«Ռուսաստանը կաջակցի, երբ համոզվի, որ Թուրքիան Հայաստանի տարածքում սկսում է ռազմական գործողություններ». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

– Պարոն Գրիգորյան, Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական գործողությունների տարածաշրջանն ընդլայնում են, ի՞նչ իրավիճակ է այսօր ստեղծվել։

– Ինձ համար ակնհայտ է, որ Թուրքիան միջամտել է այս կոնֆլիկտին։ Պետք է ամեն ինչ անենք, որ միջազգային հանրությունը համոզվի, որ Թուրքիան միջամտել է։ Դա ունի իր պրոբլեմները։ Դուք գիտեք՝ միջազգային հանրությունը շատ իներցիոն համակարգ է։

Մենք դեռ չգիտենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկումների արդյունքները, բայց ես կարծում եմ՝ գլխավոր պրոբլեմը, որը մենք կունենանք այնտեղ, հետևյալն է՝ ինչքանո՞վ ենք նրանք տեղյակ Թուրքիայի միջամտության մասին։ Եթե տեղյակ չեն կամ կիսատեղյակ են, դա նշանակում է, որ մենք պրոբլեմներ կունենանք։

Դա նշանակում է, որ նորից հավասարության նշան կդնեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, կոչ կանեն խաղաղությամբ ավարտել, դադարեցնել ռազմական գործողությունը, ինչն անիմաստ է, քանի որ դա հասցեատեր չունի։ Ես շատ խաղաղասեր մարդ եմ, բայց երբ ինձ վրա հարձակվում են զենքով, ես ի՞նչ անեմ։ Ինձ ասում են՝ մի պաշտպանվիր, խաղաղություն է։ Պարզ է, որ մեզ կսպանեն։ Այստեղ մենք պրոբլեմի առաջ ենք կանգնած ինֆորմացիոն պատերազմում, դիվանագիտական դաշտում։

– Դիվանագիտական ոլորտն անո՞ւմ է այն, ինչ հասնում է իրենից։

– Ես դժավարանում եմ ասել՝ աշխատանք տեսնում եմ, բայց թե արդյոք դա բավարա՞ր է՝ չեմ կարող գնահատել։ Օրինակ՝ ՄԱԿ-ում մերոնք պետք է ակտիվ աշխատեն, ու եթե մենք նույնիսկ այդ նիստին չենք մասնակցում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրների հետ աշխատանք պետք է տարվի, որ իրենք այդ ինֆորմացիան ունենան։

Ես հույս ունեմ, որ աշխատանք կատարվում է, այդ աշխատանքի արդյունքը հիմա կտեսնենք, թե ինչքանո՞վ են այդ երկրները տեղյակ, որ Թուրքիան միջամտել է։ Ի վերջո, դրա ապացույցները շատ հեշտ է ստուգել։ Կարո՞ղ է դժվար է ստուգել՝ վարձկաններ կա՞ն, թե՞ ոչ։ Թե՞ նրանք ինֆորմացիա չունեն՝ Բաքվի օդանավակայանում գրանցվե՞լ են այդ վարձկանները, թե՞ ոչ, Թուրքիայի օդանավակայան ինչքան է մարդ է ժամանել և այլն։

Չեմ կարծում, որ այդքան դժվար է միջազգային հանրությանը դա ստուգել։ Կամ՝ դժվար չէ ստուգել՝ Ադրբեջանը թուրքական զենք օգտագործո՞ւմ է, թե ոչ։ Այսինքն՝ Թուրքիայի միջամտությունն ակնհայտ է ու երևացող, թող հեքիաթ չպատմեն։

Շատ կարևոր է, որ մենք այդ աշխատանքը տանենք տարբեր մակարդակներում՝ փորձագիտական, դիվանագիտական, հասարակական։ ՄԱԿ-ում մենք ներկայացուցիչներ ունենք, այդ 15 անդամ երկրները պետք է այդ ինֆորմացիան ունենան։

Վերջին օրերին գերտերությունների կոչն այն է, որ կողմերը դադարեցնեն ռազմական գործողություններն ու վերադառնան բանակցային սեղանի շուրջ։ Ինչքանո՞վ կա այսօր դրա հավանականությունը։

– Պաշտոնական Երևանը միշտ պետք է ասի, որ մենք պատրաստ ենք, բայց հարձակվողը Ադրբեջանն է։ Ուրեմն այդ կոչերն ուղղեք Ադրբեջանին, նրանք են հարձակվում մեզ վրա։

Մեզ և ադրբեջանցիներին ուղղված այդ կոչերը ոչ մի արդյունք չեն տա, քանի որ ագրեսորը Ադրբեջանն է, ուրեմն հասցեական պետք է լինեն։ Մենք ոչ մի դեպքում չպետք է ասել՝ մենք մինչև վերջ կկռվենք։ Դա Հայաստանում ենք ասում, բայց դրսում պետք է ասենք՝ մենք պատրաստ ենք։

Ես կարծում եմ՝ այս մասշտաբի պատերազմից հետո երկար ժամանակ պետք է անցնի, որ մի քիչ ուշքի գանք նրանք ու մենք։ Հարյուրավոր զոհեր կան երկու կողմից, այնպես չի կարող լինել, որ հաջորդ օրը նստենք ու բանակցենք։

Բայց, այո, սկզբունքը պետք է լինի այն, որ մենք պատրաստ ենք բանակցելու։ Սկզբունքը պետք է լինի այն, որ մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով լուծելու այս հարցը։ Բայց քանի որ քեզ վրա հարձակվում են, պարզ է, դու քո քաղաքացիներին պետք է պաշտպանես։

– Իսկ երկա՞ր կարող են տևել այս ռազմական գործողությունները։

– Եթե միջազգային հանրության կողմից անհասցե հայտարարություններ լինեն, ուրեմն այս պատերազմը երկար կտևի։ Եթե հասցեատիրոջը, ագրեսորին գտնեն ու զգուշացնեն՝ կդադարի այս պատերազմը։

Երկրորդ՝ միջազգային հանրության պարտավորությունն է կանխել Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա։ Դա նրանց պարտականությունն է։ Հարյուր տարի առաջ ցեղասպանություն է եղել Արևմտյան Հայաստանում, հիմա թուրքերն ուզում են դա կատարել Արևելյան Հայաստանում։

Ռուսաստանը կարծես չեզոք դիրք է զբաղեցնում այս անգամ։

– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը չեզոք է։ Նրանք ուշադիր հետևում են, բայց ես կասկած չունեմ, որ Ռուսաստանը կաջակցի, երբ համոզվի, որ Թուրքիան այստեղ կա, ու Հայաստանի տարածքում սկսվեն ռազմական գործողություններ։

Ոչ թե ես միամիտ եմ, մտածում եմ, թե նրանք մեզ սիրում են, ուղղակի մենք ՀԱՊԿ անդամ ենք։ Եվ եթե Ռուսաստանը ՀԱՊԿ անդամին չի աջակցում, դա նշանակում է, որ Ռուսաստանն իր բոլոր դաշնակիչներին «քցելու» է ու վաղը չի աջակցի Ղազախստանին, Բելառուսին։ Սա սկզբունքային հարց է հենց Ռուսաստանի համար։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am