«Մենք մոտենում ենք մի հանգրվանի, երբ միայն ճանաչումն ու դատապարտումը մեզ բավարար չեն». Ռուբեն Սաֆրաստյան

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` հայ-թուրքական հաշտեցման գործընթացն ու ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված արձանագրությունները որևէ կերպ ազդեցություն չեն թողել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա:
Այն, որ Հայոց ցեղասպանությունը դեռ ճանաչված չէ, Սաֆրաստյանը պայմանավորում է Թուրքիայի աշխարհաքաղաքական դերով և ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականությամբ ու դիվանագիտությամբ:

«Շատ երկրներ, այդ թվում` ԱՄՆ-ը, իրենց աշխարհաքաղաքական շահերն ավելի բարձր են դասում, քան արդարության վերահաստատումը: Արդարության զգացումը շատ երկրների արտաքին քաղաքականության մեջ թույլ է, որովհետև նրանք առաջնորդվում են կոնյունկտուրային շահերով»,-«Մեդիալաբին» ասում է թուրքագետը:

Սաֆրաստյանի խոսքով` Թուրքիայի դերը Մերձավոր Արևելքում վերջին տարիներին կտրուկ բարձրացել է՝ պայմանավորված արաբական գարնան, Սիրիայի և Իրանի խնդիրներով: Այս պայմաններում Միացյալ Նահանգները, ըստ թուրքագետի, Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները փչացնելու խնդիր ունեն, իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ Հայաստանի քայլերը ինչպես եղել են մինչև հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, այդպես էլ մնացել են, և խնդիրը մեր արտաքին քաղաքականության օրակարգում է:

Թուրքագետի կարծիքով` ճանաչման գործընթացը կախված է նաև հայկական սփյուռքի հնարավորություններից: Բացի այս, նա նշում է, որ վերջին տարիներին հատկապես Եվրոպայի հայ համայնքներում պայքարի նոր ձև է սկսվել:

«Արդեն հայ համայնքներն աշխատում են Ցեղասպանության հիշողությունը դարձնել համաեվրոպական հիշողություն, օրինակ` քայլեր են անում Ցեղասպանության հարցը դպրոցական դասագրքերում ներառելու ուղղությամբ, ինչը նույնպես շատ կարևոր է»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆրաստյանը:

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո ճանաչման խնդիրն այլևս ավելի է բարդանալու, Սաֆրաստյանը կարծում է, որ այս աումով բացարձակ ոչինչ չկա, իսկ Ցեղասպանության 100 տարին զուտ խորհրդանշական իմաստ ունի: Ըստ թուրքագետի` Հայաստանը պարզապես առաջիկա տարիներին պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում քաղաքական իրավիճակ է փոխվում, և մերձավորարևելյան տարածաշրջանում քաղաքական քարտեզի վերաձևումներ են սպասվում:

«Իմ կանխատեսմամբ` առաջիկա տարիներին Մերձավոր Արևելքում հանդես կգա նոր պետություն՝ ի դեմս Քուրդիստանի: Պետությունները, որոնք պետք է իրականացնեն այդ վերաձևումները, ստիպված են լինելու վերադառնալու Սևրի պայմանագրին, որովհետև այն միակ փաստաթուղթն է, որտեղ Քուրդիստանը հիշատակվում է: Մեր երկրի արտաքին քաղաքականությունը պետք է հիշեցնի մեծ տերություններին, որ մենք Սևրի պայմանագրի մաս ենք կազմում»: Թուրքագետը նշում է, որ սա Հայաստանին հնարավորություն կտա մասնակից դառնալու մերձավորարևելյան քաղաքականությանը և ազդելու ընթացող զարգացումների վրա:

Ցեղասպանության ճանաչման գործընթացը միջազգային իրավական ատյաններում բարձրացնելու, մասնավորապես, միջազգային քրեական դատարանի միջոցով արդարություն հաստատելու խնդրի առնչությամբ Սաֆրաստյանն ասում է. «Մենք մոտենում ենք մի հանգրվանի, երբ միայն ճանաչումն ու դատապարտումը մեզ բավարար չեն, պետք է նաև հատուցման հասնենք, և դա պետք է արվի դատական ճանապարհով, որովհետև Թուրքիան հենց այնպես որևէ բան չի հատուցի»: Հենց այստեղ է, Սաֆրաստյանի կարծիքով, թերացել պետությունը: «Հայաստանը և սփյուռքը պետք է այս ուղղությամբ քայլեր կատարեն և շատ լավ նախապատրաստական աշխատանքներ կատարեն»,- «Մեդիալաբին» ասում է նա:

© Medialab.am