«Կյանքը կանգ առավ այդ անիծված հոկտեմբերի 2-ին, կարոտ մնացինք նրա ձայնին, ծիծաղին»․ տղայի զոհվելուց հետո մայրն ապրելու իմաստը կորցրել է

43-ամյա Լուսինե Ավանեսյանի համար աշխարհը փլվել և կյանքը կանգ է առել հոկտեմբերի 2-ին։ Այդ օրը մայրը ստացել է 19-ամյա որդու՝ ժամկետային զինծառայող Ալեքս Ավանեսյանի զոհվելու մասին ցավալի լուրը։

«Կյանքը կանգ առավ այդ անիծված հոկտեմբերի 2֊ին։ Կարոտ մնացինք նրա ձայնին, ծիծաղին, խորհուրդներին։ Կյանքն առանց Ալեքսի իմաստ չունի»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։

Լուսինե Ավանեսյանի համար որդու զոհվելը երրորդ ողբերգությունն է, որ տեսել է վերջին տարիներին։ Լուսինեն 6 երեխա է ունեցել, տարիներ առաջ կորցրել է երկու դուստրերին, իր խոսքով՝ բժիշկների սխալի պատճառով, ամուսինն էլ 2018-ին է զոհվել հակատանկային ականի պայթյունից։ 

«Հիմա շնչում ենք, բայց մեռած վիճակում եմ, ո՞նց բացատրեմ։ Ապրում եմ հուշերով, շնչում եմ հուշերով»,- նշում է Լուսինեն։

Ալեքս Ավանեսյանը զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ՝ Դաշքեսանի տարածքում։

Մարտական գործողություններում ցուցաբերած արիության համար ԱՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մայրն ասում է՝ որդին զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից, միաժամանակ հակառակորդի կողմից գործադրվել են նաև ռազմական ավիացիա, հրթիռահրետանային տարբեր միջոցներ:

«Ամեն տեսակի զենք էդ պահին կպել ա էդ մեքենային, ինքը նշանառու է եղել՝ կրակի վրա»,- ասում է մայրը։

Լուսինե Ավանեսյանը պատմում է, որ վերջին անգամ տղայի հետ հեռախոսով խոսել է սեպտեմբերի 29-ին։

«Սկզբում ամեն օր մի քանի անգամ զանգում էր, ասում էր՝ մա՛մ ջան, վերցրու երեխեքին գնա, էս ձեր տեսած կռիվը չի, էս շատ ահավոր կռիվ ա։ Մյուս տղաս էլ էր ծառայում: Ասացի՝ տղա ջան, ո՞նց թողնեմ ձեզ ու գնամ, ինքս ինձ փրկեմ։ Հոկտեմբերի 2-ին զանգեցին, դեպքի տվյալների մասով ասեցին, ու գնացի ԴՆԹ հանձնելու, դրանից հետո ԴՆԹ-ն հաստատվեց»,- ասում է Լուսինեն։

Որդու զոհվելու մասին Լուսինեին հայտնել է եղբայրը, ասում է՝ ճիշտ է, մինչև այսօր էլ չի հավատում և համակերպվում որդու կորստի հետ, բայց մինչ լուրն իմանալը արդեն կասկածներ ուներ, որ տղան մահացել է:

«Տղաս իրա ընկերոջ համարով էր զանգում, հայկական համար էր, ասում էր՝ էդ համարով կզանգես, ինձ հետ կկապվես: Ես հետո մի քանի անգամ զանգեցի, էդ տղան հեռախոսը չվերցրեց, հետո վերցրեց, ասեցի՝ Ալեքսին եմ ուզում, ասեց՝ ես հոսպիտալում եմ, ասեցի՝ բա ինչի՞ ես հոսպիտալում, բա թե՝ մեջքս ցավում ա: Ասեցի՝ էս ժամանակ մեջքը ցավելու համար ո՞վ ա գալիս հոսպիտալ, ու արդեն կասկածս մտավ մեջս։ Զանգեցի եղբորս, ասացի, այդ պահին էդ կողմերը օգնություն էին տանում: Եղբայրս գնաց, հետո զանգեց, ասեց՝ թե երեխեն չկա։

Ասացի՝ ո՞նց չկա, չէի հավատում, ու մինչև հիմա էլ չեմ հավատում: Ասեց՝ քո՛ւր ջան, երեխեն մահացել ա, ասեցի՝ հաստա՞տ իմ երեխեն ա, ասեցի՝ իրա վրա նշան կա, էդ նշանն ամուսինս էլ ուներ, եթե նշանը կա, ուրեմն իմ երեխեն ա: Ախպերս ասեց՝ երեխուց մի կտոր ա մնացել, հեսա բերում ենք, էդքան մի բան»,- հուզվում է մայրը։

Լուսինեն ասում է, որ որդու կորուստը այնպիսի վերք է, որ երբեք չի սպիանա, ցավով ընդգծում է, որ կորցրել է տան հույսն ու լույսը:

«Եթե ճիշտն ասեմ՝ Ալեքսից հետո ո՛չ ես, ո՛չ երեխաներս մեր ապագան չենք պատկերացնում։ Ամուսնուս մահից հետո միակ լույսի ճրագը ու հույսը Ալեքսն էր։ Ինչ լինում էր, երեխեքը, անգամ ես իրենից էինք խորհուրդ հարցնում։

Որ ճանաչեիք Ալեքսին, մինչև այսօր դուռը ծեծում են՝ բա՞ Ալեքսի տունն ա, Ալեքսի մամա՞ն եք: Հաճախ հանդիպում էի այնպիսի մարդկանց, որոնց չէի ճանաչում, ինձ կանգնեցնում էին, լիքը շնորհակալանքի խոսքեր ասում։ Ես ասում էի՝ երևի ինչ-որ մեկի հետ շփոթել եք, ինձ ասում էին՝ տիկին, դուք Ալեքսի մա՞յրը չեք, ասում էի՝ այո՛, դե, մենք ձեզ շնորհակալ ենք, որ Ալեքսի նման տղա եք դաստիարակել, Ալեքսը մեզ շատ հարցերում է օգնել։ Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող էր 19 տարեկան տղան այդքան հարգված լիներ»,- նշում է մայրը։

Ասում է՝ տղան մարդասեր էր, ուշադիր, մեծահոգի, սիրում էր կատակել ընկերների հետ, խորհուրդներ տալ։

«Եղբորը, որը ծառայության մեջ էր, ասում էր՝ որ քեզ ինչ-որ բան ենք բերում, կիսիր ընկերոջդ հետ, էնպես չի, որ երեխան չէր կիսում, բայց ինքն ինձ էլ միշտ ասում էր՝ ինչ տանում ես, մի քանի բան ավելին տար, երեխեք են, էլի, տնից-տեղից կտրված, մի ուրիշ տեսակի մեծահոգի էր»,- ասում է մայրը։

Լուսինեն նշում է, որ չգիտի՝ կգա՞ արդյոք մի օր, որ ուշքի կգա ցավից, դեռ ցավի համար սփոփանք չի գտնում:

«Ամեն գիշեր երազում տեսնում եմ, մի անբացատրելի ցավ է, խեղդվում ենք»,- հուզվում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am