«Եթե ամբողջ ուժով պայքարենք Սևանա լճի գոյության համար, առնվազն 100-110 տարի է անհրաժեշտ, որ հասնենք մեր առջև դրված ցուցանիշներին». Վահե Գուլանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Սևան» ազգային պարկի նախկին տնօրեն Վահե Գուլանյանը

– Պարո՛ն Գուլանյան, Սևանա լիճը այս տարի նույնպես վերջին տարիների պես կանաչել է, սակայն նախորդ տարվա պես մեծ աղմուկ չկա: Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ինչո՞ւ դարձյալ ունենք այս իրավիճակը: 

– Սևանա լիճը օպտիմալացման փուլում է, մակարդակի օպտիմալացում է տեղի ունենում: Մենք սկսում ենք լճի մեջ կուտակել մեծ քանակությամբ ջրային զանգված, որն իր հետ դեպի լիճ է բերում ցամաքային օրգանական նյութեր: 

Գետերով այդ օրգանական նյութերը գալիս, պասիվ նստում են լճի հատակին, իսկ հետո մենք մակերևույթից ջուր ենք բաց թողնում: Ի՞նչ է ստացվում. գետերով ջուրը բերելով, հետո մակերևույթից ջուրը բաց թողնելով՝ նստվածքը մնում է, կոնցենտրացիայի բան դառնում՝ այսկերպ ապահովելով լճում օրգանական նյութերի բարձր քանակություն: 

Երբ մենք 10-15 տարի առաջ խոսում էինք կլիմայի փոփոխության, գլոբալ տաքացման մասին, դա մարդկանց հեքիաթ էր թվում, ոչ ոք չէր հավատում, որ ջերմաստիճանի կայուն բարձրացում է տեղի ունենում: 

Այսօր Սևանա լճում միջին ջերմաստիճանի աճ է գրանցվել, լիճն ամբողջ տարվա ընթացքում բավական շատ ջերմային էներգիա է ստանում, որը բերում է ընդհանուր ֆոնի, նաև բոլոր շերտերի, այդ թվում՝ հատակային շերտերի տաքացման, ինչն էլ նպաստում է միկրոօրգանիզմների, նաև կապտականաչ ջրիմուռների բուռն զարգացման: 

Անգամ 1-2 աստիճանը բավական մեծ նշանակություն ունի այդ օրգանիզմների համար, դա երկրաչափական պրոգրեսիայով կրկնապատկում է դրանց աճը: 

Բնության մեջ գոյություն ունի մի շեմ, որը երբ ջրային մարմինն անցնում է, սկսվում են բոլորովին այլ պրոցեսներ, ինչն էլ հանգեցնում է այս վիզուալ արդյունքին: Մենք տեսնում ենք ընդհանուր կանաչում, հոտ, Սևանա լճում օրգանական նյութ եղել է, սրան նպաստում է բարձր ջերմաստիճանը: 

Գուցե եթե հաջորդ տարի ջերմաստիճանը բարձր չլինի, Սևանը չծաղկի, բայց դա չի նշանակում, որ խնդիրը վերացել է: Եթե երկու տարի հետո բարձր ջերմաստիճան եղավ, նորից նույն պատկերն է լինելու: 

Դրա համար մենք պետք է ավելացնենք լճի ջրի ծավալը, որպեսզի կարողանանք այդ նյութերի կոնցենտրացիան որոշ չափով իջեցնել: Այսինքն՝ չպետք է ասենք՝ վայ, գյուղատնտեսությունը ջուր չունի, ջուր տանք: 

Սևանի մակարդակի բարձրացման ընթացքում պետք է միջոցներ ներդրվեն, որ անտառները ջրի տակ չմնան: Պետք է դրանք մեկ փուլ շուտ մաքրել, մինչև լիճը հասնի ծառերին, նոր մաքրեն:

– Առափնյա ռեստորանները ի՞նչ ազդեցություն են ունենում դրա վրա:

– Ես չեմ ուզում անդրադառնալ առափնյա ռեստորաններին ու նմանատիպ օբյեկտներին, քանի որ դրանց ազդեցությունն իրականում չնչին է, անգամ մեկ տոկոսից ցածր կարելի է գնահատել: Նաև պետք է գետերի հունի մաքրում իրականացնենք, համայնքներում խիստ հսկողություն սահմանենք, որպեսզի գետերի ավազանները մաքուր պահեն: 

Մեր գետերն ամբողջ երկայնքով աղտոտված են, նույնիսկ գոմաղբ են լցնում գետը: Գետերը մի քիչ մաքրվում են ազգային պարկի տարածքով անցնելիս, որտեղ չկան բնակավայրեր և աղտոտող գործոններ: 

Սևանի ափին մեկ տասնյակ օբյեկտները կարող են ունենալ մեկ կովի ազդեցություն: Սևանա լճի վրա շատ ակտիվ ազդում է նաև անասնապահությունը: Պետք է ներդրվեն այնպիսի գյուղատնտեսական մեթոդներ, որոնք ապահովում են գյուղատնտեսական թափոնների վերամշակում: 

