափվել եմ։ Ընդհանուր առմամբ, սա շատ մեծ առաջընթաց էր հայ ժողովրդի, Հայաստանի համար։ Բայց կա մի լուրջ բայց… 

Մենք պետք է հասկանանք, որ հեղափոխությունը չի ավարտվում փաստով, որ դու նոր ղեկավար կամ լեգիտիմ ԱԺ ընտրեցիր, դու պետք է շարունակես հեղափոխական քայլերով շարժվել, բայց ես ինչքան հասկացա, Նիկոլ Փաշինյանը որոշեց շարժվել ավելի մեղմ ճանապարհով, ռեալ հեղափոխությունը եղավ, որին հաջորդեցին ավելի մեղմ քայլեր։ Մենք չտեսանք, որ Սահմանադրություն փոխվեր, մենք չտեսանք, որ Ընտրական օրենսգիրքը փոխվի, և 2018-ի դեկտեմբերի ընտրությունները հին օրենսգրքի շրջանակում անցկացվեցին։ Այո՛, ընտրություններն արդար էին, բայց մենք նորից ստացանք մեկ գերակշռող ուժ պառլամենտում։ Այն, որ հեղափոխությունը չշարունակվեց, կանգ առավ, տեղի չունեցավ լյուստրացիա, չտրվեց նախկիններին քաղաքական գնահատական, և մենք փաստորեն ստացանք մի քաղաքական համակարգ, որը նախկին քաղաքական համակարգից ոչ մի բանով չի տարբերվում։ Նորից մեկ ուժ ունի գերակշռող մեծամասնություն, թելադրում է խաղի բոլոր կանոնները, և դա, որքան էլ զարմանալի թվա, խանգարում է անձամբ Նիկոլ Փաշինյանին։ 

– Ի՞նչ նկատի ունեք։

– Բառի բուն իմաստով խանգարում է Նիկոլ Փաշինյանին։ Այն փաստը, որ ունի 2/3-ը խորհրդարանում և իրեն խանգարում են, ինքը չփոխեց Սահմանադրությունը, որովհետև իրեն խանգարում են, և բոլորը սպասում են Նիկոլ Փաշինյանին։ 

Ոչ մի տեղ ոչ մի շարժ չկա, մարդիկ նստած սպասում են Նիկոլ Փաշինյանին։ Եվ այդպես էլ պետք է լինի, քանի որ երբ նախկինները գրում էին Սահմանադրությունը, ավտորիտար ռեժիմ հաստատելու համար էին գրում, այլ ոչ իրական պառլամենտական համակարգ ունենալու։ 

Եվ մենք դա տեսնում ենք. որտեղ գնում է Նիկոլ Փաշինյանը՝ այդտեղ շարժ կա, իսկ որտեղ չի գնում՝ ոչ մի բան չի արվում։ Այն, որ հեղափոխությունը կանգ առավ, Նիկոլ Փաշինյանը փորձեց թավշյա մեթոդներով աշխատել, բերեց նրան, որ Սահմանադրությունը, ԸՕ-ն չեն փոխվել, ռեալ լյուստրացիա չի արվել, վեթինգ չի արվել, և այն փաթեթը, որը հիմա բերվել է դատաիրավական համակարգի բարեփոխման համար, իր մեջ ռեալ վեթինգ չի պարունակում։

Եվ արդյունքում դանդաղաշարժ աշխատող համակարգ, որի մասին ես չեմ ասում, Նիկոլ Փաշինյանն է ասում իր ամեն ելույթում։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ այդ սուպերվարչապետական համակարգը չի փոխվել, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում օգտագործել այդ գերլիազորությունները, բայց քանի որ համակարգը չփոխվեց, ամբողջ համակարգը սպասում է, որ գերլիազորություններով մարդը գա և հանձնարարական տան։ 

Այսպիսով, ակնհայտ շատ են դրական փոփոխությունները, բայց հեղափոխությունից հետո ավելի ազատ տնտեսական պրոցեսներ, ավելի ազատ մամուլ, ավելի ազատ մարդկանց և բիզնեսի համար տեղաշարժ, ակնհայտ երևում է, բայց պետական մեքենան պետք է արդյունավետ աշխատի, որ այդ դրականը ինստիտուցիոնալ տեսք ստանա։ 

