«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
–Տիկի՛ն Հակոբյան, օգոստոսի 7-ին տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և քրեական գործով անցնող՝ Հայաստանում գտնվող վեց եպիսկոպոսների գործով առաջին դատական նիստը։ Տարբեր գնահատականներ են հնչում այս առնչությամբ, ոմանք այն համարում են պատմական խայտառակ իրադարձություն։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը։ Իրավական տեսանկյունից այն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես կրոնական կազմակերպության իրավունքների վրա։
– Իսկական խայտառակություն կլինի այն, եթե ճանաչվի Կաթողիկոսի մեղավորությունը: Սա է իսկական խայտառակությունը, ոչ թե այն, որ ենթադրյալ արարքի համար կարող է Կաթողիկոսի կոչում ունեցող մարդը կանչվել դատարան: Ի վերջո Հայաստանը իրավական պետություն է, այլ ոչ թե հոգևոր, ու բոլորն են հավասար օրենքի առաջ՝ անկախ զբաղեցրած պաշտոններից:
– ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ դատարանի բակում կլինեն՝ հաջակցություն Վեհափառի ու մյուսների, ինչպե՞ս եք գնահատում նրանց այս քայլը։
– Ընդդիմադիրներին ինչ-որ առիթ է պետք, որպեսզի դա ընկալեն տրիգեր ու դուրս գան փողոց: Ցանկացած իրադարձություն նրանց համար տրիգեր է ու պատրվակ՝ փողոց դուրս գալու, տեսախցիկների առաջ հայտնվելու ու իշխանությանը մեղադրանքներ ուղղելու համար: Այսպիսով, ես ոչ մի կերպ չեմ վերաբերվում նրանց որոշմանը, իրենց որոշումն ու իրավունքն է, կարող են անել ամեն ինչ, ինչն օրենքից դուրս չէ:
– Բազմաթիվ կոչեր եղան իշխանությանը ուղղված՝ դադարեցնել Վեհափառի նկատմամբ քրեական գործը, ինչու՞ չեղավ արձագանք ձեր թիմի կողմից, տիկի՛ն Հակոբյան:
– Մեր կողմից արձագանք եղել է, այն է՝ Եկեղեցու բարենորոգման ծրագիրը, որը մենք նաև որպես նախընտրական խոստում ենք տվել հանրությանը՝ ունենալ կաթողիկոս, որը չի մեղադրվում կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, որևէ քրեական հանցագործություն չի գործել: Մեր ժողովուրդը արժանի է նման կաթողիկոս ունենալուն, ու մենք նման կաթողիկոս ենք պատկերացնում:
– Ձեր թիմը շարունակո՞ւմ է մնալ այն համոզման, որ կատարվողը օրենքի խախտում ու եկեղեցու ներքին գործերին միջամտություն չէ։
– Որևէ բան չի փոխվել մեր թիմի տեսակետների մեջ այս հարցի վերաբերյալ, ընդհակառակը՝ մեր համոզմունքներն ավելի են ամրապնդվել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















