Սերժի համար կարված կոստյումով Փաշինյանը փաստացի փորձում է հավերժացնել իր իշխանությունը. Հովսեփ Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանը 

– Պարո՛ն Ղազարյան, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները դժգոհ են Սահմանադրության նոր տեքստից և պատրաստվում են հրապարակայնորեն քննադատել այն։ Պարզվել է նաև, որ իշխանությունը չի պատրաստվում սահմանափակել նույն անձի՝ երկու ժամկետից ավելի վարչապետ պաշտոնավարելու հնարավորությունը։ 2018-ի հեղափոխության պատճառներից մեկը Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը շարունակելու փորձն էր։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը, որն այն ժամանակ պայքարում էր դրա դեմ, այսօր հրաժարվում նման սահմանափակումից։

– Հեղափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավոր թեզերից մեկն այն էր, որ մեզ պետք չեն թագավոր ու հատկապես երկրի այնպիսի ղեկավար, որը փոխում է Մայր օրենքը՝ իշխանության մնալու համար: Այս պարագայում ճիշտ է, այդ խոչընդոտը բարեհաջող հեռացված է Սահմանադրությունից, ու Նիկոլ Փաշինյանը կարող է հավերժ վարչապետ աշխատել, բայց ժողովրդավարության ու պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից շատ կարևոր է, որ իշխանությունը երկու ժամկետ կառավարելուց հետո հեռանա՝ իր տեղը տալով նոր իշխանության: 

Սերժի կոստյումը, որը կարվել էր Սարգսյանին հավերժական իշխանության պահելու համար, Փաշինյանը փաստացի փորձում է դրանով հավերժացնել իր իշխանությունը: Փաշինյանը մի թեթև մոդեռնիզացնում է այդ կոստյումը, մի թեթև կոսմետիկ փոփոխություններ է անում՝ հեռացնելով Անկախության հռչակագիրը, մյուս փոփոխություններին էլ մեծ հաշվով տեղյակ չենք, գաղտնի են պահում: 

Այդ քննարկումներից պարզ է դառնում, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ֆիկտիվ մարմին է, որովհետև այդ խորհրդի անդամներն իրենք են քննադատում այն, որ արդարադատության նախարարությունը քննարկումներն անտեսել է ու իր համար նախագիծ է գրում: Սա փաստացի լինելու է մի Սահմանադրություն, որը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտաքին դերակատարների կողմից պահելու մասին է, այսինքն՝ այս փոփոխությունից հետո իրենք Ադրբեջանի հետ փորձելու են կնքել խաղաղության պայմանագիր, ինչի շնորհիվ Փաշինյանը փորձելու է հավերժ մնալ իշխանության ու մարդկանց համոզել, թե ինքը խաղաղություն է բերել, մոռանալով, որ իր բերածը միայն կորուստ ու զիջումներ են: 

Վստահ եմ, որ բուն Սահմանադրության տեքստը, ինչպես միշտ, չի բխելու Հայաստանի քաղաքացու շահերից, իսկ այսօր արդեն իսկ եղած Սահմանադրությունը փաստացի չեղարկված է: Որովհետև այս իշխանությունը մի կողմ դրեց Սահմանադրության այն հոդվածը, որը սահմանում է ընտրական գործընթացները՝ խլելով ԲՀԿ-ի ձայները, իսկ մյուս կետը, որը վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցուն, ևս ոտնահարված է, քանի որ Նիկոլ Փաշինյանը մտել է հոգևորականների անկողին ու Եկեղեցու ներքին գործերին է միջամտում: Փաստացի մի քանի կետերով այս իշխանությունն արդեն իսկ մի կողմ է դրել գործող Սահմանադրությունը ու գործում է Մայր օրենքից դուրս: Նոր Սահմանադրությունն էլ ամեն կերպ փորձելու են հարմարեցնել իրենց իշխանությանը: 

– Ստացվում է, որ այս փոփոխությունների հիմնական նպատակը Հռչակագրի հեռացո՞ւմն է:

– Եթե իրականում կար նպատակ իսկապես իդեալականին մոտ Սահմանադրություն գրելու և իրավական գործընթաց սկսելու, ապա այս իշխանությունը նոր Սահմանադրության մշակման գործընթացը կկազմակերպեր բաց ու թափանցիկ, հասարակության տարբեր խավերի ու մասնագետների ներգրավմամբ: Փաստացի այսօր ունենք մի իրավիճակ, երբ այդ նոր Սահմանադրության մշակմանը նույնիսկ իրենց ստեղծած խորհուրդը չի մասնակցում, փոխարենը արդարադատության նախարարությունը իրենց սրտի Սահմանադրությունն է գրում մի մութ անկյունում: 

– Պարո՛ն Ղազարյան, այդ դեպքում ինչո՞ւ ստեղծեցին խորհուրդը, եթե նրա անդամների կարծիքը հաշվի չէին առնելու։

– Զուտ իմիտացիայի խնդիր էին լուծում, բայց միայն այն փաստը, որ խորհրդի առաջարկները մի կողմ են դրել ու իրենք միայնակ տեքստ են գրում, արդեն ամեն ինչի մասին ասում է: Սա Նիկոլ Փաշինյանի Սահմանադրությունն է, որը զիջումների է գնացել Ալիևին ու այդ շարքում նաև Սահմանադրությունն է համապատասխանեցնում Ալիևի ճաշակին:

– Պարո՛ն Ղազարյան, Ձեր գնահատականից ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իրականում դեմ էր ոչ թե Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումին», այլ պարզապես ուզում էր, որ այն Սարգսյանի փոխարեն ինքը հագներ։ Այդպե՞ս է։

– Նիկոլ Փաշինյանին այդ խնդիրը հետաքրքրում էր իշխանափոխության լեգիտիմ լոզունգ ստեղծելու տեսանկյունից միայն: Վաղուց պարզ է, որ այս իշխանությունը ժողովրդավարության հետ որևէ իրական կապ չունի, այդ կապը միայն ձևական է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am