Առանցքային խնդիրն այսօր հասարակական համերաշխության մթնոլորտի ձևավորումն է. Աղասի Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

– Պարո՛ ն Թադևոսյան, հեղափոխությունից անցել է երկու տարի։ Եթե ամփոփենք այս երկու տարիների աշխատանքը, ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ հույսեր ու հիասթափություններ ունեցաք այս տարիներին: Ի՞նչ դեռ չի հաջողվել հեղափոխական իշխանությանը։

– Հասարակության մեծամասնության ամենամեծ ակնկալիքն այն էր, որ պետք է նոր իշխանությունը փոխեր հասարակության կյանքի որակը։ Բոլորն էլ հասկանում են, որ դա շատ արագ տեղի չի ունենա, բայց մարդիկ ուզում են տեսնել որակական նոր փոփոխությունների տանող կոնկրետ քայլեր։ Մինչ այժմ տեղի են ունեցել մասնակի, որոշ դրական փոփոխություններ: 

Դրանք հիմնականում կապված են պետական հաստատություններում համակարգային կոռուպցիայի հաղթահարմանն ուղղված քայլերի հետ: Սակայն, դեպի զարգացումն ուղղված հստակ ինստիտուցիոնալ մեխանիզմներ ու գործողություններ, որոնք այսօր արդեն միտումների ձևավորման նախանշաններ կցուցեին, ցավոք, նկատելի չեն: 

Չկան այնպիսի սկզբունքային փոփոխություններ, որոնք ուղղված են երկրի տնտեսական զարգացման նոր կոնցեպցիայի կյանքի կոչմանը, այնպիսիք, որոնք տնտեսության ոլորտում գործող բոլոր սուբյեկտները, հատկապես փոքր և միջին բիզնեսով զբաղվողները, իրենց վրա շոշափելիորեն կզգային դրա ազդեցությունը: Այսինքն՝ նրանք չեն զգում, որ հարկային օրենսդրությունը կամ պետական քաղաքականությունը բիզնեսի հանդեպ հիմա այնպիսին է, որ որակապես նոր պայմաններ է ստեղծել ձեռներեցության ոլորտում:

Մյուս ամենակարևոր բանը, որ մարդիկ չեն զգում, ռազմավարական ծրագրման բացակայությունն է: Ամեն ինչ շատ ավելի իրավիճակային բնույթ ունի, քան ռազմավարական ու դրանից բխող մարտավարական:

– Թե ներքաղաքական և թե արտաքին քաղաքականության ոլորտնե՞րը նկատի ունեք։

– Հիմնականում ներքաղաքական, որովհետև մարդիկ երբ հեղափոխություն արեցին, առաջնորդվեցին ներքաղաքական դրդապատճառներով և ոչ այդքան արտաքին քաղաքական։ Այսինքն՝ մեր արտաքին քաղաքական հիմնական խնդիրը կապված է Արցախի հարցի հետ, որը հեղափոխության ժամանակ առաջին պլանում չի եղել։ Եվ մարդիկ էլ երկու տարի առաջ այդ խնդրի հետ կապված չէր, որ դուրս եկան փողոց։

Այսինքն՝ մարդիկ դուրս եկան փողոց, որովհետև դժգոհ էին ներքաղաքական, ներհասարակական, ներտնտեսական իրավիճակներից, և նրանց բոլոր ակնկալիքները կապված էին երկրի ներսում դրական զարգացումների ձևավորման հետ։

Ցավոք սրտի, այսօրվա իշխանությունները կենտրոնացած են, այսպես ասած, նախկինների գողացած փողերը հետ բերելու խնդրի վրա, և իշխանության էներգիան մեծ մասամբ գնում է այդ ուղղությամբ: Նման մեծ կենտրոնացումը այդ խնդրի վրա, իմ կարծիքով, բացասաբար է անդրադառնում ընդհանրապես երկրի զարգացման գործընթացների վրա։ Իհարկե, հասարակության մեջ կա ինչ-որ մի խավ, որի համար նախկինների փողերը հետ բերելը զգացմունքային առումով կարևոր խնդիր է համարվում, բայց բնակչության ռացիոնալ դատող, խելամիտ հատվածի համար առաջնային խնդիրը երկրի զարգացումն է։

Իշխանությունը պետք է լրջորեն մտածի երկրի զարգացման գերակայությունների ու իր առաջնահերթ անելիքների մասին: Թող զբաղվեն գողացված փողերի հետ վերադարձման հարցերով, բայց առանց պոպուլիզմի:

