«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը
– Ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Ալիևի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու, թեև ընտրություններից առաջ հայտարարում էր, որ ընտրություններից հետո դա տեղի կունենա: Ձեր կարծիքով՝ նման հայտարարությունների տակ կա՞ն ռազմական գործողությունների վերսկսման վտանգներ:
– Ակնհայտ է, որ վտանգներ կան։ Ինչպես հռետորաբանությունն է վկայում, այնպես էլ անընդհատ տեղի ունեցող զորավարժությունները, Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունն ավելի ընդլայնելու և խորացնելու որոշումները, այն, որ որոշում է ընդունվում Ադրբեջանում բանակի թվաքանակն ավելացնելու, նոր զենքերով համալրելու մասին։
Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը մեր տարածաշրջանում և այդ ագրեսիվության թիրախը տեղափոխում է Հայաստանի ուղղությամբ։
Ամեն ինչ վկայում է այն մասին, որ ինչպես իրական գործողությունների, այնպես էլ հռետորաբանության մակարդակով Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։
– Ալիևը նաև ասել է, որ պատերազմի ժամանակահատվածն արդեն անցյալում է։
– Եթե նա ասեր, որ կա ռազմական գործողությունների խնդիր, նշանակում է, որ պատերազմ է հայտարարում, բայց ակնհայտ է, որ ներկա փուլում Ադրբեջանը Հայաստանին պատերազմ հայտարարելու մտադրություն չունի, դեռևս գնում է պատերազմի նախապատրաստում։
– Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանին են պատկանում Սևանը, Երևանը և Զանգեզուրը։ Այսպիսի հռետորաբանությունը ի՞նչ նպատակ է հետապնդում։
– Առաջին անգամ չէ, որ Բաքվից ամենաբարձր մակարդակով այդպիսի հայտարարություններ են հնչում։ Բազմիցս նշել եմ, որ սա հռետորաբանություն է, ցնորք է, բայց դրան չպետք է անլուրջ մոտենանք, որովհետև այդ հռետորաբանությունը նախապատրաստում է ապագայում Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմի սանձազերծման, որովհետև կլինի հետևյալ կարգախոսի ներքո՝ ազատագրում ենք հայերի կողմից օկուպացվող տարածքները։
Այնպես որ, պետք է լուրջ վերաբերվել այս հայտարարություններին։
– Այս հայտարարությունները հնարավո՞ր է ներքին սպառման համար են, քանի որ Ադրբեջանում չեն դադարում բողոքի ակցիաները։
– Ես չեմ կարծում, որ սա ներքին սպառման համար է, կարծում եմ, ընդհակառակը, սա ուղղված է արտաքին աշխարհին, հռետորաբանության մակարդակով տեղի է ունենում նոր և ագրեսիվ պատերազմի նախապատրաստում Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ, որի թիրախը պետք է լինի Սյունիքը։
Ինչ վերաբերում է ակցիաներին, ես Ադրբեջանի ներքին քաղաքականության մասնագետ չեմ, ես առաջին հերթին գնահատում եմ որպես Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժանելի մաս։
– Այս պարագայում հայկական կողմի անելիքը ո՞րը պետք է լինի։
– Իմ համոզմամբ՝ առաջին հերթին մենք պետք է ուժեղացնենք մեր սահմանները, պետք է մեր բանակը վերականգնենք, ուժեղացնենք անվտանգության համակարգը, մեր դաշնակիցների հետ ավելի սերտ համագործակցենք, պետք է նոր դաշնակիցներ փնտրենք, պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, միաժամանակ թույլ չենք տա, որ մեզ թուլացնեն, նսեմացնեն։
Մենք պետք է վերականգնենք միջազգային ասպարեզում մեր հեղինակությունը, այսինքն՝ անելիքները շատ են։ Եվ մեր ադրբեջանագետները, միջազգայնագետները, հայագետները պետք է այս ամենին արդեն պատմագիտական մակարդակով պատասխան տան։
– Ստացվում է՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի «ախորժակն» ավելի՞ է բացվել։
– Այստեղ ես դիտարկում եմ Ալիևի քաղաքականությունը ոչ թե որպես ինքնուրույն քաղաքականություն, այլ Թուրքիայի քաղաքականության մի մաս տարածաշրջանում։ Թուրքիան չի հանգստանում, շարունակելու է իր քաղաքականությունը մեր տարածաշրջանում՝ օգտագործելով նաև Ադրբեջանը։
Իսկ Թուրքիայի տարածաշրջանային նպատակներն են՝ առաջին հերթին տարածաշրջանը դարձնել հնարավորինս իրեն հպատակ մի տարածաշրջան, երկրորդ՝ հնարավորինս թուլացնել Հայաստանը։ Եվ մեր տարածաշրջանում Ադրբեջանը մաս է կազմում թուրքական մեծ ռազմավարության։
Մանե Հարությունյան
MediaLab.am