«Տեսնում ենք՝ ռուսական կողմը խորհրդավոր լռություն է պահպանում, ինչո՞ւ, միգուցե դեսպանատո՞ւնն է թերացել իր աշխատանքում». ռուսաստանաբնակ քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը

– Հարությո՛ւն, արդեն մի քանի օր է՝ Մոսկվայում բախումներ են տեղի ունենում հայերի և ադրբեջանցիների միջև։ Արդյոք սրանք էթնիկ բախումնե՞ր են, թե՞ նաև որոշ ուժերի կողմից ուղղորդում կա։

– Եկեք հարցին մի քանի տեսանկյունից նայենք. տարիներ շարունակ Ադրբեջանում պետական մակարդակով սերմանվել է հայատյացության մթնոլորտ։ Այսինքն՝ եթե դու հայ ես, միանշանակ վատն ես, թշնամի ես, քեզ պետք է սպանել ու կեղեքել։ Սա նրանք սովորեցնում են անգամ մանկապարտեզում։ Այս քարոզչությունը ևս ունի իր դերակատարությունը։

Ինչ վերաբերում է Մոսկվայում տեղի ունեցած իրադարձություններին, շատ հավաստի աղբյուրներից մեզ տեղեկություններ են հասնում, որ այս ամենը հիմնականում ուղղորդվում է Բաքվի կողմից, նաև թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման ականջներն են սրա հետևում երևում։

Ադրբեջանցիները շարունակում են նույն ձեռագրով, ինչպես տարիներ շարունակ գործել են՝ մթության մեջ հարձակվել միայնակ հայերի վրա։

Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, թշնամին նույն նենգն ու դավադիրն է։ Սա տարիների թուրք-ադրբեջանական քարոզչության հետևանք է, երբ ադրբեջանցին կարող է սպանել մարդուն միայն նրա համար, որ նա ազգությամբ հայ է։

– Դուք ավելի վաղ ասել եք, որ երեկ պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև, և իրավիճակը համեմատաբար հանդարտվել է։ Մանրամասներ կներկայացնե՞ք։

– Հարաբերական անդորր է այժմ։ Գիշերը եղել են տեղային բախումներ, բայց դրանց շատ արագ հակազդեցություն է ցուցաբերվել, և այդ ամենը զսպվել է։

Ուզում եմ շեշտել, որ ադրբեջանական կողմը ևս քայլեր է ձեռնարկում, որպեսզի սանձի իր հրոսակախմբերին ու թույլ չտա, որ այս ամենը շարունակվի։

Սա շատ նուրբ հարց է, այն պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել, շատ փխրուն է՝ իմ կարծիքով։ Յուրաքանչյուրս մեր մասով պետք է պատասխանատու լինենք։ Ի վերջո, պետք է հասկանանք, որ մենք գտնվում ենք օտար երկրում, և սա մեզ համար մարտի դաշտ չէ։

Եթե ադրբեջանցիներն այդքան համարձակ են և պատրաստ են հայի դեմ կռվելու, կռվելու տեղը սահմանն է։ Եթե, իհարկե, ունեն այդ համարձակությունը։

Եվ կռվելու դեպքում պետք է կռվել միայն զինվորական համազգեստով։ Ազգամիջյան բախումներ հրահրելն առաջին հերթին խախտում է ՌԴ օրենսդրությունը։ Իսկ եթե մեկ այլ տեսանկյունից նայենք, սա արդեն ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն Ռուսաստանի տարածքում։

Եվ մեր դիվանագիտական կորպուսը պետք է այս ուղղությամբ աշխատի և աշխարհին ու միջազգային հանրությանը հասցնի, որ սա ահաբեկչական ակտ էր՝ ուղղված հայ ժողովրդի դեմ։ Եվ սա շարունակությունն է այն հայտարարության, որն օրեր առաջ արեց Ալիևը, թե պատրաստ են ռմբակոծելու Մեծամորի ատոմակայանը։ Սա ի՞նչ է, եթե ոչ ահաբեկչության մասին հաղորդում։