Մյուս օրինակը բերեմ. ի վերջո սկսվեց պայքար կոռուպցիայի դեմ, ոչ ոք դա չի կարող ժխտել։ Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր, լիքը մարդիկ նստած են, փախած են, բայց դուք կարո՞ղ եք մեկ օրինակ բերել, որ գործը տրամաբանական ավարտվի, ասենք՝ դատարանը որոշում կայացնի՝ դատապարտելով որևէ մեկին 5-7 տարվա ազատազրկման կոռուպցիայի համար։ Սա մենք չենք տեսնում։ Պատճառը ինստիտուցիոնալ փոփոխությունների՝ դանդաղ տեղի ունենալն է։ Եվ այս արանքում ընկավ կորոնավիրուսը, որը կառավարության ամբողջ ուշադրությունը շեղում է։ Եվ, այո՛, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, դա ակնհայտ երևում է։

– Այսինքն՝ հույսերը ինստիտուցիոնալ փոփոխություններ անելու մասով չե՞ն արդարացել։

Կասեի՝ մասամբ չարդարացան, քանի որ, այնուամենայնիվ, դատաիրավական բարեփոխումների, ինչպես նաև հակակոռուպցիոն փաթեթները բերվեցին, մի մասն ընդունվեց։ Այստեղ շարժ կա, բայց չարդարացան այն առումով, որ դրանք շատ արագ պետք է արվեին։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը զավթելու համար չի եկել և չի ուզում զավթել, բայց ինքն այդ կոստյումի մեջ է։ 

Շատերը չեն հասկանում, որ այդ Սահմանադրությունը քեզ պարտադրում է զավթել։ Հեղափոխության միտքն այն էր, որ համակարգը բալանսավորված լինի, Սահմանադրությունը փոխվի և այլն, և քանի որ եկավ մարդ, որը ուզում է ավելի բալանսավորված լինի, բայց չի հասցրել դեռ այդ բարեփոխումներն անել, դրա համար ունենք այն, ինչ ունենք, դանդաղաշարժ համակարգ, այդ թվում՝ ակնհայտ սաբոտաժ կա, առանձին արձագանք Նիկոլ Փաշինյանը տալիս է, բայց համակարգային արձագանք չկա։ 

Գլխավոր սխալը մեր ժողովրդինն է, երբ գնում էին ընտրությունների, ընտրում էին փրկչի, ոչ թե ընտրում էին ԱԺ։ 

Օրինակ՝ Ղարաբաղում հասկացան, որ չի կարելի մեկ ուժի ձայները տալ։ Իհարկե, շատերը դիտողություն են անում, որ Ղարաբաղի ընտրություններն իդեալական չեն, բայց Ղարաբաղում այնքան խելոք էին, որ հասկացան՝ սխալ է մեկ-երկու խմբակցություն ունենալ, և հինգ խմբակցություն ունեն այսօր, իսկ մեր պառլամենտում մենք ունենք մեկ խմբակցություն, քանի որ եթե 2/3-ն ունես, ամեն ինչ վերահսկողության տակ ես պահում։

Այս ընտրություններից հետո, երբ մենք ոգևորված էինք, տարբեր երկրներում իմ հանդիպումների ժամանակ ինձ ասում էին՝ ափսոս, լավ հեղափոխություն էր, մենք ձեզ հետ ենք, էլի կաջակցենք, և 2/3-ն ունենալ պառլամենտում, դա ակնհայտ է, որ խնդիրներ կառաջանան։ 

Սա նշանակում է, որ սպասելիքները շատ մեծ են, և դու ամբողջ բեռը դնում ես մեկի վրա։ Եվ սա խոսում է այն մասին, որ մենք կարիք ունենք ուսուցելու մեր հասարակությանը, այս ինտելեկտուալ, մտածող ժողովրդին, մենք, այո՛, ունենք քաղաքական հարցերով պետք է ինֆորմացիա տանք, կրթենք, որ չի կարելի, նույնիսկ ամենալավ ղեկավարին դու փչացնում ես, երբ ամբողջը տալիս ես։ Հիմա ես չեմ պատկերացնում՝ պառլամենտում ինչ իմաստ ունի այլ կարծիք լսել, և դրա համար չեն էլ լսում։ Իրենք մեղավոր չեն, իրենք 70 տոկոս ձայն են տվել, իրենք էլ աշխատում են։ Բայց համակարգը էֆեկտիվ է աշխատում, երբ պլյուրալիզմն ավելի ուժեղ է։ Համակարգային քայլերը քանի որ դեռ չեն արվել, այս խնդիրներն առաջանում են։

– Ինչպե՞ս եք գնահատում վերջին երկու տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Արված քայլերը բավարա՞ր են։

