«Թեժ են բոլոր ուղղությունները, ներառյալ Շուշին, թշնամին հարվածում է տարբեր հատվածների, թույլ օղակներ է փնտրում». Ռուդիկ Հյուսնունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը։

– Պարո՛ն Հյուսնունց, ինչպիսի՞ն է իրավիճակն առաջնագծում։ Նշվում է, որ գիշերը թեժ մարտեր են եղել Շուշիի ուղղությամբ։ Ի՞նչ իրավիճակ է հիմա։

– Արդեն օրեր շարունակ՝ այս ուղղությունը ակտիվ է մնում: Այս ուղղությամբ մեր խնդիրը դիվերսիոն խմբերին հայտնաբերելն ու չեզոքացնելն է: Փաստը, որ նրանք իրենք են ձգվում դեպի Շուշի, մասամբ դյուրացնում է այդ գործընթացը: 

Մեր ուժերը համապատասխան միջոցներ են ձեռնարկում՝ հակառակորդի ավելորդ ոգևորությունը զսպելու ուղղությամբ և այն էլ՝ բավական հաջող: Թշնամու կորուստները թույլ են տալիս նման եզրահանգում կատարել: Մարտերը ինչպես այլ, այս ուղղությամբ ևս շարունակվում են:

– Պարո՛ն Հյուսնունց, այս պահի դրությամբ ռազմական գործողությունների տեսքը, ըստ փորձագետների, երեք անգամ փոփոխվել է։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասով։

– Գուցե մի փորձագետ կասի՝ երկու անգամ է փոխվել, մեկ այլը՝ չորս: Իսկ իրողությունն այն է, որ պատերազմի տրամաբանությունն է ընդհանուր առմամբ փոխվել: Բաքվի ակնկալած կայծակնային պատերազմի փորձը տապալվեց: 

Հարթավայրային հատվածներում՝ հարավային ուղղությամբ, ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ուժերը կարողացան որոշ տարածքային հաջողություններ ունենալ: Դրա համար նրանք վճարել են, մեղմ ասած, շատ թանկ: 

Եվ երբ կորուստների համար պատասխան տալու ժամանակը գա, կասկածում եմ՝ արդյոք Բաքվի քաղաքական ղեկավարությունը կարողանալո՞ւ է արդարացնել այդ իսկապես սարսափելի չափերի կորուստները: 

Այժմ հիմնական մասով դիրքային պայքար է ընթանում: Աստիճանաբար նաև պատերազմի առաջին օրերին ակնհայտ տեխնիկական առավելության գործոնն է չեզոքացվում: Թուրքիան չի կարող երկար ժամանակ ամենօրյա ռեժիմով առաջին օրերի պես աջակցել Բաքվին, ներմուծված ահաբեկիչներն էլ, որ հեշտ գումար վաստակելու հույս ունեին, դաժան մարտերից հաստատ հիասթափվել են:

Այնպես որ, հույս ունենք, որ շուտով դեմ առ դեմ հենց ադրբեջանական բանակի դեմ կկռվի պաշտպանության բանակը: 1990-ականների կեսերին նման հանդիպում արդեն եղել է: Արդյունքը բոլորը գիտեն:

– Այս պահին թեժ մարտերը հատկապես ո՞ր հատվածներում են։

– Խոշոր հաշվով՝ թեժ են բոլոր ուղղությունները: Թշնամին հարվածում է տարբեր հատվածների, թույլ օղակներ է փնտրում: Թող չարչարվի:

Նման յուրաքանչյուր փորձը նրա համար նոր կորուստներ է նշանակում, որի գինը Ադրբեջանում Ալիևից են պահանջելու: Կարևոր, ես կասեի՝ խորհրդանշական ուղղությունը Շուշին եմ համարում: Բերդաքաղաքը առաջնագծից հեռու է, սակայն այս ուղղությամբ ևս պետք է հավելյալ ջանքեր կենտրոնացնենք՝ թշնամու ոտնձգությունները կասեցնելու համար:

– Վարչապետի գլխավոր խորհրդական, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ վարչապետի նամակից հետո հայ-ռուսական խորհրդակցությունները սկսվել են։ Ինչպե՞ս եք գնահատում ընթացքը, և ի՞նչ ակնկալիքներ կան ՌԴ-ից։

– Կա ընթացակարգ: Կարծում եմ և՛ նամակը, և՛ պատասխանը, և՛ դրանց հետևած գործողությունները հենց այդ ընթացակարգերի տրամաբանության մեջ են տեղավորվում: Երևանից և Մոսկվայից հնչող մեսիջներից կարելի է եզրակացնել, որ դաշնակցային հարաբերություններում խնդիրներ չկան: Եվ այդ հարաբերությունների տրամաբանության մեջ արդեն իսկ գործնական որոշակի դրսևորումներ կան:

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում, եթե Հայաստանը դուրս բերի զորքերը այսպես կոչված «գրավյալ տարածքներից»։ Քանի դեռ այսպիսի մտայնություն ունի Ադրբեջանը, պատերազմի վերջը չի՞ երևում։

– Բաքվում ադրբեջանական են համարում ոչ միայն Արցախը, այլև Զանգեզուրը, Երևանը: Փորձեք գնահատել՝ Ադրբեջանի նախագահի ակնկալիքների չափը հայությունից: Հետևությունը մեկն է. պատերազմի ավարտը ոչ թե մեր զիջելու կամեցողությունից, այլ դիմադրելու կարողությունից է կախված:

Արդյոք միայն Արցախի խորհրդարանի աշխատակիցնե՞ր են լքել Արցախը, թե՞ տարբեր գերատեսչություններից:

– Արցախի նախագահն այդ առթիվ իր դիրքորոշումը հրապարակային ներկայացրել է: Այո՛, ունեցել ենք ոչ հաճելի դրվագներ ևս:

Ի վերջո, գործ ունենք հազարավոր մարդկանց հետ՝ յուրաքանչյուրը իր խառնվածքով ու բնավորությամբ: Երկրի ղեկավարի կոչն այն է, որ յուրաքանչյուրը հաղթահարի իր ներսի թուլությունը, կանգնի իր դիրքում, կատարի իր պաշտոնից բխող պարտականությունները և այն ամենը, ինչը պահանջում է հայրենիքի պաշտպանության գործը:

Ում համար այս պահանջն անիրագործելի է՝ կարժանանա համապատասխան վերաբերմունքի: Հարցը կոնկրետ Ազգային ժողովին էր վերաբերում: Նման դեպքեր նաև այլ մարմիններում ենք ունեցել: Բոլորի հանդեպ նույն մոտեցումն է կիրառվելու, որոշ դեպքերում՝ արդեն կիրառվել է:

Մանե Հարությունյան

MediaLab.am