«Չորս հայ հոգևորականներ երկար ժամանակ Դադիվանքում են, հերթափոխ չի կատարվում, շաբաթը մեկ անգամ նրանց հագուստ ու սնունդ է փոխանցվում»․ Գեղամ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, Դադիվանքի վանական համալիրում հայ հոգևորականների ծառայության և հավատացյալների՝ այնտեղ այցելելու հետ կապված կարծես խնդիրներ կան. ամիսներ շարունակ հայերի մուտքը եկեղեցի հնարավոր չէ կազմակերպել: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, և արդյոք ինչ-որ գործողություններ իրականացվում են խնդիրը վերացնելու ուղղությամբ:

– Արդեն տևական ժամանակ է՝ հայ ուխտավորները չեն կարողանում մուտք գործել Դադիվանքի վանական համալիր ադրբեջանական կողմից առաջ քաշվող արհեստական և կեղծ պատճառաբանություններով։

Մայիսի 2-ից ադրբեջանական կողմը նաև խոչընդոտում է հայ հոգևորականների գործունեությունը։ Թեմը չի կարողանում փոխարինել այսօր Դադիվանքում գտնվող հոգևորականներին։ Երկու ամիս է՝ ինչ նույն հոգևորականներն են գտնվում վանքում՝ չորս հոգով։

Ամեն անգամ ռուս խաղաղապահների միջամտությամբ, կարծես թե, ստանում ենք հավաստիացումներ, որ կկազմակերպվի հոգևորականների հերթափոխը, սակայն վերջին պահին միշտ էլ հրաժարվում են ձեռք բերված պայմանավորվածություններից։

Նշեմ, որ վանքի հատուկ պահպանության և այնտեղ հայ հավատացյալների պարբերական այցերի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել բանավոր՝ քաղաքական ամենաբարձր մակարդակում, սակայն, ինչպես տեսնում եք, պայմանավորվածությունները չեն պահպանվում։

– Ռուսական կողմը տեղեկացված է, և հնարավոր չէ՞ վերացնել խնդիրը, թույլ տալ, որ հայ հավատավորները այցելեն եկեղեցի:

– Ռուսական կողմը միանշանակ տեղեկացված է իրավիճակին, որովհետև բոլոր գործընթացները կազմակերպվում են նրանց միջնորդությամբ։ Այսօր էլ Դադիվանքում գտնվող հոգևորականների համար սնունդ և անհրաժեշտ պարագաներ մատակարարվում են ռուսական խաղաղապահ ուժերի միջոցով, որովհետև հայկական կողմից որևէ մեկը չի կարողանում մուտք գործել տարածք։

Խնդիրը կարգավորելու ուղղությամբ, կարծես թե, գործընթացներ գնում են, բայց, ինչպես նշեցի, ամեն անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները ադրբեջանական կողմը խախտում է։ Այս հարցում հստակություն է պետք։

Հաշվի առնելով, որ համաձայնությունը ձեռք էր բերվել հենց ռուսական կողմի միջնորդությամբ, ռուսական կողմը պետք է պարտավորեցնի ադրբեջանցիներին պահպանել պայմանավորվածությունները։

– Փաստորեն, չորս հայ հոգևորականներն այնտեղ են, ու նրանց հերթափոխում չի իրականացվում։ Արդյոք նրանց հետ կապ պահպանվո՞ւմ է, ինչպե՞ս են իրենց զգում:

– Իրավացի եք, այսօր չորս հոգևորական գտնվում է վանքում, Արցախի թեմի ներկայացուցիչները նրանց հետ մշտական կապի մեջ են։ Բացի դրանից, վանքի տարածքում են նաև ռուս խաղաղապահները, և կապը պահպանվում է նաև նրանց միջոցով։

Ամեն շաբաթվա վերջին թեմը ռուս խաղաղապահների միջոցով հոգևորականներին մատակարարում է սնունդ և անհրաժեշտ պարագաներ։