– Պարզ է, որ նոր կառավարությունը քայլեր արել է, գիտեք, որ կառավարությունն անցած տարվա հունիսին ընդունեց ճանապարհային քարտեզը, Եվրոպայի հետ ունենք կարևոր պայմանագիր՝ ՍԵՊԱ-ն։ 

Բայց ես կառավարությանը կառաջարկեի, որ արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերին ոչ միայն Եվրոպայի կոնտեքստում, այլև ընդհանրապես մի քիչ ավելի ուշադիր լինեին։ Ես տեսնում եմ, որ արտաքին աշխարհի հետ աշխատանքը ինքնահոսի է մատնված, ես չեմ տեսնում, որ նպատակաուղղված քաղաքականություն իրականացվի Եվրոպայի կամ Ռուսաստանի հետ։ 

Գուցե սա կապված է նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում չէ միջազգային հանրության հետ համագործակցությունը։ Ես չեմ ասում որևէ մեկի վրա ակցենտ դնել, հիմա դրա մասին չէ խոսքը, այլ ընդհանուր առմամբ աշխատանքը միջազգային հանրության հետ ակնհայտ երևում է, որ ուշադրության կենտրոնում չէ։

Եվս մեկ հարցի վրա ուշադրություն սևեռեմ, որ պարզ լինի՝ ինչի մասին է խոսքը։ Օրինակ՝ մեկը Ղարաբաղի հարցն է, և այն մեկնաբանությունները, որոնք ես լսում եմ պաշտոնյաներից, ինձ մոտ տպավորություն է, որ մարդիկ չեն էլ զբաղվել, ուշադրություն չեն էլ դարձրել Ղարաբաղի հարցին։ Մյուս օրինակը՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներ մտցրին, և ԱԺ-ն քվեարկեց մի քանի հարցերի հետ կապված՝ ԶԼՄ-ներ, տեղորոշման հետ կապված, ՀԿ-ների օրենքում փոփոխություններ կատարեցին, որով աշխատանքը շատ սահմանափակում են։ 

Սա գալիս է միջազգային հանրության հետ աշխատանքի առումով փորձի պակասից, որ մարդիկ փոփոխություն կատարեցին՝ ոչ մի նպատակ չունենալով այդ երեք ոլորտում ազատությունները սահմանափակել, բայց հուժկու հարված տվեցին ազատություններին։ 

Եվ դա է պատճառը, որ ԵԱՀԿ-ից սկսած, Եվրախորհուրդ, «Ֆրիդոմ Հաուս»՝ բոլորը այդ հարցերին անդրադարձան վերջին մեկ ամսվա մեջ տարբեր կոնտեքստում և անդրադարձան թերություններին և քննադատեցին Հայաստանը։ Եվ սա նշանակում է, որ դու չես էլ փորձում ուշադրություն դարձնել, երբ ընդունում ես օրենսդրական ակտ, դա արդյոք հակասո՞ւմ է քո ստանձնած պարտավորություններին, թե՞ ոչ։ Իշխանությունները որևէ սահմանափակում չդրեցին մամուլի վրա, բայց այնքան մեծ աղմուկ բարձրացավ։ Արտաքին քաղաքականության ոլորտի հետ կապված, ինչքան ես հասկանում եմ, ուշադրության կենտրոնում չէ։

– Հայ-ռուսական հարաբերություննե՞րն էլ ուշադրության կենտրոնում չեն։

– Եվ ոչ էլ հայ-ռուսական հարաբերություններն են իշխանության ուշադրության կենտրոնում։ Ուշադրության կենտրոնում ասելով նկատի ունեմ պետք է խորանաս, համապատասխան մարդկանց ներգրավես, որոնք հասկանում են այդ հարցերից։ 

Այսպիսով, արտաքին քաղաքականության ոլորտում առաջին հերթին ընդհանուր գիծ չեմ տեսնում, հասկանալի է, որ նոր կառավարություն է, խմորումներ են գնում, մինչև հստակ դիրքորոշումներ ձևավորվեն, դրա համար չեմ քննադատում, բայց ես ասում եմ, որ արտաքին քաղաքականության ոլորտում մենք պրոբլեմներ ունենք, չկա պրոֆեսիոնալ աշխատանք, նույնիսկ քննադատությունները կամ բացատրությունները Լավրովի ելույթին, ես հասկացել եմ, որ չորս բանաձևերը չեն էլ կարդացել, կարդացեք՝ նոր խոսեք։ Ես տեսնում եմ, որ կառավարությունը փորձում է աշխատել, բայց, կարծում եմ, որ դիտողություն պետք է անել, որ ավելի հավաքված լինեն։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am