Համավարակի երկրորդ փուլն առջևում է, և սովորական կյանքին վերադարձը կարող է լինել քայլ առ քայլ, դանդաղ․ Համաճարակաբան

«Մեդիալաբի» հարցազրույցը Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանի հետ

– Պարո՛ն Բադալյան, Կառավարությունը ԱԺ ներկայացրած նախագծով փոխել է արտակարգ դրությունը կարանտինով։ Ըստ ձեզ՝ սա ի՞նչ կփոխի մեր կյանքում, արդյոք սա թուլացում չի՞ նշանակում։

– Ես հասկանում եմ՝ իրավիճակը գնում է դեպի մեղմացում, արտակարգ դրության ռեժիմը փոխակերպվելէ կարանտինային ռեժիմի, և որքան հասկանում եմ՝ հարցերը լուծվելու են, կարանտինի հետ կապված որոշումները կայացվել են ավելի տեղական մակարդակում։ Այսինքն՝ եթե, օրինակ՝ Գեղարքունիքի մարզում համաճարակային վիճակը բարդացավ, մարզպետը հայտարարում է կարանտին, լոքդաուն։ Ես այդպես եմ հասկացել։

– Պարետատուն  էլ չի լինելու․․․

– Այո, տեղական մարմինները կայացնելու են որոշումներ։ Իմ բնորոշմամբ՝ սա մեղմացում է, բայց տոնուսը, զգոնությունը չպետք է թուլացնել։ Մեզ համար հիմա թիվ մեկ վտանգն այն է, որ բացվում են բուհերը, բացվում են դպրոցները, ամբողջ թափով գործելու է տրանսպորտը և այլն։ 

Իսկ այս հիվանդության հարցում բնակչության շարժունակությունը մեծ դերակատարություն ունի, և հիմա մենք մեծ ճակատ ենք բացում, որտեղ մեծ շարժ է տեղի ունենալու։ Ես կարծում եմ, որ հիվանդացության դեպքերի թվի աճ մենք կունենանք, գուցե մեծ չլինի։ 

Դա կախված է լինելու բնակչության գիտակցությունից, պատասխանատվությունից, ինչպես նաև պետության արագ, ճկուն արձագանքից։ Այս նոր բացված ճակատում կառավարություն-պետություն և քաղաքացի կապը, համագործակցությունը պետք է գերակայեն։ 

Բայց այս ամենի հետ մեկտեղ, մենք պետք է մշտապես զգուշավոր մոտեցում ցուցաբերենք։ Պարետատունը հանվում է, արտակարգ դրությունը հանվում է, բայց զգուշավոր մոտեցումը պետք է մնա, ու է՛լ ավելի պատասխանատու լինենք մեր, շրջապատի նկատմամբ։ 

Յուրաքանչյուր մեղմացում չի նշանակում վերադարձ սովորական կյանք։ Ո՛չ, դա նշանակում է սովորական կյանք վերադառնում ես քայլ առ քայլ, դանդաղ՝ միշտ հիշելով, որ կա վտանգ։ Այո՛, իրավիճակի կարգավիճակը փոխվում է, բայց բժշկասանիտարական, հակահամաճարակային միջոցառումների իրականացման հարցում փոփոխություն չի կատարվում։ 

– Պարետատան բացակայությունը, մեղմացումները արդյոք չե՞ն նպաստի մարդկանց զգոնության թուլացմանը՝ հաշվի առնելով այն, որ մինչ այդ էլ մարդիկ աչքի չէին ընկնում պատասխանատու վարքագծով։

– Մեծ հաշվով, պարետատան գոյությունը մարդիկ առանձնապես չէին էլ զգում, այո՛, որոշումներ կայացնող մարմին էր, բայց այնպես չէ, որ անմիջական հսկողություն կար պարետատան կողմից։ Բայց տեղական մակարդակով նույն հսկողությունը մնալու է, մարդիկ արդեն վեց ամիս է՝ լարված աշխատում են և պետք է որ բոլոր կարգ ու կանոնները պահպանեն, վերահսկողություն իրականացնեն։ 

Բժշկասանիտարական մոտեցումների տեսանկյունից պետք է որ ոչինչ չփոխվի։ Բայց էլի պետք է կրկնեմ՝ մարդիկ չպետք է թուլացնեն իրենց զգոնությունը։ Մենք չպետք է մտածենք՝ կարծես թե վերջ, վարակը նահանջում է։ 

Ո՛չ, յուրաքանչյուր թուլացմանը հետևում է է՛լ ավելի զգուշացում։ Երբեմն ինձ հարցնում են՝ որտե՞ղ է տրամաբանությունը, որ մինչև 40 հոգով նստենք քեֆ անենք, բայց դրսում դիմակ կրենք։ Ասում եմ՝ միայն մեկ տրամաբանություն պետք է լինի՝ չպետք է հավաքվես ու քեֆ անես, կամ էլ հավաքվես, բայց ոչ 40 հոգով։ Պետք է զուսպ գործենք։ 

– Շատ երկրներում հիմա կարծես վարակի տարածման երկրորդ փուլն է սկսվել, և օրական դեպքերի թիվը դարձյալ աճում է։ Դուք էլ ասում եք՝ ի դեմս բուհերի, դպրոցների մեծ ճակատ է բացվում։ Այսինքն՝ մե՞նք էլ երկրորդ փուլին սպասենք, թե՞ դա կարող ենք շրջանցել։

– Ես կարծում եմ՝ պետք է տրամադրվենք վարակի հաստատված դեպքերի աճին, և դա արդարացի է, որովհետև այս հիվանդության տեսանկյունից շատ բաներ կան, որ դեռևս անհասկանալի են։ 

Շատ նենգ հիվանդություն է, նրա վարքագիծը անհասկանալի է և, ի տարբերություն սովորական հիվանդությունների, տրամաբանությունից դուրս է գործում։

Միաժամանակ պետք է հիշենք շատ կարևոր բան՝ պետք է սովորենք այս հիվանդության հետ ապրել, ես միշտ իմ շրջապատում ասում եմ՝ սա պետք է իր ուրույն տեղը գրավի մյուս շնչառական վարակների կողքին։

Քիչ-քիչ պետք է սովորենք սրան, և սա պետք է դառնա մեր առօրյան։ Այս անցումային փուլը շատ բարդ է, վախերը շատ են, բայց կամաց-կամաց կսովորենք, ինչպես սովորեցինք գրիպին և մյուսներին։ 

– Եվ մեկ հարց էլ իմունային պատնեշի մասին․ ըստ ձեզ՝ այսօրվա շուրջ 45 հազար վարակակիրների թիվը բավարա՞ր է, որ խոսենք բնակչության իմունային շերտի ձևավորման մասին։

– Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում։ Դա շատ քիչ է, բացարձակ քիչ։ Իրականում հիվանդների թիվը հաստատ ավելի շատ է, քան ձեր նշած և պաշտոնապես հրապարակվող 44 հազարը, որովհետև մենք գիտենք միայն ՊՇՌ դրական թեստերը, բայց կան դեպքեր, որ կլինիկորեն հաստատված են, բայց ՊՇՌ դրական չեն եղել, ասիմպտոմ դեպքերը ևս, այդ ամբողջը որ գումարենք, կարծում եմ՝ այսօրվա դրությամբ մոտ 200 հազար վարակման դեպք եղել է։ Բայց անգամ այդքանը չի կարող բնակչության իմունային շերտը ձևավորել։ Լավագույն դեպքում պետք է վարակվի բնակչության 30 տոկոսը՝ այդ շերտը ձևավորելու համար։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am