«Սեփական շահերի մասին գաղափար չունենալը մեզ անընդհատ հանգեցնելու է նորանոր դժբախտությունների». Սուրեն Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, տեղի ունեցավ սգո երթ դեպի «Եռաբլուր»: Մենք տեսնում ենք, որ մի կողմից հանրահավաքներ են տեղի ունենում վարչապետի հրաժարականի պահանջով, մյուս կողմից՝ վարչապետի աջակիցներն են հավաքվել: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը: 

– Այն ժամանակը, որ քաղաքական ուժերն իրենց բոլոր ջանքերն ուղղում են քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը, կտրում են ապագայի սոցիալական, տնտեսական և ժողովրդագրական ճգնաժամերի կանխարգելման կամ մեղմման աշխատանքից։

Քաղաքական իրավիճակը կկայունանա, բայց հետո մենք կառերեսվենք ավելի մեծ մարտահրավերների հետ։ Սա առաջին հերթին վերաբերում է կառավարող ուժին։

Այնպիսի տպավորություն է, որ պետական կառավարման համակարգը կանգ է առել։ Պետք է լուռ ու անդուլ աշխատել, որ վերականգնվի պետական մեքենայի գործունակությունը։ Այդպիսի աշխատանք դեռևս չի նշմարվում։

– Կա տեսակետ, որ կառավարող ուժը պետք է գնա արտահերթ ընտրությունների, քանի որ չունի իր հանդեպ հանրության նախկին վստահությունը, սակայն 16 ուժերը չեն ուզում լսել արտահերթ ընտրությունների մասին: Ո՞րն է ձեր մոտեցումն այս հարցում։

– Սա քաղաքական փակուղի է։ Այո՛, ներկայիս խորհրդարանը այլևս նույնչափ չի ներկայացնում ժողովրդի տրամադրությունները, ինչպես 1 տարի կամ նույնիսկ 2-3 ամիս առաջ։

Լավ կլիներ, որ խորհրդարանում ուժերի բաշխվածությունը մոտեցնեինք քաղաքական իրողություններին, որպեսզի նրա կայացրած որոշումները լեգիտիմության բավարար պաշար ունենային։

Սա առավել ևս կարևոր է, երբ վարչապետն իր ուղերձում խոսեց Արցախի և Հայաստանի շուրջ տեղի ունեցողի մասին ինչ-որ եռակողմ համաձայնագրի մշակման գործընթացի մասին։

Այդպիսի համաձայնագիրը մեծ հուզումների առիթ կարող է հանդիսանալ։ Միաժամանակ, հիմա արտահերթ ընտրություն անցկացնելը ողջամիտ չէր լինի, որովհետև հենց ընտրությունը ներկայիս պայմաններում ադեկվատ լինել չի կարող։

Ներկայիս վիճակում ընտրարշավ իրականացնել և ծրագրային ընտրության հույս ունենալ՝ ողջամիտ չէ։ Մենք մեկ անգամ արդեն բախվել ենք այն բանին, երբ էմոցիոնալ որոշակի ֆոնի վրա անցկացված ընտրություններում Ազգային ժողովի սահմանադրական մեծամասնությունը հայտնվեց մի ուժի տնօրինության տակ, ինչը պարբերաբար քաղաքական ճգնաժամերի հանգեցրեց և գործընթացները դուրս բերեց Ազգային ժողովից։ Նույն սխալը երկրորդ անգամ կրկնել չի կարելի։

– Ինչպե՞ս եք գնահատում պնդումը, որ թե՛ իշխանությունը, թե՛ հրապարակում հավաքված ուժերը ռուսամետ են, և մենք այսօր իրական այլընտրանք չունենք: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ այլընտրանքի ձևավորումը, և ի՞նչ դերակատարում այդտեղ կարող է ունենալ ձեր քաղաքական ուժը:

– Ձեր հարցադրումը ենթադրում է, որ կան ռուսամետ ուժեր, և անպայման պետք է լինեն արևմտամետ ուժեր, որ ժողովուրդը հիմնավորապես բաժանվի ու խրամատավորվի։

Այնինչ, կարծում եմ, մեզ հիմա ոչ թե արտաքին բևեռների միջև դիրքավորվել, նրանց միջև ընտրություն կատարել է պետք, այլ ձևակերպել հայկական պետական շահերը և բոլոր գործողությունները բխեցնել այն լավագույնս սպասարկելու տրամաբանությունից։

