Մեղմ դիմագծերով Սիրանույշ Նազանյանը եթերային մետաքսե ճերմակի վրա կարմիր, կանաչ, դեղին ու կապույտ գույներով տրամադրություններ է նկարում, որոնք դառնում են թաշկինակներ, շարվում իրար վրա ու նրան կյանքի չորրորդ տասնամյակում ուրախություն և հոգու ազատություն պարգևում:
«Շատ էի սիրում նրան, էնքան շատ, որ ուզում էի ամեն ինչով սերս ցույց տալ, նույնիսկ ճաշ պատրաստելիս բանջարեղենով գրում էի` սիրում եմ քեզ»,- պատմում է Սիրանույշը, ով տարիներ շարունակ իր նվիրումի ու սիրո դիմաց ամուսնուց ի պատասխան դավաճանության, խաբեության, երեխաների ներկայությամբ ծեծի ու ստորացման է արժանացել:
«Միշտ խմում էր, օրերով տուն չէր գալիս ու անընդհատ ինձնից փող էր ուզում: Ծնողներս չէին ուզում, որ նրա հետ ամուսնանայի, ասում էին` չե՞ս զգում՝ ինքը քեզ խաբում ա: Բայց ես շատ էի սիրում նրան ու սկզբում շատ վստահում, հավատում էի…»
«8 տարի միասին ենք ապրել, բայց չեմ էլ իմացել, թե ինչքան աշխատավարձ է ստանում, ու անընդհատ պարտքեր, հարբել, օրերով տուն չգալ: Ինձ կոմպլեքսավորում էր, թե ես վատն եմ, լավ տանտիկին չեմ, դրա համար էլ գնում է ուրիշ կանանց մոտ»,- այլևս անցյալում թողած դժվար օրերի մասին այսօր արդեն հանգիստ է խոսում կյանքում իր իսկական տեղն ու դերը գտած կինը:
Դեր, որի մասին անգամ երազել չէր կարող այն ժամանակ, երբ ամուսինը նույնիսկ երեխաների ներկայությամբ բռնության էր ենթարկում իրեն. «Որ խմած տուն էր գալիս, ամեն ինչից կարող էր կռիվ սարքել: Կարող ա` գլուխս մի քիչ ուշ թեքեի, շամպայնի շիշը կպներ գլխիս, ու տեղում մեռնեի: Այդ կարգի էր դարձել, ամբողջ մարմնիս վրա կապտուկներ ու վնասվածքներ էին միայն»:
Ամուսնության վերջին տարիներին ամեն առավոտ քնից արթնանալով՝ Սիրանույշը մտածում էր զանգել փաստաբան եղբորը, որ զբաղվի ապահարզանի հարցով, բայց ամեն անգամ երկու անչափահաս երեխաներին նայելով` մտածում էր. «Ոչինչ, սա էլ կանցնի, ամոթ է, լավ տղա է, կուղղվի», ու շարունակում էր ներել՝ ևս մեկ հնարավորություն ընձեռելով ամուսնուն:
«Այնպես էր խոսում, զղջում, նույնիսկ լաց լինում ինձ մոտ, որ ես մտածում էի` լավ, մարդ է, ուրեմն հասկացել է իր սխալը, այլևս չի անի, բայց անցնում էր մի քանի օր, ու նորից նույնը»,- հիշում է նա:
Ամուսնական կյանքի մղձավանջը շարունակվում է այնքան, մինչև ամուսնու պարտքերի պատճառով կորցնում են Երևանում երկրորդ բնակարանը, ու Սիրանույշը երեխաների հետ հայտնվում է դրսում՝ միայնակ, առանց տան ու առանց որևէ նյութական միջոցի: Թևաթափ՝ գալիս է Էջմիածին ու որոշում մկրտվել:
«Մտածեցի, որ կնքվեմ՝ ներքին ուժ կստանամ ու կկարողանամ բաժանման քայլը անել, նույնիսկ քահանայի հետ խոսեցի: Կնքվելուց հետո՝ ոնց որ ուրիշ մարդ»,- ժպտում է կինը՝ վերհիշելով անցյալի այդ վճռական պահը:
Բաժանվելով ամուսնուց ու երեխաների հետ առանձին բնակարան վարձելով Էջմիածնում՝ Սիրանույշը ձեռք է բերում կատարյալ հանգստություն, թեև սկզբնական շրջանում ամուսինը շատ ագրեսիվ է ընդունում բաժանման փաստը ու անընդհատ սպառնում կնոջն ու երեխաներին.
