«Դավաճանները հատուկ կատեգորիա են, և նրանց նկատմամբ պետք է լինի հրապարակային դատ». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

– Տիկի՛ ն Սեդրակյան, ինչպե՞ս եք գնահատում, որ ռազմական դրության պայմաններում փոխվում է ԱԱԾ տնօրենը։ Սա, ըստ ձեզ, ավելի շատ արտաքի՞ն, թե՞ ներքին գործոններով է պայմանավորված։ 

– Ես կուզենայի, որ համընկնում լինեն դավաճանության դեպքերի մասին բարձրաձայնումները և պրոֆեսիոնալ պարտքը լավ չկատարելու համար ԱԱԾ ղեկավարի պաշտոնանկությունը։

Նման պայմաններում ոչ պրոֆեսիոնալ լինելու համար պաշտոնանկությունը բնական է ու նորմալ։ Ուղղակի աչքիս առաջ է Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունն առ այն, որ ռուսները չեն համագործակցելու ԱԱԾ տվյալ տնօրենի հետ, և չեմ ուզում, որ այդ երկու դեպքերը կապ ունենան։

Հույս ունեմ, որ դրանք պարզապես համընկնում են։ Որովհետև, գիտեք, եթե Ռուսաստանը մեզ թելադրի, թե ով լինի մեր ԱԱԾ տնօրենը, Ռուսաստանի ձեռքին կլինի մեր անվտանգության բանալին։ Դա անթույլատրելի է։ 

– Այդուհանդերձ, դուք չեք բացառում և տեսնում եք, որ նման կապ կարո՚ղ է լինել։

– Դե գիտեք ինչ, աչքը տեսնում է, տեղեկատվությունը ստանում ես, երևույթները համադրում ես։ Չի կարելի մարդկանց ստիպել, որ պատճառահետևանքային կապերը չտեսնեն։ 

– Բայց ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությանը նախորդեց Նիկոլ Փաշինյանի գրառումը դավաճանների մասին։ 

– Ես պնդում եմ, որ դավաճանները հատուկ կատեգորիա են, և նրանց նկատմամբ պետք է լինի հրապարակային դատ։ Որ ասում են՝ սերունդները մեղք են, ո՛չ, սերունդները մեղք չեն։ Սերունդները կյանքով մեկ պետք է պատասխան տան իրենց բարեկամների դավաճանության համար։ Դա պարտադիր է։

Ցանկացած դավաճանի նկատմամբ պետք է լինի հրապարակային դատ, որպեսզի ոչ մի դավաճան հետագայում իրավունք չունենա ասել, որ ծածկադմփոց արեցին, ինքը ոչնչով մեղավոր չէր։

Պետք է հանրային ձևով բոլոր փաստերը դրվեն այդ մարդու առջև, և դատն էլ, ցանկալի է, որ լինի հանրային։ Ստալինը բոլոր «ժողովրդի թշնամիների» դատերը հանրային էր անում, և եթե այս դեպքում մարդը ժողովրդի թշնամի է, պետք է դատն անել հանրային։ Պետք է ամեն ինչ լինի հստակ, և հետևեն գործողություններ։

– Վերջին օրերի այս հայտարարություններից հետո արդյոք տեսնո՞ւմ եք նորից ներքաղաքական ինչ-որ խլրտումներ։

– Ես մի բան գիտեմ, եթե նախկինները համարում են, որ ներկաները լավ չեն պաշտպանում հայրենիքը, նրանք ունեն ոչ միայն մաքրվելու, այլև դոմինանտ դիրք գրավելու մի բացառիկ հնարավորություն, որովհետև պատերազմը մաքրում է ամեն ինչ։

Արյունը և կյանքի զոհողությունը մաքրում են ամեն ինչ։ Ես ինչ-որ չեմ տեսնում դա նախկինների մոտ։

Օրինակ՝ դաշնակցականների մոտ տեսնում եմ. նրանք հավատարիմ են իրենց գաղափարական ուղղվածությանը, և դա է պատճառը, որ ՀՅԴ-ն կայուն ընտրազանգված ունի ու չի կորցնում այն։ Ինչքան շատ նրանք գնան պատերազմ հիմա, վաղն իրենք ապահովում են իրենց կուսակցության բազան։

Ղարաբաղյան նախորդ պատերազմում էլ դաշնակցականները շատ մեծ ու որոշիչ դեր կատարեցին։

Մենք երկու տիպի դաշնակցություն գիտենք՝ բյուրոկրատ ու քաղաքական պատեհապաշտ ղեկավար կազմով և ազգանվեր տղաներ, որոնք ընդունել են ազգային գաղափարախոսությունը որպես դոմինանտ և գնում են կռիվ։

Բայց դրանք կուսակցական ջոկատներ են։ Ասում են՝ պատերազմի ժամանակ կուսակցություններ չկան, բայց եթե, ասենք՝ նախկին նախագահներն իրենց ողջ ազգուտակով, իրենց ֆինանսական միջոցներով հրապարակային լումա ունենային այդ պատերազմում, գնային առաջնագիծ ու կռվեին, և այդ գումարտակը ձևավորեին իրենց համախոհներից և իրենց միջոցներով, մենք կունենայինք բացառիկ հայրենասիրության օրինակ, և մարդիկ կարող էին նրանց համար հարթել քաղաքական ինչ-որ ճանապարհներ։

Հիմա տեղեկատվական հոսքերով, այլանդակ թերթերին փող տալով այլանդակ նյութեր տպելու համար՝ դրանով քաղաքական բազա չեն ապահովում։ Ապատեղեկատվությամբ, քայքայման, կներեք՝ կեղտոտ բամբասանքով քաղաքական ճանապարհ չեն հարթում մի երկրում, որտեղ պատերազմ է։

– Ձեր դիտարկմամբ՝ մենք այս անգամ ավելի երկարատև պատերազմի՞ հետ գործ ունենք։

– Մենք պետք է հասկանանք, որ հիմա պետք է վերցնենք առավելագույնը։ Մենք արդեն վճարել ենք առավելագույնը և պետք է վերցնենք առավելագույնը մեր վճարածի համար։

Մենք այդքան երեխաների ենք կորցրել, մենք պարզապես զոհ չենք տվել, մենք մեզնից ենք կտրել, մեր սիրտը արդեն տվել ենք։ Հայաստանի 99 տոկոսը ո՛չ սիրտ ունի, ո՛չ միտք ունի, ո՛չ զգացմունք ունի։

Մենք դատարկվել ենք, մեր ապագան դրել ենք զոհասեղանին և դրանից հետո մենք պետք է ստանանք գերագույն հատուցում։ Եվ այդ գերագույն հատուցումը մեր հողում այլևս երբևէ չսպանվելու, ապրելու իրավունքն է։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am