Այդ ճանապարհն է ընկած «Քաղաքացու որոշում» կուսակցության ծրագրի հիմքում։ Արտաքին խաղացողների հետ հարաբերությունները պետք է հիմքում ունենան հայկական պետական շահը և միջազգային գործող իրավունքը։

Հայաստանը պետք է հստակեցնի իր իրավունքների և պատասխանատվության շրջանակը և անհրաժեշտության դեպքում կարողանա ի՛ր տիրույթում պաշտպանել իր իրավունքները։

Պետք է համագործակցել բոլորի հետ, ում շահերը համընկնում են հայկական շահերի հետ, իսկ մյուսների դեպքում աշխատել այդ շահերը համադրելու ուղղությամբ։ 

Այն, ինչ այսօր խոսվում է հրապարակային դաշտում, քիչ հույս է տալիս, որ մենք դա կարող ենք անել ինստիտուցիոնալ մակարդակում։

Անցած տասնամյակներին մենք չենք ստեղծել անհրաժեշտ կենտրոնները, որոնք կարող են հանրությանը մատուցել աշխարհում տեղի ունեցողի քաղաքական համատեքստը։

Այդ պատճառով էլ գնահատականները խիստ մակերեսային են, ու ակնհայտ է, որ հայ հանրությունը անորոշ գնահատականների պատճառով ապակողմնորոշված է ու անտեղյակ, թե ի՛նչ է իրեն սպասում մի շաբաթ, երեք ամիս կամ 2 տարի անց, թե ո՛ր ուղղությամբ է պետք շարժվել, որ Հայաստանի շահերը լավագույնս սպասարկված լինեն։

Վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, որ այդպիսի պետական կենտրոններ էլ չկան, որ կարող են ստացված տեղեկատվությունը պատշաճ վերլուծել և արդյունքները մատուցել հանրությանը, դրանք դնել պետական կառավարման հիմքում։

Աշխարհում տեղի են ունենում էական փոփոխություններ, որոնց հետևանք էր նաև արցախյան պատերազմը, որը որպես հարմար առիթ օգտագործվեց նաև այլ, աշխարհի համար ավելի էական խնդիրներ լուծելու համար։

Միջազգային հարաբերություններում մանր ու խոշոր դերակատարների գործողությունների, քայլերի, դրանց շարժառիթների մասին այդ պրիմիտիվ, մակերեսային գնահատականները մեզ անընդհատ հանգեցնելու են այս կամ այն իրավիճակում սխալ ընտրության։

Սեփական շահերի մասին գաղափար չունենալը մեզ անընդհատ հանգեցնելու է նորանոր դժբախտությունների։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր հրաժարականի պահանջը «էլիտար բունտ» է, որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է։ Այսպես կոչված էլիտար բունտի կողմնակիցներն էլ հասարակությանն ասում են՝ եթե 16 քաղաքական կուսակցություններին դեմ եք, դե դիմավորեք թուրքին, ա՛յ ժեխ։ Այս դիսկուրսը հասարակության ներսում ինչի՞ կհանգեցնի։

– Ինչո՞վ են փողոց դուրս եկածների պարագլուխները էլիտա։ Նրանով, որ մյուսներին ունեզրկել են, իսկ իրենք՝ հարստացե՞լ։ Որ, իրենց բնորոշմամբ՝ ժեխին՝ ժողովրդին, զրկել են կրթություն ստանալու տարրական իրավունքից ու հիմա ծաղրո՞ւմ են։

Որ ամայացրել են քաղաքական դաշտը, որպեսզի իրենց նմանները մնան որպես միակն ու անկրկնելի՞ն։ Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչով են նրանք էլիտա։ Թերևս միայն կեղծարարության էլիտա կարելի է համարել։

Չեմ հասկանում, թե Նիկոլ Փաշինյանն ինչի մասին է ասել։ Գուցե էլիտաների մասին նրա պատկերացումներն էլ շատ չեն տարբերվում էլիտարների պատկերացումներից։

Աչքովս գրառումներ են ընկնում, որտեղ էլիտարները համաձայնում էին վարչապետի ասածի հետ՝ վկայաբերելով ցուցարարների կոկիկ ու թանկարժեք հագուկապը, «անլվա բոմժ» չլինելը։

Ցավալի է, որ հանրային խոսույթը և մտածողությունը ձեր նկարագրած աստիճանի դեգրադացված են։ Նման մտածողություն ունեցող մարդիկ ո՞նց կարող են մտածել համերաշխության և Հայաստանի լավագույն շահը սպասարկելու մասին։

Մանե Հարությունյան

MediaLab.am