Եթե անդրադառնանք ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ու դեսպանի աշխատանքին, արդյոք բավարար քայլեր արվո՞ւմ են այս պայմաններում։ Դեսպան Տողանյանը երեկ հայտարարեց, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան այս իրադարձությունների համեմատ։

– Ես այս պահին չեմ ուզում դեսպանության աշխատանքին գնահատական տալ, որովհետև մենք այսօր այստեղ թշնամու հետ խնդիրներ ունենք։ Մեր ու դեսպանության միջև պետք է համագործակցություն լինի, մենք պետք է մեկ բռունցք դարձած, միասին՝ տարբեր ճակատներում պայքարենք թշնամու դեմ։

Երբ այս ամենը հանդարտվի, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, խոստանում եմ, որ հետամուտ եմ լինելու, որպեսզի խոր վերլուծության ենթարկվի դեսպանատան աշխատանքը։

Մենք տեսնում ենք՝ ռուսական կողմը խորհրդավոր լռություն է պահպանում այս պահին։ Ինչո՞ւ, միգուցե դեսպանատո՞ւնն է թերացել իր աշխատանքներում և ճիշտ չի ներկայացրել իրավիճակը։ Իսկ միգուցե դեսպանատունը ներկայացրել է իրավիճակը, բայց ռուսական կողմի՞ց արձագանք չկա։ Սրանք հետագայում քննելիք հարցեր են։

Չե՞ք կարծում, որ ՌԴ իշխանությունները շատ լավ տիրապետում են իրենց երկրում կատարվող իրադարձություններին։

– Այո՛, միանշանակ տիրապետում են։ Ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում, բայց երբ մենք հեռուստացույց ենք նայում, այնտեղ ոչինչ չի ասվում այս դեպքերի վերաբերյալ։

Մենք Ռուսաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի, օրինակ՝ Մոսկվայի քաղաքապետի, վարչապետի կամ ուժային կառույցներից որևէ մեկի ղեկավարի հայտարարություն չենք տեսել։ Սա մեզ խոր վերլուծության տեղիք է տալիս, պետք է հասկանանք, թե ո՛վ է թերացել իր աշխատանքի մեջ։ Եթե թերացել են դեսպանն ու դեսպանատունը, միանշանակ սրան ևս արձագանք պետք է լինի մեր կողմից։

-Հայկական համայնքի տրամադրություններն ինչպիսին են, մարտակա՞ն, թե՞ ավելի հանգիստ են, մտածում են՝ չպետք է տրվել սադրանքների։ 

– Բնական է՝ և՛ մարտական, և՛ կառուցողական առաջարկներ կան։ Պատկերացրեք՝ մարդը տեսնում է, որ թոշակառու մարդու վրա հարձակվում է ադրբեջանական ոհմակը ու ծեծի ենթարկում, այստեղ առաջին մի քանի ժամը զայրույթով ես լցվում։

Ես ինքս էլ եմ զայրացել, բայց երբ սառը դատում ես, հասկանում ես, որ մենք չպետք է նմանվենք այդ ոհմակին, մենք այդ ժողովուրդը չենք, պետք է փորձենք ավելի քաղաքակիրթ ճանապարհով լուծումների հասնել։

Քաղաքակիրթ ճանապարհով հարցերը լուծելու մեթոդները սպառվելու դեպքում ծեծելը, ջարդելը, սպանելը կան ու կան։ Եվ, նորից եմ կրկնում՝ դա չպետք է արվի օտարի հողում։

Համոզված եմ՝ մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է լայնածավալ պատերազմի դեպքում վերադառնալ Հայաստան ու ռազմաճակատում կռվել թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի դեմ։ Մենք գիտենք՝ որտեղ կռվել, ուղղակի այս պահին ադրբեջանցիներն են սադրում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am