«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը
– Պարո՛ն Արզումանյան, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց ու դրական եզրահանգում տվեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենքի նախագծին: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նաև իշխանության մակարդակով կա այդ տեսլականը՝ գնալ ԵՄ, ի վերջո, այս գործընթացը Հայաստանին տանելո՞ւ է դեպի ԵՄ:
– Պետք է հասկանալ, որ դա ընդամենը ցանկությունների հայտարարություն է, ու այստեղ իշխանությունները պետք է շատ զգուշորեն ու մտածված աշխատեն, պետք է տարանջատել օրենսդիր ճյուղը և գործադիրը, ու շատ բալանսավորված մոտենալ նման քաղաքականության ձևավորմանը, եթե իրոք պատրաստ են գնալ այդ ճանապարհով:
Դու կարող ես և պետք է անես հայտարարություններ քաղաքական ոլորտում՝ օրենսդիր դաշտում, բայց գործնական դաշտում պետք է հասկանաս, որ կանգնած ես ավելի մեծ խնդիրների առաջ, որովհետև այսօր գտնվում ես եվրասիական տարածքում, եվրասիական մաքսային դաշինքում և այլն, քո ողջ տնտեսությունը, տնտեսական կապերը, լուծումները եվրասիական են ու ոչ թե եվրոպական: Դու պետք է փոխակերպում կազմակերպես եվրասիական չափորոշիչներից դեպի եվրոպական չափորոշիչներ, իսկ դա շատ երկար ճանապարհ է:
Ես չեմ պատկերացնում, որ գործող իշխանությունները պատրաստ են նման աշխատանքի, նրանք չկարողացան հասարակական տրանսպորտի փոխակերպումը կազմակերպել: Եթե մենք որպես պետություն ուզում ենք շրջադարձ կատարել դեպի համաշխարհային, եվրոպական ուղղություն, դա պահանջում է ու պարտադրում է մեծ աշխատանք, որին պետք է պատրաստվել, իսկ դա հաստատ մեկ կամ երկու տարում չես կարողանա անել, դա դժվար գործընթաց է:
– Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի այն մտքին, որ Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն: Այս գործընթացը կարո՞ղ ենք դիտարկել այդ քաղաքականության շրջանակներում:
– Չեմ կարծում, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը շարունակում է մնալ եվրասիական՝ տրամաբանությամբ ու իրական քայլերով: Նրա օրոք վերջին երկու-երեք տարվա ընթացքում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մի քանի անգամ աճել է, հետևաբար դա բալանսավորված քաղաքականություն չէ, դա եվրասիական է: Նա այդ հայտարարությամբ ուղղակի մտադիր է հանգստացնել Պուտինին, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենա, ու Միրզոյանի այցը Մոսկվա, Լավրովի հետ հանդիպումը նույն տրամաբանության մեջ են: Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը նման ռազմավարական շրջադարձ կկատարի:
Այդ ամենը, ցավոք, խոսքեր են, պոպուլիստական հայտարարություններ, որովհետև հայ հասարակությունը հասկացել է, որ պետք է շրջադարձ կատարի, ու նա ուզում է դա տեսնել: Նիկոլ Փաշինյանը, լինելով փայլուն պոպուլիստ, կարողանում է զգալ հասարակության մեջ նման մտադրությունները, խոսում է դրա մասին՝ փորձելով քաղաքական դիվիդենտներ քաղել նախընտրական արշավի շրջանակներում: Այդ իսկ պատճառով ես նրա հայտարարություններին չեմ հավատում, նրանից՝ որպես գործադիր մարմնի ղեկավարից, ես կսպասեմ քայլեր, եթե օրենսդիր դաշտից ես պատրաստ եմ լսել հայտարարություններ, ապա Փաշինյանից կուզեի քայլեր տեսնել:
Առաջին քայլերից մեկը կարող է լինել այն, եթե Փաշինյանը հրաժարվի ռուսական մասմեդիաներին հարթակ տրամադրելուց: Եթե իսկապես պատրաստվում է շրջադարձի, ապա պետք է փակել իր տեղեկատվական դաշտը ռուսական տեղեկատվական միջոցների համար, որոնք այդ դաշտն օգտագործում են մեր դեմ հիբրիդային պատերազմի համար: Այս պարզ քայլերը, որոնք մեծ ծախսեր չեն պահանջում ու ցույց կտան, որ պատրաստվում է նման շրջադարձի, չի անում, ապա մնացյալը լոկ խոսքեր են: Նիկոլ Փաշինյանը պետք է գործի:
– Պարո՛ն Արզումանյան, ստացվում է, որ համաձայն չե՞ք այն վերլուծաբանների հետ, որոնք ասում են, թե վերջին շրջանի գործողությունները՝ հավանություն տալ ԵՄ գնալու նախագծին, ԱՄՆ-ի հետ ստորագրած փաստաթղթին, ցույց են տալիս, որ մենք գնում ենք դեպի Արևմուտք:
– Կանոնադրությունը ստորագրվել է, այո՛, բայց դա ԱՄՆ-ի նախաձեռնությունն է, ԱՄՆ-ն իրականացնում է իր ռազմավարական քաղաքականությունը Հարավային Կովկասում ու ստորագրում է շրջանակային փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին ստորագրել ուրիշ փաստաթղթեր, որ կօգնեն հաստատել ռազմավարական կապեր Հայաստանի հետ, բայց դա Հայաստանը չի անում, Եվրոպան է անում, Ֆրանսիան է անում, այլ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանը:
Նա ուղղակի ստիպած է ընդունել ԱՄՆ-ի պարզած ձեռքը, չի կարող հրաժարվել ԱՄՆ-ի առաջարկություններից, որովհետև նույնիսկ Պուտինը չի կարողանում հրաժարվել այսօր Թրամփի առաջարկներից: Ռուսաստանը չի համարձակվում ԱՄՆ-ի դեմ խոսել, Նիկոլ Փաշինյանը չի համարձակվում ու ընդունում է նման փաստաթղթերի ստորագրումը ու հետագայում էլ կընդունի, բայց դա Հայաստանի իշխանության քաղաքականությունն ու ռազմավարությունը չէ, իմ կարծիքով: Հայաստանը հնարավորություն ունի կառուցել յուրահատուկ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, բայց այստեղ մեծ խոչընդոտ կլինի Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարութունը, որը մենք իբրև հասարակություն պետք է կարողանանք հաղթահարել:
– Այսինքն՝ կարծում եք, որ Թրամփի վարչակազմի հետ արդյունավետ աշխատանքի հնարավորություններ կա՞ն:
– Ունենք յուրահատուկ հնարավորություններ, ու դրանք ավելի սուբյեկտիվ են՝ կապված են Թրամփի անձի, նրա գաղափարախոսության հետ, որտեղ քրիստոնեությունն ունի հատուկ տեղ, իսկ մենք քրիստոնեությունն առաջինն ընդունած պետությունն ենք:
Մենք կարող ենք այս խաղաթուղթն օգտագործել հարաբերություններ կառուցելու համար, բայց դա պարտադրում է, որ Նիկոլ Փաշինյանը վերականգնի իր հարաբերությունները կաթողիկոսի հետ, որը նա քանդել է ու շարունակում է քանդել: Ելնելով ազգային շահերից՝ նա պարտավոր է վերականգնել հարաբերությունները կաթողիկոսի հետ, պետության ապագայի մասին երկուսով համատեղ պետք է խոսեն, եթե Նիկոլ Փաշինյանն իրոք մտադիր է շրջադարձ անել ու հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ՝ պետք է անի այս քայլերը: Բայց ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն այդ քայլին չի գնալու, ցավոք սրտի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am