«Մի ապուշ Օպելի համար տարեկան 30-40 հազար գույքահարկ է վճարվում, բա եքա տուն ունես, գույքահարկ չմուծե՞ս». Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

Պարո՛ն Դանիելյան, վերջին շրջանում գույքահարկի թանկացման շուրջ քննարկումների ֆոնին ստեղծվեց «բնիկ երևանցիների» նախաձեռնություն, որոնք պահանջում են չթանկացնել իրենց գույքահարկը։ Ովքե՞ր են բնիկ երևանցիները։

– Հիմար խոսակցություն է, էլի՝ բնիկ-չբնիկ։ Ոչ մի նորմալ մարդ նման պրոբլեմներով չի տառապի, չի ասի՝ բնիկ ա, թե պնդիկ։ Այդ տարանջատումը շատ վատ է, ի՞նչ եք ընկել ապուշ բաների հետևից։

Համ էլ երևանցի լինելն էդքան էլ հպարտանալու առիթ չէ, որովհետև ոչ մի մեծ քաղաք երբեք ոչ մի գիտնական ու տաղանդավոր մարդ չի տվել, միշտ բոլորը գյուղերից են եղել։ 

Դա գեղցիություն է, մարդ գեղցի պիտի լինի, որ մտածի՝ ինքը բնիկ ա, թե պնդիկ։ Օրինակ՝ ես երբեք չեմ մտածել՝ բնի՞կ եմ, թե՞ բնիկ չեմ։ Երևանցին ո՞րն է, կարո՞ղ եք ինձ բացատրել։ Մենք մի քանի քաղաք ենք ունեցել, որտեղ եղել է բնիկ բնակչություն՝ Շուշին ու Գյումրին, վերջ։ 

Բնիկ երևանցիները Կոնդում մի քանի ընտանիք են, էն էլ չգիտեմ՝ մնացե՞լ են, թե՞ ոչ։ Բնիկ լինելու համար մի երեք-չորս սերունդ պետք է լինի, բայց այնպես չի եղել, որ ինչ-որ մի քաղաքում ինչ-որ մի ցեղ մի քանի դար ապրում է։ Դրա համար թող հանգստանան ու նստեն, այդ թեման մեր մասին չէ։

– Գույքահարկի դրույքաչափի բարձրացմանն ինչպե՞ս եք վերաբերվում։

– Ես տնտեսագետ չեմ, որ իմանամ՝ պե՞տք է թանկանա, թե՞ ոչ, ես ուղղակի զարմացած եմ, որ հարցը չի քննարկվել, լայն շերտերին չի ներկայացվել, իրենք իրենց ընդունում ու ուրախանում են։ Կարող է և պետք է բարձրացնել, ես չգիտեմ, բայց որ չի քննարկվում, մարդկանց զայրացնում է։ 

Կարելի է մտածել՝ դա ամենակարևոր թեման էր այսօր։ Օրական 15 հոգի մարդ ա մեռնում, չենք աշխատում, չգիտենք՝ ոնց մուծենք կոմունալները, դրա համար էլ ժողովուրդը զայրացած ա։ Ու էդ բնիկների ու պնդիկների հարցը բարձրացավ։

Փաստորեն մենք բացահայտեցինք, որ ունենք մի հատ շերտ՝ բնիկներ։ Ամեն ինչ ունեինք, հիմա ունենք նաև բնիկներ, հայտնաբերված են մի քանի բնիկներ։ Եվ այնքան լուրջ մարդիկ են խոսում այդ մասին, ծիծաղս գալիս է։

Իրեն թվում է՝ եթե ինքն այստեղ է ծնվել, ուրեմն իր տատը գեղցի չի։ Թե չէ որ Հովհաննես Թումանյանը գյուղացի էր՝ կովերի հետ փարախում, ձեզանից պակա՞ս տղա էր։ Հիմար ու անիմաստ խոսակցություն։

– Նկատելի է, որ մարդկանց մեջ կարծես վախեր կան այս փուլում, դա համավարակի պատճառո՞վ է միայն, թե՞ սոցիալական վիճակի վատթարացումը ևս նպաստում է, որ մարդիկ այդ վիճակում հայտնվեն։

Վախը միշտ այն ժամանակ է, երբ չգիտես, թե ինչ է լինելու։ Մարդն ինչու է մութ սենյակում վախենում, որովհետև չգիտի՝ որտեղ է բիզը, որը կմտնի կամ իր աչքը, կամ չգիտեմ ուր։ Չիմացությունից է գալիս վախը, մենք չգիտենք՝ ինչ է լինելու։

Դրանք էլ իրենց բնիկներով սկսեցին գլուխ արդուկել պառլամենտում՝ գույքահարկ բարձրացնելով։ Էլի չգիտենք՝ ինչ է լինելու։ 

Լիքը հարցեր կան՝ եթե մարդը միայն թոշակ է ստանում ու Կենտրոնում է ապրում, ո՞նց է մուծելու։ Պարզ է, որ գույքահարկ պետք է վճարել, բայց հարցը պետք է քննարկվեր մարդկանց հետ, մի ապուշ Օպելի համար տարեկան 30-40 հազար գույքահարկ է վճարվում, բա եքա տուն ունես, գույքահարկ չմուծե՞ս։

Իշխանությունները մեկնաբանում են, որ հիմնականում շքեղ առանձնատների համար է թանկանալու գույքահարկը, քանի որ դրանց սեփականատերերն են տարիներ շարունակ չնչին գույքահարկ վճարել։

– Այո՛, դա արվում է նաև այդ դաշտը կարգավորելու համար, որովհետև իրենք եքա տներ են սարքել, կադաստրային արժեքով են մուծել, բայց իրականում դա ավելի մեծ գումարներ է։ Ամեն ինչ նորմալ է, ուղղակի որ չի քննարկվում մարդկանց հետ, դրա համար մարդիկ իրենց բնիկությունը հիշում են։ 

Եթե քննարկվեր, նորմալ բացատրվեր մարդկանց, կհասկանայինք, բայց որ չգիտենք ինչ է, մեկ էլ հո՛պ՝ մենակ էդ էր պակաս։ 

Մարդիկ նստած են, չգիտեն՝ վաղը գազի փողը ոնց են մուծելու, մեկ էլ պարզվում է՝ գույքահարկի խնդիր կա, և պարզ է, ներվայնանում են։ Դրա մասին պետք է խոսվեր այն մետրային 4 հեռուստաալիքով, որը Հայաստանն ունի։ 

Բայց այդ 4 ալիքով կամ սերիալ են ցույց տալիս, կամ հիմարություններով են զբաղված։ Վարչապետը հազում է՝ տալիս են եթեր, Երկրորդ ալիքը Սերժ Սարգսյանի մասին ֆիլմ է նկարում։ 

Այնինչ այդ ալիքներով պետք է թոք շոուներ անեին, բացատրեին, թե այդ ինչ օրենք է, ինչի համար է, քննարկեին, մարդիկ հասկանային։ Թե չէ նստում-նստում մի հատ օրենք են հանում, մարդիկ էլ ջղայնանում են։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am