Այդ թափոնները չպետք է հարաբերության մեջ մտնեն շրջակա միջավայրի հետ: Գեղարքունիքի ամենացածր կետը Սևանն է, և ինչ էլ արտանետեցինք, ի վերջո, հայտնվելու է լճում: Բացի այդ, համայնքները պետք է ունենան կոյուղագծեր ու մաքրման կայաններ: Դրանք կլուծեն Սևանա լիճ արտանետվող կենցաղային թափոնների և գյուղատնտեսության կողմից աղտոտման հարցը: Գյուղատնտեսության ոլորտում պետք է ներդրվեն վերամշակման համակարգեր: 

Սևանի ավազանում ԽՍՀՄ վերջին տարիներին չէր թույլատրվում անօրգանական պարարտանյութերի օգտագործումը, քանի որ անօրգանական նյութերը ջրում արագ լուծվում են և անձրևներով լրիվ գնում են Սևան: Դրանք արդեն քայքայված նյութեր են, դրանց քանակությունն ուղիղ համեմատական է ջրիմուռների քանակությանը: 

Կենսաբանական առումով պրոցեսներն անկանխատեսելի չեն, դրանք մենք միշտ կանխատեսել ենք: Եթե մեզ ինչ-որ պահի հաջողվել է այդ ամենը նվազեցնել, այսօր, հավատացեք, նորից խնդիր ունենք: 

Ես կարող եմ նաև ասել, որ սոցիալական ցուցանիշների աճին զուգընթաց վիճակը վատանում է: Եթե, ասենք՝ առաջ ամբողջ գյուղում 2-3 տուն ուներ ավտոմատ լվացքի մեքենա, մի 15-20 տուն էլ՝ կահավորված լոգարան, հիմա բոլորն ունեն: 

Դրա հետևանքով մարդիկ օգտագործում են լվացող նյութեր, ամանի հեղուկ, մարմնի հիգիենայի միջոցներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ֆոսֆատներ: Դրանցից ամենավտանգավորը՝ ֆոսֆատը, որը գրեթե բոլոր մաքրող, լվացող նյութերի մեջ կա, անմիջապես հայտնվում է Սևանա լճում: Նույնիսկ կան հետազոտություններ, թե ինչ ճանապարհով են դրանք մտնում Սևան: 

Սա շատ ծանր պայքար է լինելու, որովհետև պատկերացրեք՝ 110 հազար անշարժ աղտոտող կետ էինք գույքագրել Սևանի ավազանում: Դրանք հիմնականում բնակելի տներն են, շենքերը, օբյեկտները, բոլոր 92 համայնքների մասին է խոսքը: 

Այդքան աղտոտող կետերից կանխարգելելն անհնար է, հետևաբար, պետք է լինի համալիր լուծում, մասնավորապես, խոշոր մաքրման կայաններ կառուցելով բացասական ազդեցությունը հնարավոր է նվազեցնել: 

Փոքր մոդուլային մաքրման կայանները, որ հիմա տեղադրվում են, արդյունավետ չեն: Խոսքը նորմալ, մեծ, ստացիոնար մաքրման գործարանների մասին է: Եթե մենք սկսենք ամբողջ ուժով պայքարել Սևանա լճի հետագա գոյության համար, առնվազն 100-110 տարի է անհրաժեշտ, որ հասնենք այն ցուցանիշներին, որ մեր առջև դրված են:

– Վերջին օրերին նորից արդիական դարձավ Սևանի ափերի հարցը, որ լճի ափերը հիմնականում չնչին գումարներով շահագործման են հանձնում, այդ թվում խոսվեց ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին վերագրվող White Shorja հանգստյան գոտու մասին, որը, ըստ տարբեր հրապարակումների ապօրինի է շահագործվում։Այս մասով որպես նախկին տնօրեն ի՞նչ կարող եք ասել: Եվ որքանո՞վ է օրինական  այդ ափի շահագործումը:

– Ես չեմ ուզում այդ սկանդալային թեմաներին անդրադառնալ, կան համապատասխան կառույցներ, թող նրանք զբաղվեն դրանցով: Բայց մի բան կարող եմ ասել. Սևանում տուրիզմի խնդրի լուծման միակ տարբերակը լճի կառուցապատման նախագծերն էին, որ ներկայացվել են թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարությանը: 

Դրանցով նախատեսվում էին կառուցել ճեմուղի և երեք հատվածներում զարգացած ենթակառուցվածքներ, որոնք տրանսպորտային կամուրջներով կմիանային իրար: 

Այն իր մեջ կներառեր նաև վազքուղիներ, ավտոմեքենաների ուղիներ: Խոսքը Լճաշեն-Ծովագյուղ, Շորժա-Արտանիշ և Գավառ-Մարտունի հատվածների մասին է: Պետք է ստեղծվեին կղզյակներ, որոնք կմիանային իրար: 

