«Այս կառավարությունը, ինչպես մնացած բոլոր հարցերում, այդ թվում՝ Ամուլսարի հարցում էլ ամուլ, անգործունակ է». Գարեգին Միսկարյան

Լուսանկարը՝ Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան էջից

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը

– Պարո՛ն Միսկարյան, ընդդեմ Ամուլսարի շահագործման կառավարության դիմաց հավաքվել էին քաղաքացիներ, իրավապաշտպաններ բողոքի ցույց անցկացնելու, սակայն դեռ չմեկնարկած՝ ոստիկանները բերման ենթարկեցին մասնակիցներին, այդ թվում՝ ձեզ: Ձեզ ինչո՞ւ էին բերման ենթարկել:

Ոստիկանությունը, ինչպես բոլոր նմանատիպ դեպքերում, ոչ մի բան էլ չի հարցնում, արձանագրություն է կազմում, ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու հիմքերով բերման է ենթարկում, երեք ժամը լրանում է, արձանագրությունը կազմում են, բաց թողնում: Վարչական իրավախախտում է համարվում, որը մոտ 30-50 հազար դրամի տուգանք է նախատեսում:

– Դուք խաղաղ ակցիա էիք իրականացնո՞ւմ: 

– Ըստ էության՝ մենք ակցիա էլ չէինք անում: Դա ակցիա չէր, եթե ակցիա անելու լինեինք, պաստառներ կունենայինք, կվանկարկեինք, ինչ-որ ձևով կտեղեկացնեինք, որ ակցիա ենք անում: Մենք քայլում էինք, մնացել էինք 4-5 հոգի, ես իմ փաստաբանի հետ պետք է հանդիպեի և տեղյակ էլ չէի, որ այդտեղ այդ ժամին հավաք է նախատեսվում: Մինչ այդ պուրակում մարդ չկար, եկա փաստաբանի հետ հանդիպման:

3-4 հոգի մարդիկ կային, ես փորձում էի բացատրել, որ այդ 3-4 հոգանոց բողոքը ոչ մի արդյունք չի տալու, ավելի լավ է թողնենք գնանք, հետո որոշենք՝ ինչ ենք անում:

Բայդ ոստիկանները մեր այդ քննարկումը համարեցին ակցիա և այդ հիմքով մեզ ցրվելու պահանջ ներկայացրին: Մենք պահանջին ենթարկվեցինք, պատրաստվում էինք հեռանալ, բայց նրանք մեզ բերման ենթարկեցին որպես բողոքի մասնակիցների: 

– Ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության գործողությունները հեղափոխությունից հետո: Ամուլսարում մենք տեսանք, որ ոստիկաններն ուժ են գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ:

– Սա ուղղակի խայտառակություն է: Ես չեմ խորշում ակցիա անելուց, իմ բողոքը հայտնելուց, բայց ես այսօր հանդիպումներ ունեի, որոնք ոստիկանների թեթև ձեռքով չեղարկվեցին: Հնարավոր է՝ դրա պատճառով նյութական վնասներ կրեմ:

– Հեղափոխությունից հետո ոստիկանության գործողություններում փոփոխություններ չկա՞ն:

– Ո՛չ, բացարձակ չկան: Ոստիկանության վերաբերմունքը բաժանմունքում նորմալ եմ գնահատում, բայց, ըստ էության, դա նույն վերաբերմունքն է, ինչ 2 տարի առաջ ցույցերի օրերին էր:

2018-ից հետո, այսպես ասած, բարեփոխված ոստիկանությունը նույն գործելաոճն ունի: Երբ պետք է ապօրինություն անել՝ անում են, երբ տանում են բաժին՝ այնտեղ սիրալիր են: Այսինքն՝ ըստ էության, ոչինչ չի փոխվել: 

– Ամուլսարի հետ կապված ձեր դիրքորոշումը մնում է նո՞ւյնը, սպասում եք Կառավարության արձագանքի՞ն: Այս պահին ի՞նչ լուծում եք տեսնում:

– Ես կարծում եմ, որ այս կառավարությունը, ինչպես մնացած բոլոր հարցերում, այդ թվում՝ Ամուլսարի հարցում էլ ամուլ, անգործունակ է: Ուղղակի նոր կառավարություն է, որ մենք ասենք պետություն ունենք, կառավարություն ունենք, բայց իրականում ոչ մի բանի ունակ չեն:

Ժամանակը ցույց տվեց, որ նրանք ո՛չ հեղափոխության արժեքներն էին կրում, ո՛չ էլ իրենց խոստացած օրակարգը կյանքի կոչեցին: Խոստացել էին ոստիկանական բարեփոխումներ, դա էլ չարեցին, այսինքն՝ ոչ մի ռեֆորմ չարեցին, նախկինի գիծը բռնած շարունակում են, նույն ապօրինություններն են ոստիկանությունում:

Ո՛չ Ամուլսարի հանքի շահագործման, ո՛չ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում ոչ մի փոփոխություն ես չեմ տեսնում:

Ւսկ կոռուպցիոն սկանդալներն էլ մեկը մյուսի հետևից բացահայտվում են: Իհարկե, առաջ կոռուպցիայի մասին չէր բարձրաձայնվում կամ քիչ էր բարձրաձայնվում, և հանրությունն այդ ամենի մասին իմանում էր խոսակցությունների մակարդակում:

Հիմա ավելի թափանցիկ են դարձել այդ առումով, բայց, օրինակ՝ Արսեն Թորոսյանի կնոջ շահերի բախման դեպքը ցույց է տալիս, որ այնպես չէ, որ կոռուպցիա չկա, ինչպես իրենք էին հորջորջում, և այդ կոռուպցիան ոչ միայն հների, այլև արդեն նաև նորերի մեջ է սկսվել:

– Ամուլսարի հարցում քաղաքացիական անհնազանդությունը հաջողելո՞ւ է, թե՞ ոչ:

– Միանշանակ հաջողելու է, և սա այն կետն է, որտեղից մենք հետդարձ չենք ունենալու: Մենք վստահ ենք, որ Ամուլսարը Հայաստանի վերջի սկիզբն է լինելու, և մինչև վերջ պայքարելու ենք, որ սարը սար մնա, և Ջերմուկն էլ մնալու է հանգստյան գոտի, մարդիկ էլ չեն լքելու իրենց բնակավայրը:

Մանե Հարությունյան

MediaLab.am