«Իշխանության թուլության մասին է խոսում, որ Ծառուկյանն իրեն թույլ է տալիս այդպիսի հայտարարություններ անել». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը, որը վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում

– Պարո՛ն Մովսիսյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, հեղափոխության երկրորդ փուլն է, և հույս կա՞, որ օլիգարխիան, կեղծիքներն ու ապօրինությունները վերջնականապես պատժվելու են: 

– Հուսանք, որ այդպես է: Ես նայում եմ այս երկու տարվա ընթացքում ընդհանուր միտումը, բաց թողնված հնարավորությունները, երբ շատ բաներ մնացին անկատար: Շատ բաներ չեն արվել, մնացել են ուղղակի ասված խոսքեր: Տեսնենք հիմա՛ ինչ կլինի: 

– Իսկ պատահակա՞ն եք համարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի: Շատերը նշում են, թե նա գիտեր՝ իրեն ի՛նչ է սպասում, դրա համար էր նման հայտարարություն անում, որպեսզի քաղաքական հետապնդման ֆոն ստեղծի:

– Ես չգիտեմ, բայց սովորական ընթացք է, երբ օլիգարխիան փորձում է մտնել քաղաքականություն: Սա առաջին դեպքը չէ: 

Հիշենք, որ նախորդների ժամանակ արդեն եղել էին բախումներ, երբ օլիգարխիան իր ֆինանսական միջոցներով քաղաքականության մեջ է և փորձում է իր շահերն առաջ տանել: Ի վերջո, այսօր ԱԺ-ում ներկայացուցչական մաս կա, որը պատկանում է հենց այդ ֆինանսական կարողություններ ունեցող անձին՝ Գագիկ Ծառուկյանին: 

Դա իմանալով՝ պետք էր սպասել, որ այսպիսի ընթացք կարող էր ունենալ: Այն, որ նախորդների օրոք Ծառուկյանն ասել էր, որ քաղաքականության էջը փակել է, հետո նորից որոշեց բացել, իհարկե այդտեղ գլխավոր պատճառը ազգային շահը չէ, հայրենիքի շահը չէ, այլ անձնական, օլիգարխիկ շահն է: 

Հիմա եթե որոշել էր, որ բացում է էջը, պետք էր սպասել, որ կոշտ հակազդեցություն պետք է ունենա իշխանությունների կողմից: Դա նորմալ է: Բայց նորմալ չէ, երբ ինչ-որ քաղաքական դեմքեր փորձեցին կամ փորձելու են որպես ալյանս միանալ նման օլիգարխիկ ուժերին: 

Ա՛յ էդտեղ արդեն երևում է մեր հայկական քաղաքական իրականության աբսուրդը: Ես չգիտեմ՝ Ծառուկյանը գիտեր, թե չգիտեր իր դեմ հարուցված գործերից, բայց եթե նման հայտարարություններ է անում, հակազդեցություն պետք է սպասեր: 

– Շատերը նշում են, որ իշխանության այս գործողությունները որոշակի առումով ուշացած են, պետք է ավելի վաղ տեղի ունենային: Դուք կիսո՞ւմ եք այդ մոտեցումը:

– Անշուշտ ուշացած է, երկու տարին բավական երկար ժամանակ է քաղաքական գնահատական տալու համար: Իշխանությունն ուներ այդ կարողությունը, ԱԺ մեծամասնությունն իրենն է, և միայն քաղաքական կամքի հարց էր դա անել-չանելը: 

– ՀՀԿ-ն է հայտարարություն տարածել և կոչ արել իշխանություններին անցնցում հրաժարական տալ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Վանեցյանը հայտարարում են նույնը և, հնարավոր է՝ միասնական ճակատով հանդես գան: Իշխանությունն այստեղ մտահոգվելու առիթ ունի՞:

– Չեմ կարծում, թե ունի: Հանրապետականներն ընդհանրապես թերթված էջ են, մնացածներն էլ շատ մանր են, իրենց համակիրների շրջանակով հանդերձ իրենք շատ-շատ փոքրամասնության ձայնն են: 

Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ այս ամեն- ամեն վայրիվերումներով հանդերձ գործող իշխանությունը ժողովրդի մի մեծ, ստվար զանգվածի վստահությունն ունի: Ինչքան էլ կորցրել է այդ վստահությունը, միևնույն է՝ շատ ավելի մեծ է, քան այդ բոլոր ձեր նշածները միասին գումարած: 

Աղմուկը մի քիչ շատ է, բայց իրականության տակ նյութ չկա: Չեմ կարծում, թե նրանք կարող են այսօր իշխանությանը հակադրվել: Այլ բան, որ իշխանությունն ինքը իր համար անբարենպաստ կամ երբեմն ոչ ծանրութեթև արած քայլերով նպաստում է բողոքի ձայնի բարձրացմանը: 