Բոլոր զարգացած երկրներում նման տեղերում կան ճեմուղիներ, պրոմենադներ, որը ենթադրում է որոշակի կրկնվող սիմետրիա, որոշակի ոճ ամեն ինչի մեջ: Երկրորդ՝ դա դառնում է այն պատնեշը, այն ջրբաժանը, որից վերև թույլատրվում է կառուցապատում, իսկ ներքև չի թույլատրվում: 

Սևանի պարագայում դա 1905 նիշն էր: Այդ նիշի վրա լինելու էին պրոմենադներ, իսկ դրանից ներքև լինելու էին միայն լողափեր: Վերևում լինում էր կառուցապատման գոտին՝ հյուրանոցներ, ռեստորաններ, և բոլորն իրար միացած էին լինում գեղեցիկ պրոմենադներով: 

Սրանով և՛ քաղաքաշինություն է լինում, և՛ մշակույթն է փոխվում, և՛ մթնոլորտը: Սա կարող է անել միայն պետությունը, որն իհարկե հետագայում հետ կստանա իր ներդրած գումարները այդ վայրում գործող հանգստի ու ժամանցի վայրերից: 

Այս ամենի վերաբերյալ բոլոր բիզնես պլանները, ճարտարապետական նախագծերը, միջազգային կազմակերպությունների եզրակացությունները կային, ընդամենը պետք էր իրագործել: Ես չգիտեմ, թե ինչո՛ւ դա կանգնեց: Դրանով կոնկրետ զբաղվել ենք ես և շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը: 

– Այսինքն՝ նախարարի հեռանալուց հետո այդ հարցում կանգնած վիճա՞կ է:

– Չեմ ուզում իմ մասին խոսել, բայց Սևանը կորցրեց առաջնագծում կռվող իր պահապաններին: Մենք նոր չէինք հանրության մեջ մեր նպատակներով ու գաղափարներով: Մենք երիտասարդ, դպրոցական տարիներից ենք պայքարել: 

Մենք Էրիկ Գրիգորյանի հետ մտերիմներ, ընկերներ ենք եղել և երբևիցե ոչ մի վայրկյան չենք դադարել բնության համար պայքարելուց: Միշտ պայքարել ենք, Սևանի համար՝ առավելևս: 

Ես կոնկրետ նշեցի իմ ու Էրիկ Գրիգորյանի մասին, բայց կարող եմ նշել էլի մի քանի ֆիգուրներ, որոնք պայքարից դուրս են գալիս: Բնականաբար, այդ պայմաններում ամեն ինչ պետք է կանգնի: 

Իհարկե, այդ բոլոր նախագծերը սեղաններին դրված են, բայց դրանք իրագործելու ձևը նույնիսկ կարևոր է: Մենք այդ ժամանակ հստակ հասկանում էինք, որ մտել ենք մի բարդ պրոցեսի մեջ՝ նախագծեր, ֆինանսների հայթայթում, սոցիալական, հասարակական խնդիրների կարգավորում, որ հասարակությունը դեմ չլինի այդ նախագծերի իրականացմանը: Այդ ամենն արվեց ու կիսատ մնաց:

Հիմա այդ ծրագրերը քննարկում են մարդիկ, որոնք գաղափար չունեն այդ ծրագրերից: Հնչում են տեսակետներ, թե պրոմենադը տանենք մայրուղուն զուգահեռ, որպեսզի խնդիրներ չլինեն: 

Բայց եթե զուգահեռ տանենք, դա արդեն պրոմենադ չի լինի, չգիտեմ ինչ կլինի: Պրոմենադի իմաստը հենց այն է, որ դառնա կառուցապատման և լողափի սահմանը, որ դառնա մարդկանց ճեմելու համար ամենագեղեցիկ վայրը: 

Եթե այդտեղից հորիզոնը չպետք է երևա, իմաստը կորչում է: Դա կդառնա Հյուսիսային պողոտայի պես բան, որի օգուտը շատ ավելի քիչ կլինի: Մենք հույսներս կտրել ենք, որ դա կիրականանա:

Սևանի հետ կապված բոլոր խնդիրները նոր չեն, մենք 20 տարի գոռում ենք սրա մասին, 20 տարի ներկայացնում ենք խնդիրներ, լուծումը չկա: Սևանի վիճակը վատ է եղել 20 տարի առաջ, 20 տարի առաջ լճից ջուր բաց թողնելու խնդիր է եղել: Այդ ընթացքում ոչինչ չի ավելացել, ոչ մի խնդիր չի պակասել: 

Ուղղակի մարդիկ են փոխվել: Այն ժամանակ մարդիկ էին, որոնք ի վիճակի չէին լուծում տալու, եկան մարդիկ, որոնք գոնե կարողանում էին պահել, որ վիճակը չվատանա, բայց ոչինչ հավերժ չէ: 

Իսկ հիմա մարդիկ չեն էլ գիտակցում, թե ինչ է կատարվում, էլ ուր մնաց խոսենք ինչ-որ բան անելու մասին:

Մանե Հարությունյան

MediaLab.am