«Շատ կուզեի` մի նորմ ընդունվեր, որով պարտադրվեր, որ բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների երեխաները, թոռները սովորեն հասարակ դպրոցներում». Փորձագետ

«Շատ կուզեի` մի նորմ ընդունվեր, որով պարտադրվեր, որ բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների երեխաները, թոռները սովորեն հասարակ դպրոցներում». Փորձագետ
«Շատ կուզեի` մի նորմ ընդունվեր, որով պարտադրվեր, որ բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների երեխաները, թոռները սովորեն հասարակ դպրոցներում». Փորձագետ

«Մեդիլաբի» հարցերին պատասխանում է կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

– Պարո՛ն Խաչատրյան, կառավարությունը կրճատում է կրթությանը հատկացվող գումարները: Արդեն 2020-ին ՀՆԱ-ից հատկացվող մասնաբաժինը կկազմի 1,85 տոկոս: Արդյո՞ք սա չի վկայում կրթության նկատմամբ կառավարության, իշխանության վերաբերմունքի մասին։

– Իհարկե, մենք վաղուց պետք է հասած լինեինք նրան, որ կրթության ոլորտին հատկացվեր ՀՆԱ-ի 4 տոկոսը, համենայն դեպս, ԱԺ կողմից հաստատված օրենքով նախատեսված է, որ 2015 թվականին արդեն պետք է ՀՆԱ-ի 4 տոկոսը հատկացվեր կրթությանը, բայց 2015-ին մենք չհասանք այդ ցուցանիշին, 2,5 տոկոսի սահմաններում էինք։ Հիմա հասել ենք 2,3 տոկոսի սահմանագծին, ու պարզվում է, դեռ էլի շարունակելու ենք իջնել՝ ընդհուպ մինչև 2 տոկոսից ցածր։ Կառավարության պաշտոնական պատասխանը հետևյալն է. իրենք չեն ուզում ինչ-որ արհեստական բան ցույց տալ, ուզում են ավելի ռեալիստական հատկացումներ անել, հուսալով, որ առաջիկայում այդ ցուցանիշը կաճի։ Այնպիսի տպավորություն է, որ նախորդ 2,5 տոկոսն էլ ապահովել են պարտք վերցնելով։ Ես իսկապես մտահոգված եմ, որովհետև այսօր աշխարհում ամենամեծ խնդիրը հասարակության լայն զանգվածների, միջինից ցածր կենսամակարդակ ունեցող բնակչության կրթության հարցն է։ Հիմա մենք ապագայում ունենալու ենք մի աշխարհ, որտեղ այդ երեխաները հեշտությամբ աշխատանք կգտնեն։ Այս ցուցանիշի նվազումն ազդելու է հենց այդ խավի երեխաների վրա։ Այսինքն՝ հասարակության հարուստները, միջին խավը, միևնույն է, մասնավոր պարապմունքների միջոցով լուծելու են իրենց երեխաների կրթության հարցը։ Այստեղ տուժելու են այն երեխաները, որոնց կրթության հարցն ամբողջությամբ կախված է պետական դպրոցի մատուցվող ծառայություններից։ Մենք հայտարարում ենք, որ ուսուցիչների աշխատավարձը չի բարձրանալու, հետևաբար, ուսուցիչներն ավելի վատ են աշխատելու, և կրթության որակն ավելի է վատանալու։

– Մենք գիտենք, որ հարուստների երեխաները մասնավոր կամ էլիտար դպրոցներում կամ էլ արտերկրում են կրթություն ստանում։ Այսինքն՝ ստացվում է, որ չկա՞ պետական հոգածություն հասարակության լայն շերտերի նկատմամբ։

– Այո՛, այդպես է։ Միգուցե մի քիչ կոշտ բան եմ առաջարկում, բայց ես շատ կուզեի` մի նորմ ընդունվեր, որով պարտադրվեր, որ բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների երեխաները, թոռները սովորեն հասարակ դպրոցներում։ Որովհետև այս ձևով ոչ մի շահագրգռություն չկա մտածել սովորական դպրոցների մասին։ Գործում է՝ «ես լուծում եմ իմ երեխայի կրթության հարցերը, մնացածն էլ թող յոլա գնան» տրամաբանությունը։

– Ի վերջո, ինչի՞ կհանգեցնի այս իրավիճակը։ Տարիներ շարունակ խոսում էին գիտելիքահենք հասարակություն ստեղծելու մասին, ստացվեց, որ այդ ամենն իմիտացիա՞ էր։

– Համակարգային առումով՝ այո՛։ Այսօր Հայաստանի կրթության ոլորտում բյուրեղանում է մի համակարգ, երբ հասարակության մի մասը, հիմնականում հարուստները և բացառիկ տաղանդավորները, ունենում են կրթություն ստանալու, զարգանալու հնարավորություն, վստահ եմ՝ այդ երեխաները վաղվա Հայաստանի պաշտոնյաներն են լինելու, այսինքն՝ ինչ-որ իմաստով նաև ժառանգականության սկզբունքն է սկսելու գործել, հարուստ պաշտոնյաների երեխաները ապագայում լինելու են հարուստ պաշտոնյաներ, այսինքն՝ վերարտադրվելու են, և կրթությունն արդեն բյուրեղանում է այդկերպ։ Իսկ ովքեր այսօր աղքատ են, աղքատությունն էլ է վերարտադրվելու։ Այսինքն՝ մենք ունենում ենք մի համակարգ, որտեղ սոցիալական վերելակը չի աշխատում։ Կրթության միջոցով դու աղքատ երեխային կարող ես բարձրացնել վերև, եթե նա սովորում է, եթե դու իրեն լավ կրթություն ես տալիս։ Հիմա Հայաստանում այդ սոցիալական վերելակը, կոպիտ ասած, չի աշխատում, խափանվել է։ Աղքատ ընտանիքի երեխան նորից դառնում է աղքատ, որովհետև դպրոցը չի կարողանում այդ երեխաներին բարձրացնել։ Ուսուցիչը մոտիվացված չէ, ծնողները չեն աջակցում, երկրի միջավայրն էլ նպաստավոր չէ։ Սա է խնդիրը։ Այսօր մեր սոցիալական կյանքում առկա բևեռացումը ուղղակի բյուրեղանում է կրթության ոլորտում։ Իսկ եթե դա արդեն բյուրեղացավ կրթության ոլորտում, հետագայում այն փոխելը տասնամյակների ու սերունդների հարց է լինելու։

– Հայաստանում կառավարություններ փոխվեցին, բայց կրթության նկատմամբ վերաբերմունքը, արձանագրում ենք, որ չփոխվե՞ց։

– Ո՛չ, չի փոխվել։ Օրինակ՝ խոսքի մակարդակով ասվում է գյուղերի, սահմանամերձ համայնքների դպրոցների մասին և այլն, բայց բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում խնդիրը խոսքը չէ, այլ քայլերը։ Եթե մենք ուզում, որ հասարակությունն ավելի լավատես լինի, խոսքով լավատես չեն դառնում։ Եթե քայլեր լինեն, հասարակությունը կդառնա լավատես. քայլն է լավատեսություն առաջացնում, ոչ թե խոսքը։

Լուսանկարը՝ «Բուն TV»

Մանե Հարությունյան

MediaLab.am