Ադրբեջանցու սպանության համար ցմահ դատապարտված հայ ազատամարտիկի, բանտերի ու բարեփոխումների մասին. Մհեր Ենոքյան

Ստորեւ ներկայացնում ենք ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի նոր հոդվածը: Մհեր Ենոքյանին շատերը արդեն տեւական ժամանակ է ճանաչում են ի շնորհիվ «Նուբարաշենի կլոր գերեզմանոցից» գրած նրա անկեղծ, հուզիչ նամակների, իրավաշտպանների ու հասարակական գործիչների եւ հասարակ քաղաքացիների ստացած աջակցության:
«Հոդվածս բոլորովին այլ կերպ պիտի սկսեի, պիտի գրեի իմ գործի Չվերաբացման մասին: Բայց առաջնահերթությունն այսօր այլ է: Սաֆարովի հայրենիք վերադարձը ցնցեց մեզ բոլորիս վերևից ներքև կամ հակառակը` ինչպես կուզեք: Հիմա բոլորն են մտածում, գրում ու խոսում այդ մասին: Ու հարցը բոլորովին համեմատության մեջ չէ, չեմ էլ ցանկանում եզրեր գտնել: Իրականացվեց ոչ թե Արդարադատություն, այլ քաղաքականություն: Սա հնչած տեսակետներից մեկն է, համամիտ եմ: Կուզեի մերոնք էլ մեկ-մեկ գոնե քաղաքականություն իրականացնեին, երբ խոսքն իրենց քաղաքացուն է վերաբերում: Մեր բանտերը լի են քավության նոխազներով, չափազանցված ու սխալ պատիժ կրողներով, զինվորներով, ազատամարտիկներով:

Ուզում եմ Ձեզ պատմել Սողոմոն Քոչարյանի մասին, ով որպես հետախույզ մասնակցել է Շուռնուխի մարտերին, երկու անգամ վիրավորվել ռազմի դաշտում, նորից վերադարձել ու կռվել ադրբեջանցիների դեմ: 1995 թ-ին մեղադրվել է Իրանի քաղաքացի Միրզաբեկ անունով ազգությամբ ադրբեջանցու սպանության մեջ: Դատապարտվել է մահապատժի /այժմ ցմահ ազատազրկում/: Փորձում եմ լակոնիկ ու սթափ գրել, բայց այս չոր տվյալների տողատակում մարդկային իրական ողբերգություն է: Համոզված եմ` նրան մահապատժի են դատապարտել զուտ Իրանին սիրաշահելու նպատակով: Դե՛, պատկերացրեք` 95 թիվ, Իրանից ստացվող մարդասիրական օգնություն… այնինչ Իրանի քաղաքացու քողի տակ ծպտված ադրբեջանցին Երևան-Մեղրի ավտաճանապարհի վրա շարունակում էր պատերազմը մեր` հայերիս հետ: Արդեն 18-րդ տարի է` Սողոմոնը անազատության մեջ է, ունի դուստր, ով արդեն 18 տարեկան է: Սողոմոնի հետ կատարվածի մասին իմ գրքում էլ եմ գրել: Գիտեք նաև, որ երկու անգամ բանտերից փախել ենք միասին, փախչում էի նրա հետ, որովհետև, զգում էի` էությամբ հանցագործ չէ: Նա էլ իմ պես չի ընդունել ու չի ընդունում իրեն վերագրված արարքը: Մենք դուրս ենք գալիս Ողջերի աշխարհ, որպես ակցիաներ` դրսում չկատարելով որևէ զանցանք, փախչում ենք, որ մեր ձայնը լսելի դառնա, ու համակարգը անդրադառնա այս գործերին: Սակայն… քար անտարբերություն: Միթե հուգարա-ադրբեջանական ապտակը բավական չէ, որ այս քար անտարբերությունը գոնե հիմա տեղի տա:

