«Ուսումնասիրվում է երեխաների հետագա խնամքի հնարավորությունը». Խաշթառակում ծեծի ենթարկված երեխաները կտեղափոխվեն «Մանկան Տուն»

Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն ու նույն ընտանիքի թունավորված մյուս երեխաները այսօր միասին տեղափոխվելու են «Մանկան Տուն» մանկատուն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Քալանթարյանի տեղեկացմամբ՝ ուսումնասիրվում է նաև երեխաների հետագա խնամքի հնարավորությունը, և մշակվում են ընթացակարգեր՝ հնարավորինս կանխարգելելու նման ողբերգական դեպքերը:

«Երեխաների լավագույն շահն է, որ բոլորը միասին լինեն: Սա դեռևս նախնական լուծում է։ Մեր քաղաքականությունն ուղղված է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը։

Եվ եթե կենսաբանական ընտանիքում հնարավորություն չի ստեղծվում, ապա երեխայի խնամքի կազմակերպման համար մենք դիտարկում ենք խնամատար, խնամակալ ու այս ընթացակարգերով, բայց քանի որ սա հրատապ և արագ լուծում էր պահանջում, մենք երեխաներին մանկատուն ենք տեղափոխում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Քալանթարյանը:

Քալանթարյանի խոսքով՝ երեխաների հետ հոգեբանական աշխատանքն արդեն սկսվել է: Առավել մեծ աջակցության կարիք է ունեցել մեծ երեխան, որը նաև համացանցից տեղեկացել էր, որ եղբայրը մահացել է։

«Բժշկական հաստատությունը երեկ ուներ համապատասխան մասնագետներ, բայց մենք էլ երկու անգամ ուղարկել ենք մեր հաստատություններից մեկի հոգեբանին՝ ցերեկը՝ օրվա առաջին կեսին, և երեկոյան՝ արդեն 8-ից հետո, հոգեբանը գնացել է, մասնագիտական աջակցություն տրամադրել, երեխաներն այժմ կարծես թե հանգիստ են։ 

Մեծ երեխան շոկային, հոգեբանական շատ լուրջ տրավմա էր տարել, և էս առումով այս երեխային էր պետք աջակցություն։ Բայց որքանով տեղեկացրել են բժշկական հաստատությունից, այս երեխան հոգեբանական առումով, այսպես ասած, տիրություն է անում բոլոր երեխաներին»,- նշում է Անահիտ Քալանթարյանը։ 

Նա ասում է, որ երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում առաջին աստիճան համարվող համայնքային խնամակալության և հոգաբարձության մարմինները հզորացնելու լուրջ աշխատանքներ պետք է իրականացվեն։

«Այս առումով բավական լուրջ պարտավորություն և պարտականություն է դրված խնամակալության մարմինների վրա։ Դրանք այն աշխատողներն են, որոնք բնակվելով նույն համայնքում, բնականաբար, շատ լավ գիտեն տեղի ընտանիքներին և ընդհանրապես բոլոր ընտանիքների և՛ սոցիալական վիճակը, և՛ ռիսկայնության աստիճանը:

Կարևորագույն օղակը, որի վրա դրված է այս պարտականությունները և պարտավորությունները, խնամակալության և հոգաբարձության համայնքային մարմիններն են, և պարզապես պետք է դրանք հզորացնել»,- նշում է նա։ 

Քալանթարյանն ընդգծում է, որ նման դեպքերի կանխարգելման, հայտնաբերման, ուղղոդման մեխանիզմների համար ընթանում են աշխատանքներ, վերանայվում են ընթացակարգեր:

«Մենք վերանայում ենք ամբողջ ընթացակարգերը, ամբողջ օրենսդրությունը և բարելավում ենք, բայց դեռևս ընթացքում են շատ-շատ նախաձեռնություններ, որոնք քննարկման կամ արդեն որոշման նախագծերի կամ օրենքի նախագծերի փուլում են, Ընտանեկան օրենսգրքում են լուրջ փոփոխություններ նախատեսվում՝ նաև խնամակալ մարմինների մասով։ 

Մենք բավական լուրջ աշխատանքային գործընթացում ենք գտնվում, կանխարգելման քաղաքականությունն ենք փորձում իրականացնել, և նաև մեր պատվիրակած ծառայությունների շրջանակում որպես կարևորագույն բաղադրիչ ներառված են կանխարգելման, հայտնաբերման, ուղղորդման մեխանիզմները։ 

Բայց սա մեկ օրով, մի քանի ամսով հնարավոր չէ, սա լուրջ աշխատանքային պրոցեսի արդյունք պետք է լինի, վստահեցնում եմ նաև, որ մենք բողոքելու, խնդիրը վեր բարձրացնելու մենթալիտետը չունենք, բայց դա ամենակարևորն է, ու շատ հաճախ բռնության զոհ են դառնում անտարբերության հետևանքով»։

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի տեսանյութից:

Արփինե Արզումանյան

MediaLab.am