«Գիշերը ժամը 4-ին գալիս էր, կանգնում դռան մոտ, ասում. «Ես քեզ կսպանեմ»: Աղջիկս վախից դողում էր, ասում էր՝ չբացես դուռը: 10 տարեկան էր, բայց ամեն ինչ հասկանում էր, որ հայրը կարող էր մի քանի օր գալ, ժպտալ, հաջորդ օրը նորից գումար ուզել ինձնից»:
Այս ամենը արդեն անցյալում է, Սիրանույշի առավոտներն այլևս խաղաղ են սկսվում՝ Էջմիածնի եկեղեցիների զանգերի ղողանջների ներքո, նա երջանիկ ապրում է իր 12-ամյա դստեր և 5-ամյա որդու հետ… խաղաղ ու երջանիկ, քանի որ մի օր որոշեց, որ այդպես է ցանկանում ապրել:
Ամեն առավոտ զավակներին դպրոց ու մանկապարտեզ ուղեկցելը, նրանց ուրախացնելը, մինչև ուշ գիշեր նկարելը նրան դարձրել են ինքնավստահ, ուժեղ և հաստատակամ: Սիրանույշը զբաղվում է բատիկայով.
«Երբ սկսում ես նկարել, սկսում ես ստեղծագործել, ուղեղդ աշխատում է ավելի բարձր գաղափարների շուրջ, ու հասկանում ես, որ այդ ճղճիմ, այդ անմակարդակ վիճակից դուրս ես գալու, և սա քեզ համար փրկություն է: Ես միշտ մտածում էի, որ Աստված իմ ձեռքերին տվել է նկարելու շնորհք, բայց կգա՞ մի ժամանակ, որ ես դա օգտագործեմ, դրանով կատարելագործվեմ: Հիմա հասկանում եմ, որ այդ ժամանակը եկել է»:
Այժմ Սիրանույշն աշխատում է Նինա Հովնանյանի սրահում որպես նկարչուհի ու հիմնականում պատրաստում է բատիկից շարֆեր, սփռոցներ, պայուսակներ, թաշկինակներ, սկիհի ծածկոցներ, իր աշխատանքներով արդեն մասնակցել է նաև մի շարք ցուցահանդեսների.
«Ամենահեշտ բանը թուլամորթությունն է ու կործանվելը, երբ ոչինչ չես անում: Այսինքն՝ ալարում ես տեղիցդ շարժվել ու ինչ-որ բան փոխել քո կյանքում: Պետք չի ծուլություն անել անձնական կյանքում, հատկապես, երբ ունես զավակներ, ու նրանք նայում են քո աչքերին»:
Սիրանույշը համոզված է, որ այն կանայք, ովքեր դեռ չեն համարձակվում որևէ քայլ անել ընտանեկան բռնությանը վերջ տալու համար, դեռևս չեն հասել այն ներքին համոզմանը, որ սխալ ընտրություն են կատարել:
«Ես այնքան էի հոգնել այդ տառապյալ կնոջ մտքերից, որ դրանով ուղղակի ժամանակ էի սպանում, ուրիշ ոչինչ: Բոլոր այն կանայք, ովքեր արգելափակված տառապում են, անիմաստ ժամանակ են կորցնում, պետք է իրենց մեջ ուժ գտնեն և ոտքի կանգնեն: Եթե քո մազերը կարող են քաշել, ամբողջ տնով մեկ պտտեցնել, ու դու դրան դիմանաս, չմեռնես, ուրեմն դու կարող ես նաև ապահարզան տալ ու ասել. «Ես ուզում եմ պարզապես հանգիստ ապրել»:
Լիլիթ Առաքելյան
Լուսանկարը` Էմմա Գրիգորյանի
Ֆոտոպատմությունն` այստեղ
© Medialab.am