«Իլհամ Ալիևը Հաագայի դատարաններից տուն չի գալու, նրան սպասում է հայտնի դիկտատորների դատաստանը». Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը

– Երկրորդ հումանիտար հրադադարից հետո ևս Ադրբեջանը կանգ չի առնում: Ձեր կարծիքով ինչո՞վ է դա պայմանավորված, նշվում է, որ Ադրբեջանը չի ցանկանում դուրս բերել իր դիակները, գուցե դրա՞ հետ է կապված:

– Նրանք չեն կարող իրենց ժողովրդին բացատրել, թե այդ զոհերն ինչի համար են տվել: Ենթադրենք՝ ինչ-որ տարածք են վերցրել, մի՞թե արժեր հազարավոր զոհերը, քանի որ կար Մինսկի խմբի ձևաչափը, և մարդիկ բանական ճանապարհով գնալու փոխարեն ինքնաոչնչացման ճանապարհն ընտրեցին: 

Նրանք Ադրբեջանի ժողովրդին պետք է ասեն՝ մի՞թե արժեր այդ հազարավոր զոհերը, որ, ենթադրենք, մի քանի բնակավայր գրավել: Նրանք ուզում են մաքսիմալ ինչ-որ բանի հասնել, աշխարհում իրենց դաշնակցային բոլոր հնարավորություններն օգտագործելով՝ Թուրքիա, Պակիստան, Աֆղանստան, գումարած ահաբեկիչներ, ուզում են ինչ-որ բան ամրագրել, որ այդ զոհերի պատասխանը տան, արժեքը ներկայացնեն, որ սա արժեր սրան: 

– Հատկանշական է, որ ադրբեջանցիները նույնիսկ Կարմիր խաչին թույլ չտվեցին մտնել այդ տարածքներ և վիրավորների ու դիակների տարհանում իրականացնել: Կարծում եք պատճառն այն է, որ այդ դեպքում կպարզվեր, որ Սիրիայից ահաբեկիչներ կա՞ն:

– Իմ պատասխանը նաև այդ կոնտեքստում է: Եթե Կարմիր խաչին չեն թողել, ուրեմն ես երիցս ճիշտ եմ, որ իրենց կեղտոտ ծրագրերը ջրի երես են դուրս գալիս: Բայց միևնույն է, Իլհամ Ալիևը չի մարսելու. թե՛ միջազգային հանրության գնահատականներին չի դիմանալու, թե՛ Ադրբեջանի ժողովրդի ներկայացրած պահանջներին, որովհետև մի՞թե արժեր այս ամենը: 

Նորից կրկնեմ, կար ձևաչափ՝ լավ թե վատ, ստատուս քվոն պահպանվում էր, և կարելի էր բանակցությունների ճանապարհով ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել: 

Ադրբեջանի ժողովուրդը մեղք չունի, մեղք ունեն Ալիևի կլանը, Փաշաևների կլանը, ամբողջ Ադրբեջանի իսթեբլիշմենթը: Այս «Սմերչների», «Սկադների», իսրայելական «ԼՈՌ»-երի ներգրավմամբ այս ամբողջ պատերազմը մի նպատակ էր հետապնդում, որ Իլհամ Ալիևը իր իշխանությունն Ադրբեջանում չկորցներ: 

– Իսկ հիմա, երբ պարզվի զոհերի իրական թիվը, վտանգ կա՞, որ Ադրբեջանում դժգոհությունը վտանգավոր կահագնանա:

– Դժգոհություն արդեն կա Ադրբեջանում, և դրա համար Իլհամ Ալիևը մարդասիրական հրադադարին անգամ չհամաձայնեց: Հետո կա վտանգ, որ եթե նրանք մեզ ցավեցնում են, մենք կարող ենք իրենց քառապատիկ ավելի շատ ցավեցնել: 

Մինչդեռ մենք ամենևին նպատակ չունենք Գյանջայի վրա հարձակվելու, ռմբահարելու: Բայց պայմանը մեկն էր, որ իրենց ժողովուրդը հասկանար, որ եթե դու խփում ես Ստեփանակերտին, Մարտակերտին, Մարտունիին, ուրեմն իրենք էլ կարող են խփել Գյանջային, Թերթերին, Միրբաշիրին, Մինգեչաուրին և այլն: 

Նրանք մեզ այլընտրանք չեն թողել, բայց նորից եմ կրկնում՝ սա բանական պատերազմ չէ, սա ռազմավարական պատերազմ չէ, սա ինքնաոչնչացման ճանապարհ է: Ժամանակին Իլհամ Ալիևը Հաագայի դատարաններից տուն չի գալու, նրան սպասում է հայտնի դիկտատորների դատաստանը:

– Շատերը նշում են, որ վերջին շրջանում միջազգային հանրությունը պասիվ է Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ գործողությունների, քայլերի գնալու առումով, բավարարվում են միայն դատապարտումներով:

– Ես չէի ասի, թե պասիվ է: Մենք տեղյակ ենք Ֆրանսիայի, Ռուսաստանի, ինչու չէ, Թրամփի հայտարարություններին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մոտեցումներին: Այդ ամենն ազդել է, որ այսօր ինչ-որ չափով երկուստեք փոխզիջման, հրադադարի պայմանները վերահաստատենք ու պահենք: 

Մանե Հարությունյան

MediaLab.am