«Անհասկանալի է եկեղեցականների անօգուտ ներգրավումը բանակում, բանակում պետք է ներգրավել հոգեբան սպաների». Արթուր Սաքունց

«Անհասկանալի է եկեղեցականների անօգուտ ներգրավումը բանակում, բանակում պետք է ներգրավել հոգեբան սպաների». Արթուր Սաքունց
«Անհասկանալի է եկեղեցականների անօգուտ ներգրավումը բանակում, բանակում պետք է ներգրավել հոգեբան սպաների». Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

– Պարո՛ն Սաքունց, Հայաստանի զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում 2018 թվականին արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որից 27-ը՝ ժամկետային զինծառայողներ են, 23-ը՝ պայմանագրային, 11-ը սպա՝ և 2-ը՝ ենթասպա։ Ըստ այդ վիճակագրության, 11 դեպք սպանության և ինքնասպանության հասցնելու հետևանքով են, 7-ը՝ հակառակորդի կրակոցից։ Ինչո՞վ է պայմանավորված այս ծավալներով վիճակագրությունը։ 

– Նախորդ տարի հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով մահացության թիվն իրապես կտրուկ նվազել էր, բայց խաղաղ պայմաններում մահացության թվի մակարդակը խոսում է մեկ բանի մասին, որ զինված ուժերում կարգապահության, անձնակազմի հետ կատարվող աշխատանքների, մատակարարման, նաև կոռուպցիոն հնարավոր ռիսկերի նվազեցման ուղղությամբ կատարվող աշխատանքները դեռևս ցավոք բավարար մակարդակի վրա չեն։ 

– Վերջերս Նիկոլ Փաշինյանը խոսեց բանակում փոփոխությունների, սերնդափոխության մասին։ Ընդհանրապես, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել բանակը վերջին մեկ տարում, և արդյոք բավարա՞ր են այդ քայլերը։ 

– Ես չեմ կարող ասել, թե ինչ փոփոխություններ են անում։ Բացի այն տեղեկություններից, որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակվում են՝ սննդամթերքի մատակարարման, սննդով ապահովելու, որակի, համազգեստի վերաբերյալ ինչ-որ հավաստիացումներ են տրվում, բայց, կարծես թե, զինվորական կարգապահության ուժեղացման, անձնակազմի հետ տարվող աշխատանքի ուղղությամբ ես փոփոխություններ չեմ տեսնում, չկա տեղեկատվություն։ 

– Ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ բանակում նվազեն կամ վերանան սպանություններն ու ինքնասպանությունները։ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է խստացնել նման դեպքերի համար պատիժները, մասնավորապես, երեք տարի ազատազրկումը դարձնել 5-7 տարի։ 

– Այն, որ ինքնասպանության հիմքով քրեական պատասխանատվության համար Քրեական օրենսգրքի հոդվածով նախատեսված պատիժը կարելի է ավելացնել, հիմնավոր ու տեղին եմ համարում, որովհետև ինքնասպանության հասցնելու ցանկացած դեպքի գրեթե միշտ էլ նախորդում են արժանապատվությունը նվաստացնելը, սպառնալիքները, ֆիզիկական բռնությունները։

Այսինքն՝ զուտ որպես ինքնասպանության հասցնելու որակմամբ պատիժն անհամարժեք է անձի դեմ ուղղված գործողությունների այն ծավալին, որն իրականում արձանագրվում է ինքնասպանությանը նախորդող ժամանակում։ Ճիշտ է, մենք ունենք խոշտանգման, վատ վերաբերմունքին վերաբերող հոդված, բայց, ցավոք, դա չի կիրառվում ինքնասպանության հասցնելու հոդվածին զուգահեռ։ Միաժամանակ համաձայն եմ, որ միայն պատժի խստացմամբ խնդիրը չի լուծվելու։

