«Սլավիկը կարողանում ա շրջափակումից դուրս գա, բայց հետ ա դառնում՝ ընկերներին օգնության ու զոհվում»․ «Մարտական խաչ»՝ հետմահու

35-ամյա Նարինե Իշխանյանը հուզմունքով է հիշում եղբորորդու անակնկալները տոնական օրերին։ Ասում է՝ Սլավիկը շատ ուշադիր էր և հոգատար։ 

«Գումար էինք տալիս, որ դպրոցում մի բան առներ ուտեր, բայց չէր ծախսում, որովհետև գիտեր՝ դիմացը Մարտի 8 ա կամ այլ տոն։ Նույնիսկ զորամասից նվերն ու ծաղիկները միշտ կային»,- ասում է ու հուզվում հորաքույրը։

Նարինեի եղբորորդին՝ 20-ամյա Սլավիկ Իշխանյանը ժամկետային զինծառայող էր Մարտունի 2-ում, երբ սկսվել է պատերազմը։ Հորաքրոջ խոսքով՝ Սլավիկը պատերազմի օրերին երրորդ գծից ինքնակամ տեղափոխվել է առաջնագիծ, սակայն ընտանիքի անդամներին մշտապես հավատացրել է, որ առաջնագծում չէ․ 

«Մենք պատերազմից հետո իմացանք, մեզ բացարձակ բան չի ասել, ասում էր՝ մեր զորամասը նորմալ ա։ Իրանք ծուռ են խփում, մեզ չի կպնում»։ 

Սլավիկը պատերազմի ժամանակ զինվորներ է տեղափոխել թեժ կրակի ներքո։ Հոկտեմբերի 11-ին Մարտունուց Հադրութ կարիք է լինում զորք տեղափոխելու, Սլավիկը հոժարակամ ստանձնում է տանել։ Այդ օրն էլ ողբերգական դեպքը տեղի է ունենում։

«Ինքն ասում ա՝ կտանեմ, լավ իմանալով, որ Հադրութի մեծ մասում արդեն թուրքեր են: Նրանց ասում են՝ ձեզ կդիմավորեն, եթե չեմ սխալվում՝ 5 մեքենա ա եղել։ էրեխեքը գնում են, բայց իրենց չեն դիմավորում, ընկնում են թուրքերի ձեռքը՝ շրջափակման մեջ։

Էրեխեն կարողանում ա շրջափակումից դուրս գա, բայց ճանապարհին փոշմանում ա, հետ ա դառնում ընկերներին օգնության։ Ինքն էլ հրազենային վիրավորումից մահանում ա»,- հուզմունքով ասում է հորաքույրը։

Նարինեն ասում է՝ շուրջ 5 ամիս եղբորորդուց լուր չեն ունեցել, ընտանիքը հույս է ունեցել, որ Սլավիկը ողջ է, փրկվել է, սակայն փետրվարի 12-ին ստացել են ԴՆԹ համընկնման պատասխանը։

«Մենք գիտեինք՝ 72 հոգով չկան, հույսով ման էինք գալիս, որ ողջ են, մինչև իմացանք լուրը։ Աննկարագրելի ա, թե ի՛նչ զգացինք, էդ լուրից հետո Սլավիկի հորը՝ եղբորս, ինֆարկտ խփեց, հրաշքով ողջ մնաց»,- ասում է Նարինեն։

Սլավիկը համեստ էր, չափված-ձևված, պարզ, անվախ՝ Սլավիկի մասին պատմում է հորաքույրը, ասում, որ շատ կապված էին միմյանց հետ, գաղտնիքներով էին կիսվում:

«Սլավիկը եղբորս առաջնեկն էր, 15 տարի ես եմ պահել Սլավիկին, որ բանակ գնաց՝ օր չկար, որ զորամասից չզանգեր, պատմում էր, կիսվում իր մտքերով։ Շատ ծանր է, ես մինչև հիմա սպասում եմ իրեն»,- կսկիծով ասում է հորաքույրը։

Սլավիկը երազում էր իրավաբան դառնալ, դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։ 

«Իրանը թուղթ ու գրիչն էր։ Սիրում էր սովորել, ցավոք, պատերազմը իր բոլոր երազանքները կիսատ թողեց։ 

Ասում էր՝ բանակից գամ, սովորեմ, աշխատեմ, հորս թիկունք լինեմ»,- հուզմունքով եղբորորդու խոսքը հիշում է հորաքույրը։

Սլավիկը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

«Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

«Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան`«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան:

«Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:

Սլավիկ Իշխանյանը հուղարկավորված է Նուբարաշենի պանթեոնում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am