Սրանք էլ օգտվում են դրանից: Քանի որ կորոնավիրուսը շատ երկրների նման Հայաստանն էլ ցնցել է, նրանք օգտագործում են այդ շանսը: Այսինքն՝ հերթական անգամ սա խոսում է ոչ պետական մտածողություն ունենալու մասին: 

Այդ հակազդող ուժերն ուղղակի պահն են օգտագործում շատ նեղ, իշխանության լծակներին մոտ գալու շահի համար: Այստեղ հայրենիքի, երկրի մասին մտածելու մասին չէ խոսքը: Բայց իրենք շանս չունեն ընդհանրապես, ժողովուրդը ներքին զգացողությամբ, հոտառությամբ զգում է, որ այդ ամենը ֆալշ է: 

– Ծառուկյանը հայտարարել է, որ այս անգամ գնալու է մինչև վերջ: Անգամ ասել է՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ:

– Դե լավ, էլի… ասպետի կեցվածք ընդունել պետք չի: Դա էլ է իշխանության թուլության մասին խոսում, որ Ծառուկյանն իրեն թույլ է տալիս այդպիսի հայտարարություններ անել: Եթե այս երկու տարին օգտագործված լիներ, և բոլոր թալանչիներին պատասխանատվության կանչած լինեին, այսօր նման հայտարարությամբ վստահաբար հանդես չէին գա: 

Իշխանության թուլության հետևանքն է, որ նման հայտարարություններ են լինում: Իշխանությունն այս երկու տարվա ընթացքում պետք է փաստեր նախորդների նկատմամբ իր քաղաքական մոտեցումը: 

Խոսքից բացի, լինեին նաև գործողություններ՝ քաղաքական գնահատական տրվեր, վեթինգի հարցը լուծվեր, մի շարք թռած թալանչիների պատասխանատվության ենթարկեր նախքան թռնելը: Չի արվել, դրա համար էլ հիմա այդ շրջանակներից ձայները ավելի ըմբոստ են լսվում: Բայց խոշոր հաշվով այդ ձայների տակ բան չկա: 

– Փաստորեն հակահեղափոխության վտանգ այս փուլում դուք չե՞ք տեսնում:

– Չեմ կարծում, թե այսօր իշխանության հետ մրցակցելու ունակ ուժ կա: Հեղափոխության կամ իշխանափոխության արդյունքում եկած նոր իշխանությանը փոխելու համար ադեկվատ ուժ ուղղակի չկա: Ուժ, որը կկարողանա այսօր իշխանությունը վերցնել, ունենալ ժողովրդի համակրանքը՝ ես այդպիսի ուժ չեմ տեսնում: Դրա համար այս իշխանությունը շարունակելու է գործել, իհարկե, ցանկալի կլիներ՝ սխալները քչացնեին: Եթե չլինի պետական դավադրություն՝ հինգերորդ շարասյան օգտագործմամբ, չեմ պատկերացնում այդպիսի ուժ, որը կարողանա այսօր Հայաստանում ավելի ժողովրդականություն վայելել, քան գործող իշխանությունն է:

– Իսկ ձեր նշած հինգերորդ շարասյունը Հայաստանում նկատելի՞ է:

– Հինգերորդ շարասյունը միշտ կա, քանի դեռ մենք փոքր երկիր ենք և ընկած ենք այս կամ այն ազդեցության տակ: Այս պահին մենք հսկայական տնտեսական առնչություններով կապված ենք կամ մեզ կապել են մեր հարևան Ռուսաստանի հետ, որը վստահաբար իր շահերն ունի Հայաստանում: Եվ իրենք շատ չոր մեթոդներով են առաջ տանում իրենց շահերը: Այդ հինգերորդ շարասյունը, այո, կերակրվում է մեծ մասամբ հենց Ռուսաստանից: Իսկ որ ազդեցությունների շրջանակ կա՝ դա հայտնի է: 

Այդուհանդերձ, դրանք դեռ շատ թույլ են, դեռ ադեկվատ չեն իշխանությունների հետ մրցելու համար: Նույնիսկ նրանց քայլերը վստահություն չեն ներշնչում: Նրանք նաև ակտիվանալու ճիշտ ժամանակը չեն ընտրել: Այն դեպքում, երբ ոչ միայն Հայաստանը, այլև ողջ աշխարհն է խառնված, հայրենիքի փրկության մասին գոռալը այլ կերպ է ընկալվում: 

Հիմա բոլորն են խառնված, ՀՀ իշխանությունն էլ է սխալներ անում բոլորի պես: Այո, ես էլ եմ ասում, որ կորոնավիրուսի հետ կապված իշխանության շատ լուծումներին համաձայն չեմ, բայց դա չի նշանակում, որ հենց դրա համար պետք է իշխանափոխություն անել:

Մանե Հարությունյան

MediaLab.am