Ռուսաստանը կարող է վերացնել սահմանափակումները Հայաստանի կողմից զիջումների դեպքում՝ օրինակ երկաթուղու կամ ատոմակայանի հարցում. Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, լրագրողների հարցերին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ԵԱՏՄ-ն փաստացի կաթվածահար է և չի աշխատում, և եթե առկա խնդիրներն արագ չլուծվեն, դա կլինի կառույցի վերջի սկիզբը», միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը դեռևս միությունից դուրս գալու պլաններ չունի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

– Վարչապետը նոր բան չի ասել, այդ մասին վաղուց է խոսվում, ես չգիտեմ՝ Եվրասիական տնտեսական միությունը՝ ԵԱՏՄ-ն, կաթվածահար կլինի՞, թե՞ ոչ, բայց խնդիրն առնվազն երկուստեք է, այսինքն՝ այնպես չէ, որ դա միայն Հայաստանի խնդիրն է, նկատի ունեմ ԵԱՏՄ-ից դուրս գալը: 

Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է և ունի ոչ միայն պարտավորություններ, այլ նաև՝ իրավունքներ, ու վարչապետը շատ հստակ նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ: Եթե Հայաստանը նման նպատակադրում չունի, ապա Հայաստանն այնտեղից դուրս կգա մեկ դեպքում, եթե նրան այնտեղից դուրս հրավիրեն, իսկ դա արդեն դառնում է խնդիր ամբողջ ԵԱՏՄ-ի համար, որովհետև դա արվելու է գործող կանոնադրությանը հակասելով՝ ստեղծելով բավականին հետաքրքիր կազուս ԵԱՏՄ-ի ներսում: Վարչապետ Փաշինյանը դրա մասին է ակնարկում: 

– Իսկ որքա՞ն եք հավանական համարում, ու ո՞ր պարագայում Հայաստանին դուրս կհրավիրեն կառույցից:

– Անկեղծ ասած՝ դժվարանում եմ ձեր հարցին պատասխանել, ես չգիտեմ՝ ինչ պետք է լինի: Հայաստանին չեն կարող դուրս հրավիրել մի պարզ պատճառով, որ Հայաստանը դրա համար քայլեր չի անում, դուրս կհրավիրեն այն ժամանակ, երբ Հայաստանն ինքը այդ ցանկությունը կհայտնի: Եթե առանց դրա հրավիրեն, ապա դա դառնալու է լուրջ խնդիր առաջին հերթին հենց ԵԱՏՄ-ի համար: Նորից եմ ասում, որ սա խնդիր չէ միայն մեզ համար, սա ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար է խնդիր, ու այդ խնդիրը ստեղծել է անձամբ Վլադիմիր Պուտինը: 

– Պարո՛ն Ստեփանյան, իսկ Հայաստանի կողմից տեսնո՞ւմ եք ԵՄ անդամակցությանը միտված գործուն քայլեր:

– Ցավոք, ես դա չեմ տեսնում. հստակ քայլեր, որոնք տանում են Հայաստանին դեպի ԵՄ անդամակցություն, ես այսօր չեմ տեսնում: 

– Այդ դեպքում հայտարարություններն այդ մասով, որոնք ըստ էության պատճառ դարձան, որ Ռուսաստանը տնտեսական այդ սահմանափակումները կիրառի, ինչի՞ համար են, եթե գործուն քայլեր չկան:

– Խնդիրը հայտարարությունները չեն, խնդիրը ռեալ քաղաքականությունն է, խնդիրը ոչ միայն ԵՄ-ն է, այլև Հայաստանի քաղաքականությունն է, որն ուղղված է այլընտրանքներ ձևավորելուն: Այդ այլընտրանքները ոչ միայն ԵՄ-ն է, այլև առաջին հերթին ԱՄՆ-ն է, Հնդկաստանը, Չինաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանի հետ նոր հարաբերություններն են, որ տարիներ հետո կարող են զարգանալ այն աստիճան, որ այս տարածաշրջանում լինելու է կոնսենսուս, ու այդ կոնսենսուսը կոչվելու է Ռուսաստանի հեռացում Հարավային Կովկասից: Խնդիրն այստեղ է, այլ ոչ թե ԵՄ անդամակցությունը, խնդիրը տարածաշրջանի վերաբացումն է՝ առանց Ռուսաստանի: 

– Տնտեսական սահմանափակումների մեղմացում կամ չեղարկում կանի՞ Ռուսաստանը Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո:

– Ռուսաստանը դա կանի, եթե դրա դիմաց ստանա ինչ-որ պրեֆերենցիաներ, օրինակ՝ երկաթուղու հարցով բանակցություններ են ընթանում, մենք այդ կոնցեսիան իրենցից հետ ենք ուզում, դա հստակ է, եթե այդ հարցում մեր կողմից լինեն ինչ-որ զիջումներ, Ռուսաստանը կարող է դրան գնալ: Եթե ատոմակայանի կառուցման վերաբերյալ Ռուսաստանին առաջարկվի, որ ինքը կառուցի, ապա այդ բոլոր պատժամիջոցները միանգամից կչեղարկեն, միանգամից ամեն բան կփոխվի, չեն էլ հիշի ԵՄ-ի մասին: Մենք ուզում ենք ազատվել Ռուսաստանից կախվածությունից, իսկ իրենք դա չեն ուզում, խնդիրը սա է: Եթե այս գործընթացում հերթական անգամ մեր կողմից հետքայլ լինի, Ռուսաստանը միանգամից կչեղարկի բոլոր պատժամիջոցները:

– Գործող իշխանությունը հետքայլ կանի՞:

– Քաղաքականությունում ոչ մի բան չի կարելի բացառել, բայց ես վստահ եմ, որ այդ հետքայլը Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից չի բխում, դա լինելու է սխալ որոշում, մոտավորապես այնպիսի սխալ որոշում, որը կայացրեց Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերի 3-ին, երբ Մոսկվայում հայտարարվեց Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու որոշման մասին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am