«Մեր երեխաների ուրվականը իրենց հանգիստ չի տալիս». Մարտի 1, արյունոտ կիրակին

«Մեր երեխաների ուրվականը իրենց հանգիստ չի տալիս». Մարտի 1, արյունոտ կիրակին
«Մեր երեխաների ուրվականը իրենց հանգիստ չի տալիս». Մարտի 1, արյունոտ կիրակին

2008 թվականի մարտի 1-ի դեպքերից 5 տարի է անցել, սակայն 10 սպանությունների համար այդպես էլ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Մարտի 1-ի զոհերի հարազատները պնդում են, որ սպանությունների հեղինակն իշխանություններն են, և եթե իշխանությունները ցանկանային, մեղավորները վաղուց իրենց պատիժը կստանային:
«Դեպքերը շատ վաղուց բացահայտված են, մենք բոլորս էլ գիտենք, որ մեր երեխաներին սպանելու հրաման է տվել Սերժ Սարգսյանը Քոչարյանի հետ միասին: Սպանել են նրանց թևի տակ գտնվող օլիգարխիան, բանակը և ոստիկանները, որոնք կատարել են ապօրինի գործունեություն»,- «Մեդիալաբին» ասում է մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը: Նա նշում է, որ սպանությունների իրական մեղավորները քրեական պատասխանատվության կենթարկվեն միայն այն ժամանակ, երբ երկրում իշխանափոխություն կլինի:

Հովհաննիսյանը հիշում է հինգ տարի առաջ այս օրը: Ասում է` դեմ էր, որ տղան հանրահավաք գնար: «Հիշում եմ, որ մեր տանը թեթևակի խոսակցություններ եղան: Տղաս ուզում էր իջնել Մյասնիկյանի արձանի մոտ, ես դեմ էի: Բայց մինչ այդ առավոտյան արթնացանք, գարնան առաջին օրն էր, շատ ուրախ էինք: Դեռ չգիտեինք, որ Ազատության հրապարակում մարդկանց ուժով ցրել են, որ ժողովուրդը հավաքվում է Մյասնիկյանի արձանի մոտ՝ իր բողոքն արտահայտելու: Տղայիս հետ գնացինք շուկա, շաբաթ օր էր, շատ լավ հիշում եմ: Հետո ինքը գնաց գործի, աշխատանքից հետ էր եկել, աշխատանքը թողել-եկել էր, ասեց, որ ժողովրդին ջարդել են, ու ինքը պետք է գնա Մյասնիկյանի արձանի մոտ: Ժամը 5-5 անց կես` էդ ժամերին իջել է քաղաք: Իմացա, որ դժվարությամբ է հասել քաղաքի կենտրոն, որովհետև մենք Ավանում ենք ապրում: Մեկ ժամ է տևել, մինչև հասել է քաղաք: Հետո եկել է Մյասնիկյանի արձանի մոտ»,- պատմում է Ալլա Հովհաննիսյանը: Այնուհետև հուզվում է, չի կարողանում շարունակել խոսքը, ասում է, որ դրանից հետո որդու մասին տեղեկություն չի ունեցել, հետո արդեն իմացել են մահվան մասին:

Անցյալ տարի հայոց պատմության բուհական դասագրքում ներառվել են նաև 2008 թվականի մարտմեկյան իրադարձությունները: Դասագիրքն առաջացրել էր զոհերի հարազատների զայրույթն ու վրդովմունքը:

«Պատմության դասագիրքը հատուկ իշխանություններն են պատվիրել, որովհետև մեր երեխաների ուրվականը նրանց հանգիստ չի տալիս: Միևնույն է, պատժվելու են, պատասխան են տալու: Նրանք մեր հինգ տարվա արցունքների, մեր երեխաների մատաղ կյանքը խլելու համար պատասխան են տալու: Պատմության դասագիրքը պատվիրել են նրա համար, որ վաղը-մյուս օրը պատասխանատվությունից խուսափեն: Բայց դա նրանց չի հաջողվելու»,- ասում է Ալլա Հովհաննիսյանը՝ նշելով, որ դասագրքում փաստերը խեղաթյուրված են:

Նա ասում է, որ նախ` իրավունք չկար թեման ներառելու այդ գրքում, քանի դեռ գործը նախաքննության փուլում է: «Երկրորդ` առհասարակ իրավունք չունեին այդ սուտ տեղեկատվությունը ներառել դասագրքում ու հրամցնել մատաղ սերնդին»,- ասում է Հովհաննիսյանը:

Մարտի 1-ի տասը զոհերի հարազատները դատի են տվել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ում հրամանով էլ հայոց պատմության դասագիրքն ընդունվել է: Հովհաննիսյանը նշում է, որ իրենք մինչև վերջ են գնալու, թեպետ հայաստանյան դատարաններից մեծ սպասելիքներ չունեն:

«Համոզված եմ, որ ի վերջո հասնելու ենք նրան, որ մարտի 1-ի իրադարձությունների մասը, երբ ասվում է, որ երկուստեք հրաձգություն է տեղի ունեցել, հանելու ենք գրքից: Մենք զոհերի մասով ենք պայքարում, գրքում ընդդիմությանը վերաբերող հատվածի համար թող ընդդիմությունը պայքարի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններին հետեւած հետընտրական բախումների հետևանքով մարտի 1-ին սպանվել են` Տիգրան Խաչատրյանը, Զաքար Հովհաննիսյանը, Արմեն Ֆարմանյանը, Սամվել Հարությունյանը, Տիգրան Աբգարյանը, ով զինծառայող էր, Գրիգոր Գևորգյանը, Համլետ Թադևոսյանը, ով ոստիկանության աշխատակից էր, Գոռ Քլոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Դավիթ Պետրոսյանը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am