«Մոսկվան մտադիր է վերականգնել այն մոդելը, երբ ինքն է վերջին ատյանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշելու այդ գործընթացում». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, Ադրբեջանի նախագահը ժամանել է Մոսկվա, ու նախատեսվում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրելու են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, որով այդ երկրների միջև հարաբերությունները, ըստ էության, հասնելու են դաշնակցային մակարդակի: Ըստ Ձեզ, նման հռչակագիր ստորագրելու հիմքը ո՞րն է:

– 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն առերեսվեց այն իրողության հետ, որ պետք է վերադարձնի Շուշին և Հադրութը ու վերականգնի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ այդ տարածքում իր ռազմական ներկայությունն ապօրինի է, և այդ առումով Ադրբեջանը սկսեց միջոցներ ձեռնարկել, որպեսզի պաշտպանվի միջազգային ճնշումներից:

Առաջին քայլը եղավ Թուրքիայի հետ Շուշիի հռչակագրի ստորագրումը, որով ձեռք բերեց Թուրքիայի քաղաքական աջակցությունը ստեղծված ստատուս քվոյի մասով, այսինքն՝ Թուրքիան հակադրվեց Մինսկի խմբի համանախագահների մշակած առաջարկներին:

Նույնատիպ փաստաթուղթ Ադրբեջանը հիմա Ռուսաստանի հետ է փորձում կնքել, այսպիսով ստեղծելով քաղաքական դաշնակիցներ, որպեսզի պաշտպանվի միջազգային հանրության պահանջներից՝ դուրս բերել զորքերն այդ տարածքներից ու թույլ տալ, որ միջազգային խաղարարար ուժերը տեղակայվեն Արցախի նախկին, այսպես կոչված, բուֆերային գոտում:

Այդ հռչակագրի կնքման հետևանքները որո՞նք են լինելու Հայաստանի Հանրապետության համար:

– Ներքին քաղաքական դաշտում ակնհայտ է դառնալու փաստը, որ Ռուսաստանն ի սկզբանե եղել է դե ֆակտո Ադրբեջանի ռազմական դաշնակիցը վերջին տասը տարվա ընթացքում՝ սկսած 2011 թվականից, երբ մեկնարկել են Ադրբեջան հսկայական զենքի մատակարարման ծրագրեր:

Բնականաբար, դա հաստատելու է նաև, որ 44-օրյա պատերազմում Ռուսաստանը ևս իր դիրքորոշմամբ աջակցում էր Ադրբեջանին ու Թուրքիային, և վերացնելու է այսօր իշխող ուժի ու խորհրդարանական ընդդիմության կողմից հղումներ անելու այն հնարավորությունը, թե իբր ՌԴ-ն կարող է Հայաստանի համար լինել վստահելի դաշնակից, թե հնարավոր է Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրացնելու միջոցով հասնել արցախյան հարցի կարգավորման մասով որևէ արժանապատիվ ու արդար լուծման:

Հայաստանի համար դա իրողություն է, որը դե ֆակտո վիճակից դառնում է դե յուրե վիճակ, որից հայ ժողովուրդը պետք է հետևություններ անի, թե ինչպիսին է իրական աշխարհաքաղաքական դասավորությունը, և հասկանա, որ այսօր Արցախի հարցում արդար լուծումների հասնելու համար, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի գործընկերը Ռուսաստանը չէ, այլ ԱՄՆ-ն են ու Ֆրանսիան, որոնք հետևողականորեն պաշտպանում են Հայաստանի շահը, նույնիսկ այն պայմաններում, երբ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, այդ շահերը պաշտպանելուց հրաժարվում է:

Պարո՛ն Ղուկասյան, հռչակագրի ստորագրման Ադրբեջանի նպատակը ասացիք, իսկ ո՞րն է Ռուսաստանի Դաշնության նպատակը Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններ սահմանելու:

– Մոսկվան պատերազմ է հայտարարել Արևմուտքին և, ըստ էության գնում է հարաբերությունների երկարատև խզման Եվրամիության, ԱՄՆ-ի և Արևմուտքի բոլոր պետությունների հետ և այդ ծանր ու բավականին անորոշ ճանապարհին փորձում է իր հետ տանել հնարավորինս շատ այլ պետություններ:

Տեսանք, որ այդ փորձն արվեց Չինաստանի հետ, ու հռչակագիր ընդունվեց Պեկինում, հիմա դա արվում է Ադրբեջանի հետ: Բոլոր այն երկրները, որոնց հնարավոր կլինի հավաքել իր ճամբարում, Ռուսաստանը հավաքելու է: Օգտվելով վիճակից, որ Ադրբեջանն անզոր է միջազգային հանրության ճնշումների դեմ, Ռուսաստանն ինքն առաջարկեց իր հովանավորությունը, որ այդ հռչակագրի միջոցով հնարավորություն ձեռք բերի դիմադրելու ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՝ Արցախում միջազգային զորքեր տեղակայելու պահանջին:

Հռչակագրի ստորագրումից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը դառնալու են ՌԴ-ի դաշնակից երկրներ, այնպիսի վիճահարույց հարցերում, ինչպիսին արցախյան հակամարտությունն է, Ռուսաստանի դիրքորոշումն ինչպիսի՞ն է լինելու՝ ըստ ձեզ:

– Մոսկվան, ըստ էության, այլևս չի կարողանալու մասնակցել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին ու, բնականաբար, փորձելու է դրան փոխարինող ձևաչափ ստեղծել, որը նման կլինի Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցող մոդելին, երբ երկու միութենական հանրապետություններ Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂԻՄ-ի հարցով պետք է դիմեին Խորհրդային Միության Գերագույն խորհրդին, որը վերջին ատյանն էր հարցը կարգավորելու համար:

Մոսկվան մտադիր է մոտավորապես այս ձևաչափի բերել հարցի կարգավորումը, որովհետև հասկանում է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում այլևս մասնակցության հեռանկար չկա, առհասարակ ԵԱՀԿ-ի գոյությունը դրված է հարցականի տակ, կարելի է ասել, այդ կազմակերպությունն արդեն փաստացի տապալված է: Մոսկվան մտադիր է վերականգնել այն մոդելը, երբ ինքն է վերջին ատյանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշելու այդ գործընթացում:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանի համար ավելի բարդ իրավիճակ է ստեղծվելու այդ հռչակագրի ստորագրումից հետո:

– Իհարկե, այս դասավորությունը, որ Հայաստանը, ըստ էության, Ռուսաստանի Դաշնության ստորադաս պետություն է, նման պայմաններում հայկական կողմին զրկելու է Ադրբեջանից ու Ռուսաստանից Ղարաբաղի ու մնացած բոլոր հարցերում արդար լուծումներ սպասելու որևէ հեռանկարից: Այն բոլոր հնարավոր զիջումները, որ պետք է հօգուտ Ադրբեջանի արվեն, արվելու են ի հաշիվ Հայաստանի՝ դիտարկելով Հայաստանը ոչ այնքան դաշնակից երկիր, այլ՝ որպես գերի վերցրած, ստորադասված պետություն, որի հետ կարելի է անել ինչ ուզես, ինչը և պատմականորեն եղել է:

Պարո՛ն Ղուկասյան, իրերի այս դասավորության պայմաններում հնարավոր համարո՞ւմ եք, որ ՌԴ-ն Հայաստանին առաջարկի միութենական պետության անդամ դառնալ, կամ Հայաստանը նման հարցով դիմի:

– Միութենական պետություն դառնալու համար հարցը, գործող Սահմանադրության համաձայն, պետք է դրվի հանրաքվեի: Նման քաղաքական խախուտ իրավիճակում, չեմ կարծում, որ իշխող կուսակցությունը իր խորհրդարանական ընդդիմադիր գործընկերների հետ գնա նման քայլի, որովհետև դա հնարավորություն է հանրության մեջ պառակտում մտցնելու, ինչը կարող է բերել բախումների, որի պարագայում Արևմուտքի, այսպես ասած, դասական մոտեցումը չի պահպանվի Հայաստանի պարագայում:

Եվս մեկ էական հարց կա. Հայաստանը՝ ի տարբերություն Ռուսաստանի, առհասարակ ռեսուրս չունի պատժամիջոցներին դիմակայելու: Եթե ՌԴ-ն, ըստ երեկվա Անվտանգության խորհրդի նիստի՝ ի դեմս Միշուստինի կառավարության, ինչ-որ միջոցներ ձեռնարկում է նոր պայմաններում աշխատելու համար, ՀՀ Կառավարությունը որևէ նման միջոցառում չի նախապատրաստել առ այսօր և չի էլ կարող նախապատրաստել:

Բավական է երկու ամիս հայկական ֆինանսական համակարգը զրկված լինի Արևմուտքում ֆինանսական ազատությունից, ու Հայաստանում կսկսվի խորագույն ճգնաժամ՝ սկսած պարենայինից, վերջացրած էներգետիկ ճգնաժամով: Ռուսաստանի համար նման բեռ ևս անհրաժեշտ չէ, հետևաբար, ռուսական կողմի շահագրգռվածությունը՝ Հայաստանի հետ միութենական պետություն դառնալ, այսպիսի ձախողված տնտեսություն տեսնել իր հովանու ներքո, առհասարակ հետաքրքիր չէ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am