«Կարևորը պիտանի կամ օգտակար լինելու զգացումն է, մի բան անելու ժեստը»․ Գեղանկարիչները վաճառքի են հանել նկարները՝ հանուն հայրենիքի

«Բալենի», «Կարմիր կակաչներ», «Պատերազմ», «Սպասում»՝ այս և այլ վերնագրերով նկարները «ARTists for ARTsakh» Ֆեյսբուքի էջում գեղանկարիչները վաճառքի են հանել։ Նպատակը մեկն է՝ դժվարին այս պահին օգտակար լինել հայրենիքին, վաճառքից ստացած հասույթն ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ 

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հանրությունը փորձում է միավորել ուժերը և օգտակար լինել հայրենիքին։ Սփյուռքից, Հայաստանից, Արցախից ստացվող օգնությունը հիմնականում ուղղվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամ։ Այս պահին հիմնադրամի հաշվին փոխանցված գումարը կազմում է ավելի քան 130 միլիոն դոլար:

Գեղանկարիչ Գևորգ Գրիգորյանը «Մեդիալաբին» պատմում է, որ գեղանկարիչներին ևս միավորել է հայրենիքին օգտակար լինելու գաղափարը։

«Ընկերս զանգեց ու ասաց, որ գործերը էժան դնենք, գումարն ուղարկենք հիմնադրամին, ես միանգամից համաձայնեցի»,- ասում է Գևորգ Գրիգորյանը։ 

Նա նշում է, որ արդեն իսկ նկատել էր, որ մի քանի նկարիչներ միացել են նախաձեռնությանը, սակայն ավելի արդյունավետ գործելու համար օգտակար լինելու գաղափարի շուրջ համախմբված արվեստագետներին առաջարկել է առանձին էջ բացել, և սկիզբ դնել հետաքրքիր ու գունեղ այս նախաձեռնությանը։ 

«Այդ պահին չէի մտածում, թե ինչ ակնկալիքներ կարող են լինել, նախապես չէի մտածում ի՞նչ կլինի, կաշխատի՞, թե՞ չի աշխատի, մտածում էի, որ աննշան բան էլ լինի, արժի անել։ Ես դրանից գլուխ էլ չէի անում՝ Ֆեյսբուքում էջ բացել, ինչ-որ գործ տանել առաջ։ Բայց մեր նպատակն էր, որ կարողանանք այս ձևով օգնել, ու առաջարկն աշխատեց, շատ լավ աշխատեց»,- «Մեդիալաբին» պատմում է գեղանկարիչ Գևորգ Գրիգորյանը։

Սաթի Բաղդասարյան
«Թեժ լեռ»

Գրիգորյանի խոսքով՝ վաճառքից ստացված գումարը հատել է 2․5 միլիոն դրամը, վաճառվել է շուրջ 30 նկար։

«Գնորդները ընտրում են նկարը, գումարը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, կտրոնն ուղարկում են մեզ, մենք տրամադրում ենք հեղինակների կոնտակտները և իրենք իրար հետ են կապվում»,- մեխանիզմը բացատրում է Գրիգորյանը։

Գրիգորյանը պատմում է, որ ընկերներով մեկնարկած նախաձեռնությունը շատ արագ դուրս է եկել «ընկերական միջավայրից» և լայն տարածում գտել։ Կարճ ժամանակում «ARTists for ARTsakh» նախաձեռնությանը միացել են գրեթե 100 գեղանկարիչներ, որոնց միավորում է հայրենիքին իրենց արվեստով և ստեղծարար մտքով օգտակար լինելու գաղափարը։

«Բացի անհատներից, նաև պատկերասրահներ են միացել։ Գյումրու պատկերասրահներից մեկն էլ միացել է, դրսից էլ կան՝ ԱՄՆ-ից։ Նկարիչներ կան, որ օրով են ապրում և հավելյալ գումար չունեն, որ գումար փոխանցեն, բայց ունեն նկարներ, որոնք կարողանում են վաճառել և դրանով օգնել»,- պատմում է գեղանկարիչը։

Անի Պետոյան
«Դիլիջան»

Գրիգորյանը նշում է, որ նկարները վաճառվում են մատչելի գներով, քանի որ իրական արժեքով վաճառքի դեպքում գնորդների թիվը, հնարավոր է՝ փոքր լիներ, վաճառքի համար ժամանակը՝ անհամեմատ երկար։ 

«Օրինակ՝ իմ նկարներից մեկը 7 անգամ էժան վաճառվեց, դե, կարող ենք շատ բարձր գին դնել , որ վաճառվի ու միանգամից շատ օգուտ լինի, բայց խելքին մոտ չի, կարող է ամիսներ հետո վաճառվի։ Թող կամաց-կամաց ինչ-որ բան լինի, գումարից ու գնից առավել շատ կարևոր են էս էներգիան, էս ալիքը։ Կարևորը էդ պիտանի լինելու զգացումն է, մի բան անելու արարքն է, ժեստը, որ նկարիչն ու գնորդը անում են»,- նշում է Գևորգ Գրիգորյանը։

Թեհմինա Հարությունյան
«Նատյուրմորտ»

Գեղանկարիչն ասում է, որ թե՛ ինքը, թե՛ նախաձեռնությունում ընդգրկված նկարիչները պատերազմական բարդ իրավիճակում կարևորում են յուրաքանչյուրի ներգրավվածությունը և աջակցությունը։

Սեւադայ Պետրոսեան
«Աշուն»

«Իմաստը սա է՝ դու քո տեղում, քո պրոֆիլով, քո պայմաններով պիտի անես քո պոտենցիալի ամենահնարավորը։ Այս պատերազմական սուր պայմաններում հատկապես քո պոտենցիալը պետք է է՛լ ավելի օգտագործես ու օգտակար լինես։
Մեկը՝ նկարներով, մեկը՝ գուցե ինժեներական գիտելիքներով ծառայելով, առաջնայինի- երկրորդականի բան չկա։ Այստեղ դու պետք է կարողանաս ազնիվ լինել քեզ հետ, որ հասկանաս՝ դու կարողանում էիր սա անել և արեցիր»,- ընդգծում է գեղանկարիչը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am