«Պետք է կարողանանք զենքի այլընտրանքային աղբյուրներ գտնել հաղթանակ ապահովելու համար». Գարեգին Միսկարյան

Լուսանկարը՝ Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան էջից

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալդեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը

– Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում ասել է, որ Իսրայելը պետք է մտածի, թե արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Արցախի դեմ, և փաստորեն հրաժարվել է Իսրայելի առաջարկած հումանիտար օգնությունից՝ շատ կոշտ ձևով առաջարկելով այն ուղղել ահաբեկիչներին: Ընդհանրապես ճի՞շտ է արդյոք դիվանագիտական հարթակներում այսպիսի կոշտ գնահատականներ հնչեցնելը, թե՞ պետք է իսրայելցի պաշտոնյաների հետ բանակցել ու լեզու գտնել:

– Իսրայելի հետ կապված հարցը շատ նուրբ է, այդ խնդիրը նոր չի առաջացել: Այն, որ Իսրայելը Ադրբեջանին զենք է վաճառում, տարիների պատմություն ունի, և լավ կլիներ, որ դիվանագետներն այդ հարցին ժամանակին ուշադրություն դարձրած լինեին, և գործը չհասներ նրան, ինչին հիմա հասել է: 

Հիմա ունենք այն, ինչ ունենք: Այդ համատեքստում վարչապետի արձագանքը ես դրական եմ գնահատում այն առումով, որ Իսրայելի կողմից զենք վաճառել Ադրբեջանին, ամեն կերպ աջակցել, փորձարկել այդ զենքերը Ադրբեջանի կողմից վարվող այս ագրեսիայի շրջանակներում և հետո կանգնել, ասել՝ պատրաստ ենք հումանիտար օգնություն տրամադրել Հայաստանին, դա, կարծում եմ՝ ցինիզմ է: Եվ այդ ցինիզմին վարչապետի պատասխանը դրական եմ գնահատում:

Այստեղ կա մի փոքրիկ նրբություն, որ պետք չէ նույնացնել Իսրայել պետության վարած քաղաքականությունը և Իսրայելի ժողովրդին: Իսրայելում կան բազմաթիվ մարդիկ, որոնք իրոք խորապես անհանգստացած են Հայաստանում ու Արցախում տիրող այս իրավիճակով, և չի կարելի նրանց վիրավորել: Երկրորդ՝ չի կարելի հրաժարվել այն օգնությունից, որը նրանք պատրաստ են ի սրտե անել և անում են: 

– Այսինքն՝ պետք չէ ժողովուրդների միջև հակասություններ ստեղծել և դիվանագիտական հարթակում եղած հակասությունները տարածել հասարակության վրա՞:

– Մենք պետք է աշխատենք առհասարակ այլ ժողովուրդների հետ խնդիրներ չունենալ: Բայց պիտի այնպես լինի, որ այլ ժողովուրդներն էլ աշխատեն մեզ հետ խնդիրներ չունենալ: Եթե խնդիրը թույլի տեսանկյունից պետք է խոսել այլ պետությունների ժողովուրդների հետ, դա իհարկե, ոչ մի դրական արդյունքի չի բերի, բայց եթե մենք կարողանանք ճիշտ մոտեցումը գտնել և հարգանքի արժանանալ, ապա ինչու ոչ, մենք պետք է ինչ-որ տեղ նաև կարողանանք պարտադրել այդ հարգանքը: 

– Փաշինյանը նաև նշել է, որ աշխարհը պետք է արձագանքի Թուրքիայի այս գործողություններին և անհրաժեշտ եզրակացություններ անի, քանի որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության իրականացման այս նոր եղանակը կօգտագործի նաև այլուր: Նա նկատում է, որ Թուրքիային ուղղված տարբեր գնահատականներ հնչել են, բայց կոնկրետ գործողություններ՝ պատժամիջոցների տեսքով, չկան: Ձեր կարծիքով՝ սա ինչո՞վ է պայմանավորված:

– Դա պայմանավորված է տասնամյակներ շարունակվող Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականությամբ: Թուրքիան տարբեր երկրների հետ կառուցում է բազմաշերտ հարաբերություններ, և տարբեր ձևերով փոխադարձ կախվածություն կա այդ երկրներից: Կոնկրետ Եվրոպայի պարագայում, եթե հիշում եք, տարիներ առաջ, երբ փախստականների խնդիրն առաջացավ, որ Եվրոպան կարող է ողողվել փախստականներով, Թուրքիան հանձն առավ, որ ինքը արգելք կհանդիսանա, որպեսզի նրանք չկարողանան հայտնվել Եվրոպայում: 

Որքան ես եմ տեղյակ, Թուրքիան առավելապես հաջողեց այդ խնդրում: Իհարկե այդտեղ կար նաև ֆինանսավորման բաղադրիչ, Եվրոպան դրա դիմաց վճարում էր Թուրքիային: Հիմա այդ փախստականները, ըստ էության, նրա ձեռքին դարձել են զենք, Թուրքիան այդ ծայրահեղականներով սպառնում է Եվրոպային ու առաջ տանում իր նախընտրած քաղաքականությունը թե՛ հարևան երկրների հետ, թե՛ առհասարակ աշխարհում: Այստեղ Թուրքիայի, չասեմ՝ խելացի, բայց ճիշտ հաշվարկներն են աշխատում: 

– Ի՞նչ է մնում հայկական կողմին անելու:

– Կարծում եմ՝ մենք բոլորս արդեն գիտակցում ենք, որ առաջին հերթին մեր անվտանգության երաշխավորը մեր բանակն է, և մենք պիտի ոչինչ չխնայենք բանակն ուժեղացնելու համար այսօր ու այսուհետ: 

Պիտի կարողանանք ճիշտ հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ, այդ թվում նաև՝ Թուրքիայի հետ կառուցել այդ հարաբերությունները Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, ինչու ոչ, Ադրբեջանի հետ պատերազմից հետո: 

Հիմա էլ ընթանում են բանակցություններ, իհարկե՝ անհաջող, բայց տեսնում ենք, որ փորձեր են արվում ինչ-որ կերպ կանխելու պատերազմի շարունակությունը: Բայց, կրկնեմ, որ մեր անվտանգության երաշխավորը մեր բանակն է: 

Պետք է կարողանանք զենքի այլընտրանքային աղբյուրներ գտնել՝ այդ փուլում հաղթանակ ապահովելու համար: Հետո արդեն, իհարկե, շատ անելիքներ ունենք, որի մասին կարելի է առանձին խոսել: 

– Որքանո՞վ է հաջողվում այս պատերազմական իրավիճակում մեր հանրության մեջ միասնականությունն ապահովել, այդ թվում նաև՝ տեղեկատվական ու մեդիա դաշտում: Թե՞, այդուհանդերձ, այս խնդրի վրա ձեռքերը տաքացնողներ էլ կան, և ընդհուպ մինչև վարչապետի հրաժարականի պահանջներ էին հնչում:

– Տարբեր մտածելակերպի տեր մարդիկ կան, և դա գուցե ինչ-որ տեղ լավ է: Կան մարդիկ, որ նեղմիտ են, կան մարդիկ, որ լայնախոհ են, կան մարդիկ, որոնք անձնականն ավելի վեր են դասում, քան հանրայինը և, հակառակը՝ մարդիկ, որոնք ինքնազոհության են գնում: 

Նորմալ հասարակություններում սովորաբար այդպես էլ լինում է, և մենք, կարծում եմ, այդ ճանապարհն ենք բռնել նորմալ հասարակություն դառնալու և այդ ծայրահեղություններին, քանի դեռ դրանք մեծամասնություն չեն կազմում և չունեն լուրջ ազդեցություն հանրության լայն շերտերի վրա, նորմալ եմ վերաբերվում: 

Մանե Հարությունյան

MediaLab.am