«Մի ցանեք քամի, դրա պատասխանը փոթորիկ է». Արմեն Աշոտյանն անդրադարձել է բնապահպանության նախարարի պահվածքին

«Մի ցանեք քամի, դրա պատասխանը փոթորիկ է». Արմեն Աշոտյանն անդրադարձել է բնապահպանության նախարարի պահվածքին
«Մի ցանեք քամի, դրա պատասխանը փոթորիկ է». Արմեն Աշոտյանն անդրադարձել է բնապահպանության նախարարի պահվածքին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի երեկվա պահվածքին: 

Հիշեցնենք, որ «Պատասխանատու հանքարդյունաբերության հաստատում. Մարտահրավերները և հնարավորությունները» միջազգային կոնֆերանսի ժամանակ, որին ներկա էին Հայաստոնում ՄԹ, ԱՄՆ, Գերմանիայի դեսպանները, արտերկրից հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ կառավարության անդամներ, աղմկահարույց դեպք է գրանցվել:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցող կոնֆերանսի ժամանակ դահլիճ են մտել բնապահպան ակտիվիստներ` էներգետիկայի եւ բնապահպանության նախարարներին առաջարկելով խմել իրենց հետ բերված գետի ջուրը՝ նշելով, որ Հայաստանի բոլոր գետերը աղտոտված են:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վիրավորել էր բնապահպաններին՝ սպառալով պոկել նրանց ականջները:

Արմեն Աշոտյանը լրագրողներին խորհուրդ տվեց հետևել հին ճշմարտությանը՝ որոնել այս խնդրի արմատները:

«Արմատները հետևյալն են՝ վաղուց մեր հասարակա-քաղաքական քննարկումների դաշտում, այդ թվում՝ որոշ ԶԼՄ-ների պատճառով բառամթերքի կտրուկ անկում կա: Չի կարելի մեղադրել մարդուն, որին հետևողականորեն սարդրում են՝ միջոցառումը տապալելով և վանկակումներ հնչեցնելով: Օրինակ՝ դուք ծախել եք հանքը, դա վիրավորանք է, թե՞ չէ, դուք կաշառք եք վերցրել, այս արտահայտությունը վիրավորանք է, թե՞ չէ»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը հարցադրում արեց՝ մասնագիտական գործունեությո՞ւն է այն, երբ դիմացինն ասում է՝ դուք կաշառակեր եք, դուք վաճառել եք երկիրը:

«Ես վաղուց եմ ասել՝ մի ցանեք քամի, ոչ ոք քամի չպետք է ցանի, որովհետև դրա պատասխանը փոթորիկ է, չի կարելի»,- ասաց նա:

Հարցին, թե ինքն արդարացնո՞ւմ է նախարարին, ով պատրաստ է կտրել բնապահպանի ականջները, Արմեն Աշոտյանը հարցով պատասխանեց.

«Դուք արդարացրեցի՞ք քաղաքացիական ակտիվիստներին, որոնք նման տեսակի վանկարկումներով վարկաբեկում են կառավարության անդամներին: Դուք արդարացնո՞ւմ եք լրագրողներին, որոնք գրում են ամենավարջին վիրավորանքները կայքերում, արդարացնո՞ւմ եք այն ակտիվիստներին, որոնք նպատակային սադրիչ գործողություններ են կատարում, վիրավորում են մարդկանց հրապարակավ, արդարացնո՞ւմ եք, թե չէ: Մենք իրար արժանի ենք, պրոբլեմը դրա մեջ է: Մենք դա գիտակցում ենք, իսկ դուք դա չեք ուզում գիտակցել»,- ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ չկա ավելի լավ իշխանություն Հայաստանում, չորրորդ իշխանությունը նույնքան իշխանություն իր խնդիրներով, որքան գործադիր իշխանությունը:

«Ակտիվիստները ձեր իսկ տեսագրություններում տարբեր տիպի վանկարկումներով վիրավորում են, պիտակավորում են կառավարության անդամներին, եղե՞լ է այդպիսի բան: Եթե ձեզ իրոք հետաքրքրում է՝ ոնց անենք, որ հասարակական-քաղաքական քննարկումների մակարդակը բարձրանա, միասին աշխատենք: Եթե ձեզ միայն հետաքրքրում է՝ ինչպես անել, որ դուք, քաղաքացիական ինստիտուտների այլ ներկայացուցիչներ իրենց սեփական ցեխում՝ հանրույթում հանկարծ պրոբլեմ չտեսնեն և միայն  մեղադրեն դիմացինին, այդպես չի եղել և չի լինելու»,- ասաց նա:

Լրագրողները նկատեցին, որ խոսքը միայն բնապահպանության նախարարի մասին չէ, վերջին շրջանում ագրեսիվ պահվածք են դրսևորում նաև այլ նախարարներ, օրինակ, արդարադատության ու ֆինանսների նախարարները, ովքեր պատգամավորների հասցեին խորհրդարանում վիրավորական արտահայտություններ են արել:

Ի պատասխան, Արմեն Աշոտյանն ասաց, որ եթե անգամ այդպես է, եթե կարծիք կա, որ կառավարության անդամները ագրեսիվացել են, ապա դարձյալ պետք է դրա արմատը որոնել:

«Արմատը հետևյալն է՝ դուք աշխատում եք մի հեռուստաընկերությունում, որը պատկանում է կուսակցություններից մեկին, որը այդ քառյակի մաս է: Դուք տեսե՞լ եք՝ իրենց բառամթերքն ինչպես է սաստկացել վատ իմաստով, ինչ տոնով են իրենք խոսում Ազգային ժողովում կառավարության մասին, ինչպիսի ամբարտավանությամբ են արտահայտվում տարբեր անձանց մասին, քննադատությունը մոռացած անցել են պիտակավորումներին, դուք դա տեսնում եք, թե՞ չեք տեսնում»,- նշեց նա:

ՀՀԿ փոխնախագահը լրագրողներին խորհուրդ տվեց՝ «մինչև ձեր աչքի փուշը չտեսնեք, մեր աչքի փուշը հանգիստ թողեք: Մենք մեր փշերի տեղը լավ գիտենք»:

© Medialab.am