Աղետի տանող անտերություն. Ավետյանների ընտանիքն ապրում է Վանաձորի քիմիական գործարանի թափոնակուտակիչի տարածքում

Աղետի տանող անտերություն. Ավետյանների ընտանիքն ապրում է Վանաձորի քիմիական գործարանի թափոնակուտակիչի տարածքում
Աղետի տանող անտերություն. Ավետյանների ընտանիքն ապրում է Վանաձորի քիմիական գործարանի թափոնակուտակիչի տարածքում

Բնապահպաններն ահազանգում են. Վանաձորի քիմիական գործարանի թափոնակուտակիչի ցանկապատված չլինելը, տեղեկատվական վահանակների բացակայությունն ու վթարային դրենաժային համակարգի անմխիթար վիճակը կարող են աղետալի վիճակ ստեղծել շրջակա միջավայրի համար` առաջ բերելով ջրերի և հողերի աղտոտվածություն: Իրավիճակը կարող է նաև ուղղակիորեն ազդեցություն ունենալ մոտակայքում բնակվողների առողջության վրա:

Սակայն մինչ մտահոգություններ հնչեցնելն ու պատկան մարմիններին «իրազեկելը», անտերության մատնված այս տարածքը տարիներ շարունակ իսկական պատուհաս է դարձել Ավետյանների 3 հոգանոց ընտանիքի համար, որոնք լակմուսի թղթի նման իրավիճակի կրողն են դարձել:

«Դժվար է, օդից խեղդվում ենք, օրեր են լինում, որ տհաճ հոտ է փչում, էս ջահել տարիքին հազար հիվանդություն ունենք»,- ասում է երկար տարիներ Վանաձորի քիմիական գործարանի թափոնների վրա կառուցված 4 սենյականոց տնակում ապրող ընտանիքի մայրը` 48-ամյա Սուսաննա Ավետյանը:

1995 թվականից ի վեր Ավետյանների համար Վանաձորի քիմիական գործարանի թափոնների վրա կառուցված տնակը հիմնական կացարան է դարձել:

Ընտանիքի մայրն ասում է, որ սկզբում ժամանակավոր են տեղափոխվել, քանի որ «Կանակա» շինարարական կազմակերպությունից բնակարան պիտի ստանային, սակայն հիմնարկը լուծարվել է, հույսերն էլ` հետը:

Չնայած ընտանիքի դուստրն ամուսնացել և սեփական ընտանիք կազմել, սակայն հաճախ է ծնողներին այցելում իր մանկահասակ երեխայի հետ՝ վտանգելով նաև նրա առողջությունը:

Սուսաննա Ավետյանն ասում է, որ 17 տարի թափոնների հարևանությամբ ապրելու հետևանքով ընտանիքի բոլոր անդամները տարբեր հիվանդություններ են ձեռք բերել:

«Առաջին հերթին ալերգիկ երևույթներ նկատվեցին, քոր, գլխացավ,կոկորդի սպազմ, գլխապտույտ: Հետո արդեն տարիների ընթացքում որդուս արյան անոթները լայնացան, աղջկաս մոտ` հորմոնալ խնդիրներ, ամուսնուս սիրտն է վատառողջ»,-պատմում է Սուսաննա Ավետյանը:

Նա ցույց է տալիս տնակից քիչ հեռու կառուցված զուգարանը, որի մեկ մետր խորությունից թունավոր կաթնամոխրագույն թափոնները դուրս են եկել և տարածվել նրա շուրջը:

«Ծառեր էլ ունենք տնկած, բայց պտուղը չի հասնում, հենց հասնելու վրա է լինում, պտուղները թափվում են, երևի թունավոր նյութերը չեն թողնում, որ աճի»,-ենթադրում է Սուսաննա Ավետյանը:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի ուսումնասիրությունների` տարածքում, բացի ամոնիումի իոններից, այլ վնասակար նյութեր թեև չեն հայտնաբերվել, այնուամենայնիվ նախարարությունը բազմիցս ահազանգել է, որ տարածքը բնակության համար պիտանի չէ, և պետք է լիովին ցանկապատվի:

«Ամոնիումի իոնները մարդու մոտ կարող են առաջացնել շնչառական համակարգի, մաշկային, ալերգիկ հիվանդություններ»,- «Մեդիալաբին» ասում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Լոռու մարզի տարածքային կենտրոնի պետ Կարինե Միրզոյանը:

Սակայն Ավետյանները տարիների ընթացքում համոզվելով, որ թափոնների վրա կառուցված տնակը առողջության համար պիտանի չէ, հավաստում են, որ բանվորությամբ վաստակելով` իրենք ուղղակի անկարող են տուն գնել:

«Եթե 20 տարի չենք կարողացել, էս պայմաններում ի՞նչ կարող ենք անել»,- հարցնում է Սուսաննա Ավետյանը:

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանն ասում է, որ ստեղծված իրավիճակում առաջին հերքին խիստ կարևոր է իրազեկման աշխատանքներ տանելը:

Ըստ Ինգա Զարաֆյանի` առաջին հերթին կառավարությունը` ի դեմս ՀՀ առողջապահության, արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարությունների, պետք է շուտափույթ ահազանգի արձագանքին և ներկայացնի միջոցառումների ցանկ:

«Ամենաքիչը, որ պիտի արվի, տարածքը ցանկապատելն է, տեղեկատվական վահանակներ տեղադրելը, քանի որ եթե մենք ունենք թափոններ պարունակող տարածքներ, ապա բոլորը պիտի իրազեկ լինեն դրա մասին, մասնավորապես, թե ինչ նյութեր են պարունակվում դրանց մեջ և ինչ քանակությամբ,- «Մեդիալաբին» ասում է Ինգա Զարաֆյանը` հավելելով,- առավել ևս, որ մենք արդեն շատ վատ օրինակ ունենք` Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը»:

Վանաձորի «Օրհուս» կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը ևս կարևորում է շուտափույթ միջոցառումներ իրականացնելը: Նա նշում է, որ եթե գործարանի թափոնակուտակիչի տարածքը մնա անտեր-անտիրական, ապա կարող է քաղաքի համար հետագայում խնդիրներ առաջացնել, ավելորդ բեռ դառնալ:

«Ջրատարի խցանման դեպքում սարերից հոսող ջրերը կլցվեն շլամ պարունակող թափոնակուտակիչի մեջ և փլուզում կառաջացնեն` աղտոտելով ողջ շրջակա միջավայրը»,- ասում է Բոջուկյանը:

Նա շեշտում է, որ մինչ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը, անհապաղ պիտի լուծվի ընտանիքի տարհանման հարցը:

Վանաձորի քաղաքային իշխանությունները, սակայն, պնդում են, որ այդ հարցն իրենց իրավասությունների մեջ չի մտնում:

«Քիմիական գործարանի նախկին տարիների կուտակած թափոնների հետագա ճակատագրի հետ քաղաքապետարանը չի առնչվում»,- «Մեդիալաբին» ասում է Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Նորիկ Սարդարյանը՝ փաստացի խնդիրը թողնելով անտեր:

Վանաձոր

© Medialab.am