«Երկու լուծումն էլ հանգեցնելու է սոցիալական դժգոհությունների, բայց քիչ հավանական եմ համարում, որ մեծամասշտաբ սոցիալական բունտեր կլինեն». Տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը

– Պարոն Ֆանյան, Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ որի՝ այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսությունում անկումը կազմել է 17.2 տոկոս: Ի՞նչ է կատարվում տնտեսությունում:

 – Երբ մարտի 24-ից դրվեց տնտեսական սահմանափակումների հարցը, բնական էր, որ դա պետք է հանգեցներ տնտեսական անկման: Եվ, ըստ էության, մենք ականատես ենք լինում տնտեսական անկման, դա այս պարագայում բնական գործընթաց է ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր երկրներում:

Ի՞նչ կանխատեսումներ ունեք տարվա համար, որքա՞ն նվազում է սպասվում:

– ACSES կենտրոնը 16 տնտեսագետների ներգրավմամբ կանխատեսումներ էր արել, ըստ որի՝ 3.8 տոկոս էր կազմելու տնտեսական ակտիվության նվազումը: Դա առանձին կանխատեսում էր, բայց մենք ապրիլի կեսերին կանխատեսել էինք 2.3 տոկոս անկում: 

Սակայն արդեն այդ կանխատեսումն այնքան էլ արդիական չէ՝ հաշվի առնելով, որ վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության բավական լուրջ թվեր են գրանցվել: Եվ ռիսկ կա, որ տնտեսությունում նոր սահմանափակումներ կմտցվեն, ինչն անմիջականորեն կազդի կանխատեսումների թվի վրա: 

Միջազգային կազմակերպություններից ամենավերջին կանխատեսումն իրականացրել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ըստ որի՝ 3.5 տոկոս անկում է սպասվում: Դրանից առաջ ֆինանսների նախարարը հայտարարեց, որ խոսքը 2 տոկոս անկման մասին է: Այսօր, քանի որ իրավիճակն անորոշ է, ես ինքս կդժվարանամ կոնկրետ թիվ հստակեցնել:

Այս փուլում հնարավո՞ր է գնահատել՝ Կառավարության աջակցության ծրագրերը որքանով մեղմեցին տնտեսությունում առկա ճգնաժամը:

– Իրականում քանի որ գործընթացը շարունակվում է, կարծում եմ՝ այսքանով չեն սահմանափակվի, նույն ֆինանսների նախարարը հայտարարեց, որ կա լրացուցիչ գումարներ ներգրավելու անհրաժեշտություն: Այսինքն՝ որոշակի փոխառու միջոցներ են ներգրավվում միջազգային կառույցներից, երբ այդ միջոցները լինեն, պետությունն արդեն այլ ծրագրեր էլ կնախաձեռնի:

Ինչ-որ քայլ բավարար կամ անբավարար գնահատելու համար պետք է հասկանալ, թե ինչքան են մեր սպասումները և ինչքան՝ պետության հնարավորությունները: Հայտարարվել է, որ 150 մլրդ դրամ պետք է լինի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման փաթեթի մեծությունը: 

Դա բավարար չէ, սակայն քանի որ ճգնաժամը տևում է որոշակի ժամանակահատված, մենք հասկանում ենք, որ պարզ չէ, թե երբ կավարտվի, մյուս կողմից հասկանում ենք՝ պետության հնարավորություններն անսահմանափակ չեն: 

Հետևաբար, պետությունն ինքը պետք է որոշակի հասկանա՝ իր ամբողջ ուժերը ներդնի՞, թե՞ որոշ մասը պահի ավելի ուշ ժամանակահատվածի համար: 

Մենք չգիտենք, թե քանի ալիքով կլինի այս բռնկումը, աշնանը կլինի՞ հերթական ալիքը, թե՞ ոչ: Ես կարող եմ հստակ ասել,որ 300 մլն դոլարը բավարար չէ, բայց թե երբ ու ինչքան պետք է դա ավելացվի, կապված է տնտեսության հնարավորությունների հետ:

– Սոցիալական լարվածության, բունտի հարցն է բարձրացվում: Այն դեպքում, երբ հնարավոր է առաջիկայում դարձյալ տնտեսությունում սահմանափակումներ լինեն, սոցիալական լարվածությունը կմեծանա՞:

 – Իրականում մեր հասարակության կարծիքները նույն սահմանափակումների վերաբերյալ երկու մասի են բաժանվել: Մի մասը կարծում է, որ սահմանափակումները պետք է շտապ վերացնել, մյուսը կարծում է, որ պետք է լինեն: 

Ասում են՝ հարսանյաց սրահների աշխատանքը պետք է թույլատրել, հիմա թույլատրե՞լ, թե՞ չթույլատրել: Եթե թույլատրում ենք, այո, մարդիկ բիզնեսը զարգացնում են, աշխատողներն աշխատավարձ են ստանում և այլն: 

Բայց դա իր հետևից հանգեցնում է համաճարակային իրավիճակի վատթարացման, որը կարող է իր հետևից հանգեցնել զոհերի թվի ավելացման: Հիմա կշեռքի մի նժարին հանրային առողջությունն է, մյուս նժարին՝ բարեկեցությունը, երկրի տնտեսական աճը: Եվ այս հարցում խելամիտ պետք է գտնվել, քաղաքական որոշումները պետք է լինեն բալանսավորված: 

Երկու լուծումն էլ հանգեցնելու են որոշակի սոցիալական դժգոհությունների, բայց ես շատ քիչ եմ հավանական համարում, որ մեծամասշտաբ սոցիալական բունտեր կլինեն: 

Բնականաբար, որոշակի լարվածություն կլինի: Զուտ միայն հոգեբանական առումով էլ լարվածություն կլինի, մարդկանց կենսաձևը փոխվել է, մարդիկ սովոր էին աշխատանքի գնալ, հիմա այդ ֆորմատից դուրս են եկել: Տանը մնալով՝ մարդ արդեն որոշակի սթրեսային վիճակի է ենթարկվում, հիմա դա պետք է համարել սոցիալական բո՞ւնտ, թե՞ ոչ՝ արդեն մեկնաբանության հարց է:

– Զբոսաշրջային ու հանրային սննդի ոլորտի գործարարները շարունակում են պնդել, որ կառավարությունը պետք է հարկային ու վարկային արձակուրդներ տա իրենց, հակառակ դեպքում ոլորտները փլուզվում են: Արդյոք Կառավարությունը հնարավորություն ունի՞ նման քայլի դիմելու:

– Երբ ուսումնասիրում ենք տարբեր երկրների փորձը, որտեղ զբոսաշրջությունը մեծ մասնաբաժին ունի, գործիքակազմի առումով հնարավորությունները շատ են: Օրինակ՝ շատերն ասում են՝ ԱՄՆ-ում յուրաքանչյուրին 1200 դոլարի չափով գումար է բաժանվել, եկեք այստեղ էլ բաժանենք: Բայց ես կարծում եմ՝ այդ մոտեցումներն այդքան էլ ճիշտ չեն: 

Հստակ պետք է ուսումնասիրվի, տնտեսավարողների իրավիճակը հասկանալու ու կոնկրետ լուծումներ առաջարկելու համար ավելի խոր ուսումնասիրություններ պետք է իրականացվեն: 

Բայց եթե խոսում ենք զբոսաշրջության մասին, ես վստահ եմ, որ շատերն այսօր շանս չունեն արտերկիր մեկնելու՝ որպես զբոսաշրջիկ, այդ գումարը ծախսելու են Հայաստանում՝ ներքին տուրիզմի զարգացման համար:

Ես կարծում եմ՝ Կառավարությունն առաջիկայում չի սահմանափակվի եղած միջոցառումներով: Հիմա սննդի օբյեկտների գործունեությունը թույլատրվում է, բայց պարզ է, որ այդ մարդկանց եկամուտներն էականորեն կրճատվել են: Հետևաբար ինչ-որ աջակցության մեխանիզմ պետք կիրառվի, իսկ թե ինչ տեսքով, դա արդեն ավելի խոր ուսումնասիրության արդյունքում պետք է որոշվի:

– Կառավարության անդամներն ասում են, որ այս ճգաժամից հետո տնտեսության վերականգնումն ավելի արագ ու մեծ թափով կարող է տեղի ունենալ: Դուք ի՞նչ կանխատեսում ունեք:

– Կախված է համաճարակային իրավիճակից: Դա այն հարցերի հարցն է, որը բոլորին հուզում է, թե այս համաճարակային իրավիճակը ե՞րբ կավարտվի, և կլինի՞ արդյոք աշնանը երկրորդ ալիք, թե՞ ոչ: Այս պահին շատ անորոշ է իրավիճակը, կոնկրետ կանխատեսում դժվար է անել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am