Արցախի անկախության ճանաչման համար շանսեր կան, և Հայաստանի ղեկավարությունը պետք է շարունակաբար աշխատանք տանի․ Միջազգային իրավունքի մասնագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը

– Պարո՛ն Խզմալյան, հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ այն փաստացի ուժի մեջ էր մտել, Հայաստանից Արցախ մարդասիրական օգնություն տեղափոխող քաղաքացիներ են գերեվարվում։ Դա ի՞նչ է նշանակում։

– Քանի որ խոսքը քաղաքացիական անձանց մասին է, ապա դա խախտում է՝ անկախ պատերազմի դադարեցման մասին որևէ փաստաթուղթ լինել-չլինելուց։ Դա և՛ մարդու իրավունքների խախտում է, քանի որ նրա ազատությունն է սահմանափակվում, և՛ մարդասիրական իրավունքի խախտում է, քանի որ հրադադար հաստատվելուց հետո արդեն մարդասիրական իրավունքն է սկսում գործել։ 

– Այդ հարցը ինչպե՞ս է ճիշտ բարձրացնել միջազգային հարթակներում՝ պետությա՞ն կողմից, թե՞ հենց այդ անհատների։

– Երկու տարբերակն էլ ընդունելի են, հասանելի են։ Մենք փաստացի գիտենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը նախնական ապահովման միջոցների պահանջ էր ներկայացրել, միևնույն ժամանակ նաև անհատական գործողություններ էլ են հնարավոր։ Բայց նման դեպքերում ավելի տրամաբանական է պետության կողմից գործողությունների ձեռնարկումը՝ ավելի արագ ու արդյունավետ միջոցներ կլինեն դրանք։ 

– Պարո՛ն Խզմալյան, ընդհանրապես, այս պատերազմի ընթացքում միջազգային իրավունքի ի՞նչ խախտումներ եք արձանագրել։ 

– Առանձին վերցրած խախտումների մեջ առավել հաճախ եղել են առաջին հերթին՝ քաղաքացիական անձանց ու օբյեկտների թիրախավորումը և ոչ ընտրանքային հարձակումներ, այսինքն՝ հարձակումներ, որոնք միգուցե նաև որոշակի ռազմական թիրախ են հետապնդում, սակայն ակնհայտորեն վնաս են պատճառում քաղաքացիական անձանց և օբյեկտներին։

Դրա հետ մեկտեղ պետք է արձանագրենք, որ առանձին դեպքերում տեղի են ունեցել խոշտանգումներ, առանձնակի դաժանությամբ սպանություններ, շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ իրավունքների խախտումներ։

Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել՝ գրանցված խախտումների ամբողջությունը վկայում է էթնիկ զտման քաղաքականության մասին։

Այսինքն՝ դա է ընդհանուր խախտումների համատեքստը, ինչը շատ կարևոր է, որ օգտագործվի միջազգային հարթակներում։ Եթե նկատել եք, Ֆրանսիայի Սենատում քննարկման առարկա է դառնում նոյեմբերի 25-ին քվեարկության դրված բանաձևում, որտեղ ի թիվս այլ հարցերի, արձանագրվում է

Արցախի հայերի ու ադրբեջանցիների՝ մեկ պետությունում համատեղ գոյատևելու անհնարինությունը։ Այդ հանգամանքը ևս մեկ հստակ փաստարկ է, որ Արցախի հայությունը չի կարող նույնիսկ տեսականորեն բնակվել Ադրբեջանի տարածքում, Ադրբեջանի իրավազորության ներքո։ 

– Ձեր նշած խախտումները հնարավո՞ր է բարձրացնել միջազգային ատյաններում և հասնել հաջողության, կա՞ հնարավորություն պատասխանատվության կանչել մեղավորներին։

– Երեք հնարավոր ուղղություն կա․ մարդու իրավունքների խախտումների մասով դատական ատյաններում պահանջների ներկայացման հնարավորություն, որը արդեն իսկ օգտագործվում է և՛ պետության կողմից, և՛ մի շարք իրավապաշտպան անհատների կողմից։ Դրա արդյունքը կարող է լինել իրավախախտումը ճանաչող և որոշակի փոխհատուցում սահմանող որոշումներ։ 

Երկրորդ ուղղությունը քրեաիրավական դաշտում է՝ շարունակել հավաքագրել ապացույցներ քրեորեն պատժելի արարքների վերաբերյալ և ի լրումն Հայաստանի Հանրապետությունում քրգործերի հարուցման, փորձել հասնել նաև այլ պետություններում քրեական հետապնդման այն դեպքերում, երբ այդ արարքները խախտում են միջազգային իրավունքի նորմերը։

