«Հրաշալի է լինել երկու գեղեցիկ և հիանալի ժողովուրդների և մշակույթների մաս». Ճապոնահայ մոդել Աննա Հաճյանը անհամբեր սպասում է Հայաստան այցելելուն

Ճապոնահայ 15-ամյա Աննա Հաճյանը, որն այժմ բնակվում է Լոս Անջելեսում, արդեն իսկ մոդելային հաջողակ կարիերա է ստեղծել։

Երիտասարդ մոդել, դերասան, հեռուստաաստղ Աննա Հաճյանը կիսով չափ հայ է, կիսով չափ՝ ճապոնացի։ Բնակվում է Լոս Անջելեսում, բայց հաճախ այցելում է Ճապոնիա։ 

Աննա Հաճյանը որպես մոդել ներկայացրել է «Շանել», «Ֆերրագամո», «Վալենտինո», «Իվ Սեն Լորան», «Նինա Ռիչի», «Բալենսիագա», «Մարկ Ջեյկոբս» և այլ հավաքածուներ։

Մասնակցել է հեռուստաշոուների, հայտնվել NBC-ի LITTLE BIG SHOTS-ի երկու եթերաշրջանում, ունեցել է ցուցադրություններ Ellen DeGeneres-ի շոուի, Dance of World-ի, The food channel-ում և այլն:

«Մեդիալաբի» հետ զրույցում Աննա Հաճյանն ասում է, որ մոդելային կարիերայում գուցե օգնում է այն հանգամանքը, որ ինքը կրում է երկու տարբեր ազգերի ներկայացուցիչների գեներ։

«Գուցեև դա օգնում է, բայց, այնուամենայնիվ, հրաշալի է լինել երկու գեղեցիկ և հիանալի ժողովուրդների և մշակույթների մաս»,- նշում է Աննան:

Աննա Հաճյանը արդեն իսկ երիտասարդ տարիքում հաջողություններ գրանցելով, ընդգծում է, որ կարևոր է անել այն, ինչի նկատմամբ իսկապես մեծ ցանկություն կա։

«Այն կարող է լինել ցանկացած բան` դառնալ ճարտարապետ կամ ծրագրավորող, ցանկացած այլ կարիերա, կարևորը դրանից մեծ հաճույք ստանաս։ Լուրջ նվիրվածությունն ու աշխատանքի կարգապահությունը ևս պարտադիր հանգամանք են կարիերայում հաջողելու համար»,- ասում է նա։

Աննա Հաճյանը համատեղում է և՛ դասերը, և՛ մոդելային աշխատանքը։ Ասում է, որ հաճախ ստիպված է լինում առավոտ շատ վաղ արթնանալ, որ հասցնի բոլոր գործերը։ Հանդիսանում է ՀԲԸՄ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանի սան:

«Երբեմն ստիպված եմ լինում դպրոցից բացակայել աշխատանքի համար, բայց լրացնում եմ դասերը օնլայն եղանակով»,- ասում է նա։

Նշում է, որ այժմ միևնույն ժամանակ կենտրոնացած է և՛ դպրոցի, և՛ կարիերայի վրա․

«Բայց հետագայում ինչ էլ որ շարունակելու լինեմ, ուզում եմ վստահ լինել, որ այն մեծ սիրով և հետաքրքրությամբ կանեմ»։

Աննա Հաճյանը պատմում է, որ հաճախ են ընտանիքով ժամանակ անցկացնում, ընթրում։

Երբեմն Աննայի մայրն է պատրաստում ճապոնական ուտեստներ, երբեմն հայրն է պատրաստում հայկական կերակուրներ:

«Հայրիկս պատրաստում է շատ համեղ ճաշատեսակ, որը սովորել է իր մայրիկից։ Սմբուկը եփում է աղացած տավարի մսով և լոլիկով, առանձին պատրաստում է նաև բրնձով փլավ, որպեսզի դրանք համատեղեն, դա շատ համեղ է: Ես դա շատ եմ սիրում։ Մայրիկիս պատրաստած ճապոնական ուտելիքներից կառանձնացնեմ մի ուտեստ, որը շատ համեղ է․ այն շոգեխաշած միս է, որը մայրիկս եփում է քարե ամանի մեջ, այն ներառում է  ճապոնական հատուկ տեսակի արիշտա, ինչպես նաև կարտոֆիլ և մի շարք այլ բաղադրիչներ: Ես իսկապես սիրում եմ երկուսն էլ, շատ տարբեր են միմյանցից, բայց երկուսն էլ շատ համեղ են (ժպտում է)»,- պատմում է Աննան։

Աննան ասում է, որ հայկական ուտեսներից շատ է սիրում նաև տոլման, խորովածը, խմորողեններից՝ գաթան։ 

Նա էլ շատ համեղ է պատրաստում։ Վերջերս հյուրընկալվել էր Heghineh Cooking Show in Armenian-ին և սուշի պատրաստել:

Աննա Հաճյանն ասում է, որ հայկական տոներից սիրում են նշել Սուրբ Զատիկը։

«Ես ունեմ շատ հայ ընկերներ։ Դեռ չեմ եղել Հայաստանում։ Ես շատ լուսանկարներ ու տեսանյութեր եմ տեսել, Հայաստանը շատ գեղեցիկ է։ Մեր դպրոցը պլանավորում էր այս ամառ Հայաստան գալ, ես շատ ոգևորված էի դրանով, բայց նրանք ստիպված էին հետաձգել հաջորդ անգամ: Ես անհամբերությամբ սպասում եմ այցելելուն»,- ասում է Աննա Հաճյանը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am