Պատժողական քաղաքականությունն արդարադատության բնագավառում, ընդհանրապես, արդյունքներ չի տալիս։ Ես հստակ կարող եմ ասել, որ պատժի ժամկետի մեծացման ճանապարհը երբևէ չի հանգեցրել հանցագործությունների նվազեցման։ Ավելի շատ պետք է աշխատել այդ հանցագործությունները ծնող պատճառների վերացման ուղղությամբ։ Մասնավորապես, զինված ուժերում անձնակազմի հետ կատարվող աշխատանքները պետք է արդյունավետ դարձնել։ Օրինակ՝ պետք է բանակում ներգրավել հոգեբան սպաների, որի մասին տարիներ շարունակ խոսվում է, բայց որևէ բան չի արվում։

Ինձ համար անհասկանալի է եկեղեցականների ներգրավումը բանակում, որը որևէ օգուտ չի տալիս։ Հայտարարվում է, որ հոգևորականների ներգրավումը բանակում արդյունավետ է, բայց դա փաստերով չի արձանագրվում։ Իսկ եթե հոգեբան սպաներ ներգրավվեն ծառայության մեջ, անձնակազմի հետ կատարվող աշխատանքներով զբաղվող սպաների մասնագիտական կարողությունները զարգացնեն, և եթե պատշաճ ուշադրություն դարձնեն ամեն մի հանցագործությանը նախորդող միջադեպերին ու իրավիճակին, ապա վստահեցնում եմ, որ հանցագործությունները քիչ կլինեն։

Մյուս կողմից՝ շատ կարևոր է սպաների սոցիալ-տնտեսական, կենցաղային պայմանների բարելավումը։ Դրա մեջ մտնում են աշխատավարձը, նրանց համար համար ճանապարհային քարտեզի հստակ լինելը, հովանավորչության վերացումը, մասնագիտական կարողությունների զարգացումը և այլն։ Այսինքն՝ ծառայությունը պետք է գրավիչ դառնա սպաների համար։ Ցավոք, սպաների արտահոսք կա, որը խոսում է այն մասին, որ մարդիկ, որոնք որոշել էին զինծառայությունը որպես մասնագիտություն ընտրել, որոշ ժամանակ անց հիասթափվում են և հրաժարվում հետագա ծառայությունից՝ անգամ դրա դիմաց փոխհատուցում վճարելով՝ իրենց վրա պետության կողմից կատարված ուսման ծախսերի համար։

Բացի այդ, զտում ասվածը պետք է վերաբերի նաև պաշտպանության ոլորտին, և այն մարդիկ, որոնք ժամանակի ընթացքում թաղված են եղել կոռուպցիոն սխեմաների մեջ, նրանց հետագա ծառայությունը բավական լուրջ բացասական ազդեցություն է թողնում ընդհանրապես ծառայության որակի վրա։ Մենք տեսնում ենք, որ առանձին քրեական գործեր հարուցվում են վառելիքի յուրացման հետ կապված, ինչը վկայում է, որ այդպիսի երևույթները դեռ առկա են բանակում։

Շատ կարևոր է զինվորական մասնագետների կրթության որակի բարձրացումը։ Զուգահեռ պետք է աշխատանքներ կատարել, ոչ թե մի ուղղությամբ կատարել ու ակնկալել, որ արդյունքի կհասնենք։ Մենք կարևորում ենք զինվորական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը, որի մասին տարիներ շարունակ բարձրաձայնել ենք, բայց, ցավոք, դա չի ընդունվում։

Պետք է բարձրացնել բողոքարկման մեխանիզմների արդյունավետությունը, որպեսզի անձը, որը ծառայության ընթացքում բողոք է բարձրացնում, ապահովված լինի անվտանգությամբ, որ հետագա հետապնդումների չի ենթարկվի։ Համալիր մոտեցումներ են պետք, որը մենք չենք տեսնում։ Պետք է հայեցակարգ մշակել և իրականացնել։

Մանե Հարությունյան

MediaLab.am