«Ռոբերտ Քոչարյանը մնում է Ռուսաստանի նախագահի ընկերը, և Պուտինը փորձ է անում հիշեցնել դրա մասին». Ռոբերտ Ղեւոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Նախօրեին Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա առթիվ նրան շտապեց շնորհավորել Պուտինը: Ինչո՞վ են պայմանավորված այս շնորհավորանքները, մինչդեռ մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանի կամ անգամ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նման վերաբերմունք չկա: Այստեղ քաղաքական ինչ-որ ենթատեքստ կա՞:

– Ռուսաստանի նախագահը մեկ անգամ չէ, որ նշել է, թե Ռոբերտ Քոչարյանին իր համար որպես ընկերոջ է ընկալում: Նա նույնիսկ քաղաքական դաշտից անձնական հարթություն է տեղափոխել իրենց հարաբերությունները: 

Իհարկե դա քաղաքական նշանակություն ունի, և այդ նշանակության հիմնական ցուցանիշներից մեկը հենց այն է, որ ՌԴ նախագահը 2018-ի հեղափոխությունից հետո բաց չի թողնում Քոչարյանի ծննդյան օրը, այլ նշանավոր օրեր: 

Ես դա կապում եմ նրա հետ, որ ներկայումս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, և այդ գործը վտանգ է ներկայացնում անազատության մեջ հայտնվելու, և ՌԴ նախագահն էլ՝ որպես իր ընկեր, փորձում է իր հնարավորությունների չափով օգտակար լինել Ռոբերտ Քոչարյանին: 

Թե դա ինչպիսի՛ արդյունքների է բերում կամ ի՛նչ հասարակական ընկալում է ունենում, դա արդեն հարցի մյուս կողմն է: 

– Շատերը նշում են, որ այդ շնորհավորանքների մեջ քաղաքական մեսիջ կա: Այդ մեսիջն ուղղված է ՀՀ իշխանությունների՞ն:

– Չեմ կարծում, թե ՀՀ իշխանություններին գործողություններ իրականացնելու մեսիջ է ուղղված: Իմ կարծիքով՝ մեսիջն ավելի շատ այն նշանակությունն ունի, որ Ռոբերտ Քոչարյանը մնում է Ռուսաստանի նախագահի անձնական ընկերը, և, ամենայն հավանականությամբ, Պուտինը փորձ է անում հիշեցնել դրա մասին: 

Թե ի՛նչ հետևություններ կլինեն, ի՛նչ քայլեր կլինեն՝ արդեն կախված կլինի ոչ թե նրանից, թե ՌԴ նախագահն ինչ մեսիջ է ուղարկում, այլ կախված կլինի նրանից, թե Հայաստանում Ռուսաստանի նախագահի անձնական հարաբերությունների մասին ընկալումն ինչքանո՛վ կազդի նրանց վարքագծի վրա: 

Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ քաղաքական իշխանության թևերն անկախ են և կարող են գործել առանց մեկը մյուսի հետ փոխպայմանավորվածության, այլ խոսքով՝ սա վարչապետի կողմից հայտարարված դատավորներին չզանգելու կոնցեպտն է, ապա կարող ենք ասել, որ այս մեսիջը որևէ արդյունք չի ունենա: 

Սակայն հաշվի առնենք մի կարևոր բան. մեսիջը ոչ միայն մեր իշխանություններին է վերաբերում, այլև նրանց, որոնք դա տեսնում են, իսկ դա տեսնում են նաև դատական համակարգում: Ու հաշվի առնելով մեր դատական համակարգի ողբալի վիճակը, շատ հնարավոր է, որ ՌԴ նախագահի ուղարկած մեսիջը ազդեցություն կունենա հենց դատական գործընթացի վրա, դատական համակարգում գտնվող, նախկինների հետ բավական սերտ փոխկապակցություն ունեցող դերակատարների վարքագծի վրա: 

Եթե ՀՀ իշխանությունը ցանկանում է Հայաստանն առանձին սուբյեկտ և ինքնուրույն պետություն դարձնել, պետք է այդ դրսևորումները որոշակիորեն արգելափակի: Դա արգելափակելու համար միակ և հնարավոր տարբերակը դատական համակարգի առողջացումն է, որը մենք չենք տեսնում ներկայումս:

– Քոչարյանը վերջերս հանդիպել էր տնտեսական լրագրողների հետ, քննադատել օրվա իշխանություններին: Դրան նախորդել էր Սերժ Սարգսյանի ասուլիսը: Որքանո՛վ նրանք կարող են քաղաքական հայտ ներկայացնել, որքանո՛վ է Քոչարյանը ապագային միտված հայտ ներկայացնում:

– Հասարակության մեջ կա որոշակի մի փոքր հատված, որը տառապում է նախկին կարգերի կարոտախտով, քանի որ նախկին կարգերի օրոք նրանց հնարավորություններն ավելի մեծ են եղել, քանի հիմա: 

Այդ հատվածը իրենից ներկայացնում է որոշակի քաղաքական կապիտալ: Այսինքն՝ անկախ նրանից, որ այդ հատվածը չի կարող ենթադրել իշխանության ձևավորման վճռական ազդեցություն, այնուամենայնիվ, այդ հատվածը կարող է ենթադրել քաղաքական գործընթացներում որոշակի ներկայություն, և այդ հատվածի համախմբումը, դրա միջոցով որոշակի քաղաքական հավակնություններ ունենալ կարող են նախկին իշխանությունների հետ կապված տարբեր անձինք: 

Դա կարող է լինել նաև Սերժ Սարգսյանը, ու քանի որ ես կարծում, եմ, որ Սերժ Սարգսյանն անձամբ քաղաքական կյանքում այլևս բացահայտ դերակատարման չի հավակնում, ապա դրան կարող է հավակնել իր ժառանգորդը: 

Մյուս կողմից՝ հավակնորդ է նաև Ռոբերտ Քոչարյանը: Այդ պատճառով այդ ուժերը ներքին պայքար են մղում այդ հատվածին համախմբելու կամ գլխավորելու համար, որպեսզի նրա միջոցով քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորություն ունենան: Այլ հարց է, որ, ինչպես նշեցի, եթե նույնիսկ նրանք համախմբվեն, այդ հատվածի հնարավորությունները չեն բավարարելու իշխանությանը ձեռնոց նետելու համար:

– Ընդդիմադիրներն արդեն մեծ հանրահավաքներ են նախաձեռնում:

– Հանրահավաքներ կարող են նախաձեռնել և նույնիսկ կարող են անցկացնել հանրահավաք, սակայն այդ հանրահավաքի հնարավոր մասնակիցները, այնուամենայնիվ, քաղաքական իշխանության կամ քաղաքական կուրսի փոփոխություն Հայաստանում չեն կարող հարուցել, քանի որ այսօր նրանց ռեսուրսները բավական փոքր են:

Մանե Հարությունյան

MediaLab.am