«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
– Պարոն Բաբայան, օրերս ադրբեջանցիները դիպուկահար կրակոցով Մարտակերտում խաղաղ բնակիչ են սպանել: Ձեր կարծիքով՝ ո՞րն է Ադրբեջանի նպատակը, նսեմացնե՞լ ռուս խաղաղապահների դերը, վախեցնե՞լ բնակիչներին, որ հուսահատվեն ու հեռանան:
– Նրանք հիմա հասկանում են, որ չեն կարող պատերազմով հարցը կարգավորել, որ լայնածավալ պատերազմը կբերի Ռուսաստանի հետ բախման: Նրանք հասկանում են, որ ինչքան ռուս խաղաղապահներն այնտեղ են, Արցախի անվտանգությունն ապահովված է, հասկանում են, որ ինչքան կա Արցախը, նրանք Հարավային Կովկասում և ավելի մեծ տարածաշրջանում իրենց աշխարհաքաղաքական նպատակներին չեն կարողանում հասնել՝ Հյուսիսային Կովկասի գրավում, Կենտրոնական Ասիա ներթափանցում, Իրանի մասնատում, Պովոլժիեի և հարակից շրջանների գրավում և այլն:
Հիմա իրենց պետք է, որ և՛ հայերը չլինեն, և՛ ռուս-հայկական եղբայրությունը խարխլեն: Ի՞նչ պետք է անեն դրա համար. լայնածավալ գործողություն չեն կարող անել, ահաբեկչություն են անում: Նման կրակոցներով ուզում են մարդկանց վհատեցնեն, որ մարդիկ մտածեն՝ ապագա չկա, որ պետք է երեխաների համար դուրս գալ Արցախից, որ անվտանգ չէ:
Երկրորդ՝ հարվածում են հայ-ռուսական եղբայրության վրա, ասում են՝ տեսնո՞ւմ եք, ռուսներն այնտեղ են, բայց չեն իրականացնում իրենց առաքելությունը: Բայց եթե 2,5-3 կմ-ից ինքը կրակում է, դա ո՞նց է հնարավոր կանխել: Այսինքն՝ սա մտածված է, միշտ էլ լինելու է: Որքան էլ հզոր լինի ոստիկանական համակարգը, միշտ էլ ավազակներ ու հանցագործներ կան: Նույն վիճակն է, հանցագործների փիլիսոփայությունն է աշխատում:
– Նշվում է, որ այդ դեպքի ժամանակ ռուս խաղաղապահներն նրանց կողքին են եղել:
– Առավել ևս, դա ցույց է տալիս ադրբեջանցիների բուն նպատակը:
– Խնդրին ի՞նչ լուծում պետք է տրվի, որ այս կարծիքները չլինեն: Ի՞նչ պետք է անել, որ մարդիկ իրենց անվտանգ զգան, հանգիստ իրենց հողը մշակեն:
– Անվտանգությունը միայն տարածքների ու տեխնիկական հարցը չէ: Ի՞նչ է պետք անել. նախևառաջ մենք չպետք է հուսահատվենք, վհատվենք այդպիսի քայլերից: Նման բաներ ապագայում էլ կարող են լինել և, ըստ ամենայնի, լինելու են:
Երկրորդ` պետք է հասկանանք, որ Ռուսաստանի, Հայաստանի, հայ և ռուս ժողովուրդների եղբայրությունը կարևոր է մեր պետականաշինության համար: Այլ տարբերակ չունենք էլ, ընդհանուր առմամբ պետք է լավ լինենք մեկս մյուսի հետ, որովհետև ունենք ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր խնդիրներ, ընդհանուր թշնամիներ: Ինչո՞ւ պետք է վատ լինենք: Իսկ ադրբեջանցիներն ուզում են, որ վատ լինենք: Դրա համար պետք է և՛ մեր ներքին աշխարհայացքը պինդ լինի, և՛ մեր հույսն ու հավատը լինեն անսասան: Այլ հնարավորություն չկա, տեխնիկապես չենք կարող կանխել, բայց բարոյապես կարող ենք հաղթահարել այս ամենը:
– Հայաստանի վարչապետը, պաշտպանության նախարարը, կաթողիկոսը միաժամանակ հրավիրվեցին Մոսկվա: Հնարավո՞ր է, որ նաև այս միջադեպն է պատճառը:
– Ո՛չ, պատճառը չի կարող լինել այդ խնդիրը: Ռուս-հայկական բարեկամության, եղբայրության, համագործակցության տարբեր հարցեր կան, որ պետք է քննարկվեն, ուղղակի այդ դեպքը համընկավ:
– Շուտով կլինի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, դուք ի՞նչ ակնկալիք ունեք այդ այցից:
– Նախևառաջ պետք է սկսվի բանակցային գործընթացը: Ակնկալիքներն այն են, որ պահպանենք խաղաղությունը և վերականգնենք խաղաղ երկխոսության գործընթացը: Ուրիշ ակնկալիք այս պահի դրությամբ և երևի մոտ ապագայում մենք չունենք: Սա ինքնին շատ կարևոր է:
– Ռուս խաղաղապահները որքանո՞վ են կարողանում արցախցիների անվտանգությունը պաշտպանել:
– Եթե ռուս խաղաղապահներն այստեղ չլինեն, մի հայ չի լինելու Արցախում, և Ադրբեջանն անմիջապես հարձակվելու է: Այսպիսի շփման գիծ ունենալու պարագայում մենք ի վիճակի՞ ենք միայնակ պաշտպանելու Արցախը, թե՞ ոչ: Սա չի նշանակում, որ Արցախը որևէ դերակատարություն չունի:
Ընդհակառակը, մենք էլ ունենք կարևորություն, մենք էլ պետք է հասկանանք՝ ինչ կարևորություն ունենք, ինչ չունենք և այլն: Բայց պետք է լավ հասկանանք, որ այդ բոլոր գործընթացներն այնպես անենք, որպեսզի չշահարկվի այս ամենը: Մեր պետության, մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում:
– Այս միջադեպի համար պատասխանատվության կանչվողներ պե՞տք է լինեին, թե՞ ոչ:
– Ռուս խաղաղապահը դատավոր չէ, որ գնա և կանչի պատասխանատվության: Սաֆարովի նկատմամբ ո՞վ է պատասխանատվություն կրում, դա էլ է ռուսը կրում: Մենք ունենք ահաբեկչական երկիր, որն ամեն անգամ ուզում է հայ-ռուսական եղբայրությունը խարխլել:
Ո՞նց պատասխանատվության կանչենք: Ալիևը հրաման է տալիս, և դիպուկահարն աշխատում է: Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկի՝ Ռուսաստա՞նը, ո՞նց: Կամ՝ Իրա՞նը, կամ ԱՄՆ-ն: Ընդհակառակը, մենք տեսնում ենք, թե ինչպես տարբեր երկրներ ինչպիսի պրոյեկտներ են պլանավորում իրականացնել Արցախի օկուպացված տարածքներում:
Մանե Հարությունյան
MediaLab.am