16+ կուսակցությունները իրենց փրկելու և իշխանության լափամանին մոտենալու փորձեր են անում. Նախկին մարզպետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, դուք հրաժարական եք ներկայացրել։ Ինչո՞ւ այդպես պատահեց, ի՞նչն էր պատճառը։

– Պատճառը քաղաքական թիմի որոշումն էր։ Իմ հրաժարականի տեքստում, որը հրապարակեցի իմ ֆեյսբուքյան էջում, մանրամասն ներկայացրել եմ իմ պաշտոնավարման տարիներին կատարված աշխատանքը և այլ մանրամասներ։

– Կարո՞ղ ենք հասկանալ, որ պակաս վստահություն էիք սկսել վայելել, ինչի համար անհրաժեշտ եղավ փոխել ձեզ։

– Չեմ կարող այդպես ասել, որովհետև ինձ նաև աշխատանքի այլ առաջարկներ են եղել, որոնցից այս պահի դրությամբ հրաժարվել եմ։ Այժմ մի փոքր հանգստանալու ցանկություն ունեմ։ 

– Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը։

– Չեմ կարող նշել՝ ինչ պաշտոններ, բայց մի քանի առաջարկ եղել է, ոչ պակաս, քան մարզպետի պաշտոնն էր։ Ոչ պակաս կարևոր և պատասխանատու։ 

– Կառավարության կազմո՞ւմ։

– Այո՛, գործադիրում։ Բայց ես հրաժարվել եմ այդ առաջարկներից և հիմա մի փոքր հանգստանալու եմ։ Իսկ հետագայում թե ինչ որոշում կընդունեմ, և ինչ քննարկումներ կլինեն, չգիտեմ։

– Նեղացա՞ծ եք թիմից։

– Ոչ իհարկե, ես նաև հայտարարել եմ, որ մնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ակտիվ աջակցելու եմ իմ քաղաքական թիմին և ուժերիս ներածին չափով անելու եմ ամեն ինչ, որ հաջողություններ ունենանք։

– Պարո՛ն Ղուկասյան, այս օրերին շատ է խոսվում ձեր ներկայացրած ուժի, իշխանությունների հեղինակազրկման, վստահության կորստի մասին։ Ի՞նչ եք կարծում այդ մասին։ 

– Նման ձևակերպում չէի տա, բայց, բնականաբար, պատերազմում անհաջողություններից հետո դա, կարծում եմ, բնական գործընթաց է, և քաղաքացիները ունեն շատ հարցեր՝ դրա հետ կապված։

Չի բացառվում նաև ինչ-որ չափով վստահության կորուստ։ Դա, իմ կարծիքով, շատ մեծ ծավալների չի հասնում, և մեր իշխանությունն արել է ամեն ինչ, որ հաջողություններ ունենանք ռազմաճակատում։ 

– Մարզպետների, կառավարության անդամների փոփոխությունը մի տեսակ իշխանության դեմքը փրկելու նման չէ՞։

– Ո՛չ, նման բան չի կարող լինել։ Գիտեք, որ Լոռու մարզպետ նշանակվեց իմ ընկերը, թիմակիցը՝ Արամ Խաչատրյանը, նա նույնպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և եղել է թիմի ներսում և որևէ կերպ չի կարելի դա դիտարկել ձեր նշած կտրվածքով։

– Պարո՛ն Ղուկասյան, այս օրերին Երևանում բազմամարդ հավաքներ են, երթեր, 16+ կուսակցություններ, առանձին անհատներ, գործիչներ, գիտնականներ պահանջում են կառավարության հրաժարականը։ Արդյոք սա բավարար հիմք չէ՞, որ վարչապետը հրաժարական տա։

– Ոչ իհարկե։ Այդ կուսակցությունները բոլորը կամ դրանց հիմնական մասը եղել են նախկինում իշխանության մաս, մենք տեսել ենք, թե իրենց իշխանության տարիներին երկիրն ինչպես է կառավարվել, և այդ մարդկանց, իմ կարծիքով, չեն անհանգստացնում ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Արցախը։

Նրանք իրենց փրկելու և իշխանության, այսպես ասած, լափամանին մոտենալու փորձեր են անում։ Ժողովրդի լայն զանգվածների հետ նրանք որևէ առնչություն չունեն՝ իմ կարծիքով։

Նրանց մեծ մասին ես համարում եմ սրբապիղծ, որ այս օրերի ընթացքում, համենայնդեպս, հաշվի չառնելով շատ-շատ հանգամանքներ, զբաղված են աթոռակռվով։ 

– Բայց միայն կուսակցությունները չէ, որ պահանջում են Փաշինյանի հրաժարականը՝ մտավորականներ են, գիտնականներ, հոգևոր դասը…

– Մտավորականների այն դասը, որոնք ներկայացրել է նման պահանջ, սերտաճած է եղել նախկին իշխանությունների հետ, եղել են պալատական մտավորականներ, և նրանց մտավորական համարելն էլ ճիշտ չէ։

Նրանք չեն ներկայացնում մտավորականության լայն շերտերը, որոնք իրոք մտահոգ են մեր երկրով։ Նրանք նույնպես ունեն շահեր, նույնպես օգտագործվում են նախկին իշխանությունների ժամանակ և նույն կերպ հիմա են օգտագործվում։

– Պարո՛ն Ղուկասյան, կան շատ մարդիկ, որոնք ընդհանրապես աղերս չեն ունեցել նախկին իշխանությունների հետ, այսօր էլ, օրինակ՝ շատ գիտնականներ էին նման պահանջագիր ներկայացրել։ 

– Կապ ունեցել են և լավ կապեր են ունեցել։ Եթե նայեք, այդ գիտնականների մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք բավականին լուրջ սերտաճած են, ունեն համատեղ շահեր, գուցե նաև՝ բիզնեսներ։

Այնպես որ, այդ մարդկանց կամ մի քանի հոգու կամ մի խումբ մտավորականների ու գիտնականների կարծիքը չի կարող տարածվել բոլորի վրա։ Նախկիններին սերտաճած խմբերն են վարչապետի հրաժարականը պահանջում։

Երեկ էլ վարչապետն իր հարցազրույցում ասաց, որ իրենք ուզում են իշխանությունը որևէ ձևով զավթել ու ժողովրդին զրկել իշխանություն ձևավորելու իրավունքից։

Եվ երբ կգա ժամանակը, երբ կգա իրավիճակը, այդ ժամանակ ժողովուրդը նորից կորոշի, թե ով է լինելու Հայաստանի իշխանությունը։

Իսկ այդ խմբերը, ինչքան էլ պատկառելի գիտնականներ, մտավորականներ լինեն նրանց մեջ, չեն կարող որոշել, թե ով պետք է լինի երկրում իշխանությունը։ 

– Իսկ ե՞րբ կգա այդ ժամանակը։

– Չեմ կարող ասել։ Այդ հարցն արդեն իմ իրավասության տիրույթում չէ։ Կարծում եմ՝ շատ խնդիրներ, որոնք պատուհասել են մեր երկիրն այս պահին՝ անվտանգության, սոցիալական ոլորտներում, պետք է լուծում ստանան։

Երբ այդ հարցերը կարգավորենք, նոր միայն հնարավոր  կլինի մտածել այդ մասին։ Այս պահին գնալ և մտնել ընտրական պրոցեսի մեջ և խաթարել փխրուն կայունությունը, կարծում եմ՝ ճիշտ չէ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am