Ես այսօր էլ խոսել եմ թեմի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են, որ հոգևորականների համար պայմաններ ստեղծված են, սակայն հստակ է, որ նրանց փոխարինելու խնդիր կա, որովհետև արդեն 2 ամսից ավելի է՝ գտնվում են այնտեղ։ Նրանց փոխարինող հոգևորականները գտնվում են Գանձասարի վանքում, և առաջին իսկ հնարավորության դեպքում հերթափոխ կիրականացվի։

– Ստացվում է՝ հայկական քրիստոնեական եկեղեցին հայերի համար փակ է, իսկ ադբեջանական ուդիների համար՝ հասանելի: Արդյոք այս խնդրի կապակցությամբ դիմե՞լ եք միջազգային կազմակերպություններին:

– Բանն այն է, որ Դադիվանքի վանական համալիրը գտնվում է այն տարածքում, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ հայ հավատացյալների այցերը կազմակերպում էին բանավոր պայմանավորվածության հիման վրա։

Խնդրի մասին միանշանակ տեղեկացված են տարբեր կառույցներ։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, մենք էլ մեր հերթին այս հարցի մասին բազմիցս բարձրաձայնել ենք, սակայն ինչպես բազմաթիվ այլ հարցերի դեպքում, այս հարցում էլ առկա են միջազգային կազմակերպությունների պասիվությունն ու անտարբերությունը։

– Պարո՛ն Ստեփանյան, վերջին շրջանում հաճախ են հաղորդվում Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում մոլորվելու հետևանքով հայերի հայտնվելու մասին: Այսօր էլ նման դեպք տեղի ունեցավ։ Ինչպե՞ս է հաջողվում վերադարձնել նրանց՝ թշնամի՞ն է բարեգութ դարձել, թե՞ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ է:

– Գրանցվող բոլոր դեպքերն հետևանք են այն բանի, որ սահմանը նոր է, ոչ բոլոր վայրերում են առկա սահմանազատող նշաններ, և հովիվները, տեղանքում մոլորվելով, անցնում են այն տարածքներ, որոնք այլևս մեր վերահսկողության տակ չեն։

Բոլոր նման դեպքերով միանգամից տեղեկացվում են թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պետական մարմինները, և՛ իհարկե ռուս խաղաղապահները, որոնց միջնորդությամբ էլ հնարավոր է լինում վերադարձնել մեր հայրենակիցներին։

– Պատերազմից անցել են ամիսներ, փոխվե՞լ է արդյոք Արցախի ՄԻՊ-ին ուղղված դիմումների բնույթը: Ընդհանուր առմամբ, ի՞նչ չլուծված խնդիրներ ունի հիմա արցախցին:

– Խնդիրները բավականին շատ են ու վերաբերում են տարբեր ոլորտների։ Շատ հաճախ՝ անգամ մեր իրավասությունների շրջանակից դուրս։ Հետպատերազմյան շրջանում մեր գործունեությունը հիմնականում կենտրոնացված էր փաստահավաք աշխատանքների վրա, իհարկե, միաժամանակ նաև ընթացքավորում և քննարկում էինք քաղաքացիներից ստացվող բողոքները։ Եթե նախկինում բողոքների մեծ մասը վերաբերում էր սոցիալական այս կամ այն ծրագրին, այսինքն՝ շահառու հանդիսանալու հետ կապված հարցերին, հիմա, պայմանական ասած, վերադարձել ենք նախապատերազմյան փուլ, այսինքն՝ ներկայացվող բողոք-դիմումները վերաբերում են տարբեր իրավունքների։

Ամենակարևոր հարցը շարունակում է մնալ տեղահանված անձանց բնակարանային ապահովության և նվազագույն կենսապայմանների ապահովման հարցը։ 40 հազար տեղահանվածներից դեռևս մոտ 15 հազարն են վերադարձել Արցախ։ Հաճախ մարդիկ ապրում են կյանքի համար նվազագույն պայմաններով չապահովված տներում։ Բնակֆոնդի սակավությունը շատ սուր է արտահայտված, ինչն իր հետ բերում է բազմաթիվ այլ խնդիրներ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am