«Միջնորդ Ռուսաստանը իր պասիվությամբ անուղղակիորեն սպասարկում է մեր հակառակորդի շահերը»․ քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը

– Պարո՛ն Օրդուխանյան, Երասխում հակառակորդը վերսկսել է կրակոցները։ Սահմանային լարվածությունը չի թուլանում։ Արդյոք կա՞ լայնամասշտաբ գործողությունների վերսկսման վտանգ, թե՞ ոչ։

– Որևէ բան հարյուր տոկոսով բացառելն այս պահին տակտիկական սխալ կլինի։ Մենք պետք է լավ հասկանանք՝ ո՛ւմ հետ գործ ունենք. մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, որը երբևէ որևէ պայմանավորվածություն չի պահել և չի պահում։

Ըստ էության, պայմանավորվածությունները խախտելը նրանց ստրատեգիայի մեջ է, այդ թվում և՝ դիվանագիտության տեսանկյունից։ Այնպես որ, հաշվի առնելով սա՝ մենք լիարժեքորեն չենք կարող վստահ լինել, որ լայնամասշտաբ գործողություններ չեն լինի, բայց դրանց հավանականությունն այսօր խիստ փոքր է՝ հաշվի առնելով բազմաթիվ իրողություններ, նախևառաջ այն, որ լայնամասշտաբ գործողություններն այս պահին ձեռնտու չեն Ադրբեջանին, որովհետև հասկանալի է, որ այստեղ այլևս Արցախի հարց չէ, այլևս միջազգային իրավունքով և միջազգայնորեն ճանաչված ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ են այս ոտնձգությունները կատարվում, և սրանք տեղափոխում են Ադրբեջանի սողացող պատերազմը ՀՀ սահմաններ:

Նրանց  նպատակն այսօր Հայաստանի շուրջ իրենց հասանելի բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող կետերը իրենց վերահսկողության տակ վերցնելն է։ Եկեք ուշադրություն դարձնենք, որ թե՛ Գեղարքունիքի մարզը, թե՛ Տավուշը Հայաստանի ստրատեգիական ճանապարհների հատվածներն են։

Երասխի պարագան էլ Հյուսիս-հարավի տրամաբանության մեջ է տեղավորվում, այդ թվում՝ երկաթգծի, քանի որ այդտեղով ժամանակին անցել է երկաթգիծը, և կոմունիկացիաների ապաշրջափակում նշանակում է նաև այդ հատվածում։

– Այսինքն՝ այդ հատվածների հետ կապված կոնկրետ ծրագի՞ր ունի Ադրբեջանը։

– Այո՛, նա ուզում է Հայաստանի կարևոր ստրատեգիական կետերը վերցնել իր վերահսկողության տակ, որպեսզի նաև Հայաստանի վրա ցանկացած պարագայում ճնշում գործադրի։

– Հայկական կողմի քայլերը որո՞նք պետք է լինեն։ Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը մերժում է խաղաղության պայմանագիրը, փաստաթղթերի մասին է ակնարկում Զախարովան։

– Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի առաջարկած խաղաղությունն ամենևին մեր պատկերացրած խաղաղությունը չէ, այդ թվում՝ միջնորդ Ռուսաստանը, որն իր պասիվությամբ անուղղակիորեն սպասարկում է մեր հակառակորդի շահերը, որովհետև Հայաստանի նկատմամբ իր դաշնակցի պարտականոթյունները լիարժեքորեն չի կատարում, և սա արդեն փաստ է։

Հետևապես, մենք պետք է պատրանքներից զերծ մնանք և շատ ավելի ճկուն քաղաքականություն իրականացնենք արտաքին քաղաքականության մեջ, առավել ևս, որ մենք Ֆրանսիայից շատ հստակ մեսիջ ստացանք, որ Ֆրանսիան պատրաստ է դիտարկելու Հայաստանի ցանկացած հայտ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։

Այնպես որ, պետք է շատ արագ կողմնորոշվել, մեզ համար ցանկացած վայրկյանը կարևոր է, որովհետև այս անկայունությունը կարող է խորանալ և դառնալ պերմանենտ անկայունություն Հայաստանի սահմաններին։ Այսօր մեր անելիքը մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռելն է։

– Նշվում է, որ ռազմական աջակցության տեսանկյունից պետք է լրջորեն դիտարկել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ասածները, մասնավորապես այն, որ Ֆրանսիան և Հայաստանը երկու տարբեր ռազմավարական դաշինքների մեջ են։

– Այո՛, մենք պետք է հասկանանք, որ նախ պետք է աշխատենք, որպեսզի արդյունք ունենանք։ Եթե մենք ի սկզբանե պետք է ասենք՝ դե, դա չի ստացվելու, որովհետև մենք ուրիշ ռազմավարական դաշինքի անդամ ենք։ Մենք տեսանք, որ այն դաշինքը, որին անդամակցում ենք, ոչ միայն չի պաշտպանում մեր պետական շահերը, այլև ամբողջությամբ հակառակ քաղաքականություն է իրականացնում։

Մենք պետք է հասկանանք, որ այլ դաշինքներից մեզ արվում են համագործակցության առաջարկներ, և շատ արագ դիտարկենք, որպեսզի կարողանանք մեր պետության անվտանգությունը պաշտպանել։

Ըստ էության, երբ սպառնալիքը շատ իրական է, մենք ոչ թե պետք է պարփակվենք ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններով, այլ պետք է բացվել աշխարհի առաջ, տեսնել՝ մեզ ով ինչ է առաջարկում, պետք է կարևորել մեր, ոչ թե ՀԱՊԿ շահը։

– Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան և տարածաշրջան ի՞նչ կարող է փոխել այս առումով։

– Իհարկե, խոսվում է տնտեսական բաղադրիչի մասին, բայց այդ տնտեսական բաղադրիչը քաղաքական որոշման արդյունքում է, և եթե չլինի քաղաքական որոշում, ԵՄ-ն չէր առաջարկելու 2,6 միլիարդը։ Դեսպանը շեշտեց, որ Մակրոնը կգա Հայաստան այն ժամանակ, երբ իր այցը Հայաստան կլինի շատ ավելի արդյունավետ։ Սա մեսիջ էր իշխանություններին, որ պետք է այդ ուղղությամբ աշխատանք իրականացնել։

– Իսկ քայլեր արվո՞ւմ են։

– Կոնկրետ քայլեր դեռևս չկան և չկան օբյեկտիվ պատճառներով, դեռևս կառավարություն չի ձևավորվել։ Մեր ԱԳ նախարարությունը ղեկավար չունի։ Եվ ժամանակն ի վնաս մեզ է աշխատում։

Մանե Հարությունյան

MediaLab.am