Անտարբերությունն է բոլոր չարիքների ծնողը

Սրանում ես հանոզված եմ, ինչպես գիտեմ` մենք ապրում ենք կլոր գնդի վրա, որ Երկիր է կոչվում: Ու հենց անմարդկային-մարդկային անտարբերությունն էլ տեր ու տիրական է դարձել մեր կյանքում: Վերջերս լրատվամիջոցներից տեղեկացա, որ Ռամադանի տոնի առթիվ Իրանի հոգևոր առաջնորդը “հեղափոխական” համաներում է հայտարարել: Իսլամական Իրանն առաջին անգամ ներել է ծանր հանացագործությունների մեջ մեղադրվածներին, ցմահ դատապարտյալներին` բացառությամբ որոշ դեպքերի, երբ խոսքն ազգային անվտանգությանն է վերաբերել:

Այնինչ աշխարհում Քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ճանաչած Հայաստանն իր անկախության 20 տարիներին որևէ անդրադարձ չի կատարել մահապատժացմահականներին /ինչ էլ բառ ստացվեց…/ Եթե հիմա Ձեզանից մեկը հիշի նախագահ Քոչարյանի “ներումը” /որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման/ ու ասի, որ ներման նախադեպ ունենք, ես էլ մատնացույց կանեմ իմ փաստաբանների կողմից արդեն ՄԻԵԴ գնացող հայցը, որտեղ վիճարկվում է հենց Ռ.Քոչարյանի “ներման” հրամանագրի իրավաչափությունը: Դա ներում չէր, այլ պատժի նշանակում, սա բազմաթիվ փորձագետների կարծիքն է: Ինչևէ, այս գործը թողնենք բանիմաց իրավաբաններին ու սպասենք ԵԴ որոշմանը:

Իմ քրեական գործի Չվերաբացման մասին

Հուլիսի 20-ին տպագրվեց իմ հերթական հոդվածը “Ողբերգության իրական դրդապատճառի մասին գիտեն բոլորը” վերանգրով http://www.lragir.am/armsrc/right68685.html3: Հոդվածում վեր հանված հանգամանքներն իմ փաստաբանի կողմից ներկայացվել էին ՀՀ Գլխավոր դատախազություն: Բացի այդ, իմ շահերի ներկայացուցիչը 1996 թ-ի ողբերգական դեպքից 16 տարի անց քրեական գործում հայտնաբերել էր քննչական գործողությունների կեղծիքները բացահայտող ապացույցներ: Մասնավորապես, իրեղեն ապացույցների գրանցման ժամանակ փաստաթղթերի տակ դրված էին հորինված ընթերականների ստորագրություններ: Ձեռք բերված բոլոր նոր հանգամանքները`ապացույցներով ներկայացվեցին Վճռաբեկ դատարան, ապա և Գլխավոր դատախազություն: Եվ… պատկերացնում եք` դրանք բավարար հիմք չհամարվեցին գործի վերաբացման համար: Մինչդեռ չեմ դադարի կրկնել, որ 17 տարի առաջ գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի քառակի անգամ փոփոխված ցուցմունքներից վերջինն է հիմք դարձել ինձ մահապատժի դատապարտելու համար: Մեկ ցուցմունք, և ոչ մի ծանրակշիռ, անհերքելի ապացույց: Այնինչ գործի վերանայման խնդրանքով իմ ընտանիքի ու իմ բոլոր դիմումների պատասխանները ստացվում էին հենց դատախազությունից, թե անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ: Դրանք ներկայացվեցին, բայց գործի վերաբացում տեղի չունեցավ: Դատական համակարգը, զույգ ոտքը մեկ կոշիկի մեջ դրած, բացառում է դատական սխալի հավանականությունը: Իսկ այն ընդունելը ոչ թե իրավաբանության, այլ կամքի ու մտածողության հարց է:

Անցած օրը ռադիոյով լսում էի 27 տարի ամերիկյան բանտում անցկացրած ու իր գործի վերաբացման համար պայքարող մի մարդու մասին, ով արդարացման դատավճռով ազատություն ստացավ ԱՄՆ-ում: ԴՆԹ թեսթը ցույց տվեց, որ ամերիկյան արդարադատությունը 27 տարի առաջ սխալվել էր: Իսկ Դուք ասում եք`չի կարող պատահել:

Ռադիոյով լսեցի նաև փաստաբանների պալատի պատվավոր անդամ Ռուբեն Ռշտունուն, ով հայտարարեց` մեր` հայաստանյան բանտերում մարդկանց 1/3-ը սխալ դատված են. կամ չափազանցված պատիժ են կրում կամ անմեղ են: Սա պրոֆեսիոնալի տեսակետ է: Ես նույնը ներսից եմ տեսնում: Իսկ ներսում դեռ պայքարել է պետք…

Բանտում չչարանալն արդեն ձեռքբերում է

Հարազատներս միշտ փորձում են ժամանակակից աշխարհի հետ ինձ համընթաց պահել, ուղարկում են ամսագրեր, մամուլից քաղվածքներ: Հրապարակումներից մեկում կարդացի բրիտանական բանտի վերականգնողական ծրագրերի մասին: Առաջին զգացողությունս` հիացմունք գումարած զարմանք: Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվածները ունեն համակարգիչներ, աշխատում են, սովորում` գումար կուտակում իրենց հաշվեհամարներին, որպեսզի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դեպքում ֆինանսական անկախություն ունենան, ունեն նույնիսկ երկարատև արձակուրդների համակարգ, ռեժիմների փոփոխման լավ մշակված ծրագիր:

Իսկ հիմա Հայաստան: Օրեր առաջ նամակ գրեցի ԱՆ Հրայր Թովմասյանին` խնդրելով առանց ինտերնետի հնարավորության համակարգիչ թույլատրել, քանի որ խմբագրում ու լրացնում եմ իմ երկրորդ գիրքը: Սակայն պատասխան ստացա, որտեղ նշված էր. “Կալանավորված անձանց և դատապարտյալներին չի թույլատրվում օգտվել համակարգչից”: Մինչդեռ լուրերով ճոխ-ճոխ ցույց են տալիս, որ այսինչ ՔԿՀ-ում բացվել է համակարգչային լսարան: Ստացվում է, որ այս ամենը բուտաֆորիա՞ է:

Ինչ վերաբերում է ուսմանը, ապա գրել եմ, որ պատանեկան տարիներից երազել եմ իրավաբանի մասնագիտության մասին: Երբեք ուշ չէ սովորել, սակայն առանց մեկ դրամ աշխատելու ցմահ դատապարտված անձը ինչպե՞ս կարող է բուհում սովորել: Դարձյալ գրեցի Արդարադատության նախարարություն` առաջարկելով որևէ դոնոր կազմակերպության հետ մշակել համատեղ ծրագիր, որպեսզի տասնհինգ տարի պատիժը կրող, հետևաբար հինգ տարի անց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորություն ունեցող ցմահ դատապարտյալների համար զեղչային պայմաններով ուսումնառության հնարավորություն ստեղծվի: Սակայն պատասխանը հետևյալն էր. “ԱՆ բավարար ֆինանսական միջոցներ չունի նման ծրագիր իրականացնելու համար”: Մեկ օր էլ չէր անցել` իմացա, որ ԵՄ-ն դատաիրավական բարեփոխումների ծրագրի համար հատկացրել է 60 մլն դոլար: Հետաքրքիր է` դատապարտյալների վերականգնողական ծրագրերի իրականացման համար գումարներ կգտնվե՞ն այդ 60 մլն-ից…

“Նուբարաշենի” բանտից` Մհեր Ենոքյան

Հ.Գ. Հիմա ես մենակ չեմ, տեսնում եմ, որ քաղաքացիական հասարակությունը, անտարբերությանը ո՛չ ասող մարդիկ համախմբվում են մեր հասարակությանը հուզող հարցերի շուրջ: Կա արդարության պահանջ: Ու միասին, վստահ եմ, շատ անելիք կա մինչև, որ Մարդը Մարդու նկատմամբ անտարբեր չմնա»:

© Medialab.am