Պետք չէ առանց դատաիրավական համակարգը խելքի բերելու՝ նախկին պաշտոնյաներին անընդհատ բռնել ու բաց թողնել: Այսինքն՝ ինչ ուզում են թող անեն, բայց թող այդ մասին այդքան չխոսեն ու չթմբկահարեն: Եվ թող չսնեն մեզ այդ տիպի տեղեկատվությամբ, այլ զբաղվեն երկրի զարգացման խնդիրներով։ Թող այդ հարցով զբաղվեն զարգացման խնդիրների կոնտեքստում և ածանցեն դա զարգացման խնդիրներին։

Շատերը նշում են, որ հեղափոխությունից հետո պետք է իրականացվեին դատաիրավական բարեփոխումները, անցումային արդարադատությունը, և քանի դեռ դրանք չեն իրականացվել, հեղափոխությունն ամբողջականացված չէ։ Համամի՞տ եք։

– Մարդկանց համար կարևոր է ոչ թե հեղափոխությունն ամբողջության մեջ տեսնել և զգալ, այլ կարևոր է իրենց կյանքի փոփոխությունը։ Մենք մարդկանց չենք բերել իշխանության, որ կառավարելու փոխարեն զբաղվեն հեղափոխականությամբ: Հիմա գործընթացները հեղափոխական կլինեն, թե ոչ՝ երկրորդական խնդիր է։

Այն խնդիրները, որոնք պետք է զարգացում տանեն, պետք է լուծվեն հեղափոխականորե՞ն, թող հեղափոխականորեն լուծվեն, բայց չպետք է անընդհատ պետական կյանքը դարձնել հեղափոխություն։ Մեզ հետաքրքիր չէ հեղափոխությունը, հեղափոխությունը մի անգամ արեցինք, հիմա արդեն ժամանակն է արդյունավետ կառավարում իրականացնելու։ Դրա համար պետք է ստեղծել գործուն մեխանիզմներ և աշխատեցնել դրանք։

– Սա նաև կադրերի խնդիր է, որ քիչ են կամ գրեթե չկան։

– Կադրերի ընտրության խնդիրը չի լուծվում, որովհետև դարձյալ այս իշխանությունը անցած երկու տարում ընտրության գործուն մեխանիզմներ չի ձևավորել: Այն մեխանիզմները, որոնք գործում են՝ անձնական ճանաչողության կամ «հեղափոխական» անցյալ ունենալու սկզբունքով, չեն ապահովում հասարակության մարդկային ողջ կարող պոտենցիալի ներգրավումը։ Այսինքն՝ ամեն տեղ մեխանիզմների անկատարությունն է, որը բերում է զարգացման գործընթացների դանդաղման։

– Տեսակետ կա, որ ամբողջ կառավարման համակարգը մեկ մարդու ուսերին է դրված՝ Նիկոլ Փաշինյանի։ 

– Սա տեսակետ չէ, սա այն իրականությունն է, որին մենք ցավալիորեն առերեսվում ենք։ Եվ ընդհուպ մինչև այն աստիճանի է կենտրոնացված կառավարումը, որ, ասենք, մի ծերուկի հարցը, որ այցելել էր Եղեռնի զոհերի հուշահամալիր, ըստ տարածված լուրերի՝ վարչապետի հանձնարարությամբ է լուծվում։

Սա ընդամենը ոստիկանական ջոկատի հրամանատարի լիազորության հարց է, որ տեղում պետք էր արագ կազմակերպվեր։ Այսինքն՝ մեկ մարդու որոշումից կախվածության վիճակ կա, որը նկատելի է ոչ միայն գործադիր ոլորտում, այլև՝ պառլամենտական մեծամասնության գործունեության մեջ։ Մի տեսակ օդում կախված զգուշավորության ու նույնիսկ վախվորածության վիճակ կա, որը բացասաբար է ազդում ընդհանուր մթնոլորտի վրա։ 

– Վախերն ինչո՞վ են պայմանավորված։

– Չեմ կարող ասել, սակայն այնպիսի տպավորություն է, որ մարդիկ անվստահ են զգում որոշումներ կայացնելու հարցում, և թվում է, թե բոլորը սպասում են առաջնորդի խոսքին:

Սա բնական է հեղափոխական իրավիճակների համար, սակայն կարծում եմ՝ արդեն ժամանակն է դուրս գալ հեղափոխական վիճակից ու առաջնայնությունը տալ պետական զարգացման ու դրան ուղղված կառավարման մեխանիզմների ձևավորման խնդիրներին:

Ընդհանրապես, առանցքային խնդիրն այսօր հասարակական համերաշխության մթնոլորտի ձևավորումն է: Մենք պետք է գտնենք ուղիներ՝ հասարակության բոլոր կարող ուժերին մեր պետության զարգացման գործին մասնակից դարձնելու համար: Իսկ այդ կարևոր խնդրի պատասխանատուն օրվա իշխանություններն են: 

Մանե Հարությունյան

MediaLab.am