Այսինքն՝ հնարավոր է այնպես անել, որ տվյալ արարքի համար քրեական հետապնդում իրականացվի նաև այն երկրներում, որոնցում այդ իրավունքի խախտումը ևս համարվում է հանցագործություն։

Մի շարք եվրոպական երկրներ նման մոտեցում կիրառում են։ Նման քայլերով առնվազն կարելի է բացառել մեղավոր անձանց ազատ տեղաշարժը՝ միջազգային հետախուզում հայտարարելու, տարբեր երկրներում քրեական հետապնդում ապահովելու միջոցով։ 

Իսկ երրորդ ամենակարևոր ուղղությունը դիվանագիտական ուղին է, որի շրջանակներում պետք է ակտիվորեն օգտագործվի Ադրբեջանի վարած քաղաքականությունը, և հիմնավորվեն Արցախի անկախության ճանաչումը և, ընդհանուր առմամբ, Արցախի բնակչության անվտանգության ապահովումը տարածքային առումով։

– Այսինքն՝ շանսեր կա՞ն այդ հիմքով Արցախի անկախության ճանաչման համար։

– Այո՛։ Կրկին հիշեցնեմ, որ այս պահին Ֆրանսիայի Սենատում քննարկման է դրված համապատասխան բանաձև, որը սահմանում է նաև Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը և կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը համապատասխան քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հարթակներում։

Պետք է միանգամայն պահանջատեր լինել և չսպասել, որ այլ երկրներ ու միջազգային կազմակերպություններ հանդես կգան սեփական նախաձեռնություններով։ Պետությունը առաջին հերթին պետք է այս հարցում նախաձեռնող լինի։ Հայաստանի ԱԳՆ-ն, երկրի ղեկավարությունը այդ հարցում պետք է շարունակաբար աշխատանք տանեն։

– Պարո՛ն Խզմալյան, ի՞նչ եք կարծում, այս ամենի արդյունքում հնարավո՞ր է անձամբ Ալիևին պատասխանատվության ենթարկել՝ հաշվի առնելով այն, որ, ինչպես դուք էլ ասացիք, էթնիկ զտման քաղաքականություն է իրականացվել։

– Հստակ երաշխավորված մեխանիզմ չկա։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը չեն վավերացրել այն միակ փաստաթուղթը, որի կանոնադրությունը թույլ է տալիս երկրի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնել։

Տեսական շատ քիչ հնարավորություն կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից քրեական հետապնդում նախաձեռնելու նպատակով Միջազգային քրեական դատարանին իրավասություն վերապահելու։

Չեմ կարծում, որ շանսերը մեծ են, բայց իրատեսական են։ Կարծում եմ՝ կարելի է փորձել առնվազն որպես դիվանագիտական քայլ նման գործընթաց նախաձեռնել՝ ընդգծելու Ադրբեջանի իրականացրած խախտումների լրջությունը։

– Ի դեպ, պարո՛ն Խզմալյան, վերջերս Ալիևը հայտարարել էր Հայաստանից «Ղարաբաղին հասցված վնասի փոխհատուցման պահանջի մասին», որը, որքան հիշում եմ, իր խոսքով, կազմում է 50 մլրդ դոլար։ Դրա համար կա՞ն հիմքեր։

– Ես այս պահին հստակ հիմքեր չեմ տեսնում, դա կարելի է ընկալել որպես սոսկ հայտարարություն։ Չեմ կարող մեկնաբանել մի բան, որի մանրամասներին տեղյակ չեմ։ Համենայնդեպս, առաջին հայացքից դրա համար հիմքեր չեմ տեսնում։

Բայց պետք է նշեմ, որ եթե հայց ներկայացնող երկիրը ապացուցի միջազգային կոնվենցիայի որոշակի պահանջների խախտում, որը վերաբերելի է և որը նախատեսում է դատական գործընթացի հնարավորություն, այդ դեպքում պահանջը կարող է ներկայացվել, այլապես ընդհանուր միջազգային իրավունքում միջպետական վեճերով դատական վարույթ իրականացվում է երկու կողմերի համաձայնության պարագայում, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը ևս պետք է համաձայնի, որ որևէ դատական ատյան կամ միջազգային արբիտրաժ քննարկի հարցը։ Իսկ Հայաստանը, բնականաբար, նման համաձայնություն չի կարող տալ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am