«Ինձ հարցնում են՝ դուք հա՞յ եք, ո՛չ, ես մարդ եմ, ով ուզում է, որ վերականգնվի պատմական արդարությունը». Թոմաշ Լեխ Բուչեքը՝ իր նախաձեռնության մասին

Ազգությամբ լեհ Թոմաշ Լեխ Բուչեքն այս օրերին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակում է Արցախի պատերազմում զոհված հերոսների լուսանկարներն ու նրանց մասին տեղեկություններ հաղորդում հասարակությանը։ Ինչպես ինքն է ասում՝ նախաձեռնության նպատակն է հարգել հիանալի հերոսների հիշատակը, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի։

Դեռևս Արցախի պատերազմի օրերին Թոմաշ Լեխ Բուչեքը հայտարարել էր, որ Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե։ Հոկտեմբերի 4-ին նա Change.org կայքում ստորագրահավաք էր նախաձեռնել որով առաջարկում էր մարդկության դեմ հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ: 

INFORMATION.Թոմաշ Լեխ Բուչեկ: Հայ ռազմագերիները պետք է հայրենիք վերադառնան Christmasննդյան տոներից…

Posted by Tomasz Lech Buczek on Tuesday, December 1, 2020

Նա մշտապես աչքի է ընկել հայանպաստ գործունեությամբ, հեղինակել է «Հայ մոր լացը. 1988 թ. Սումգայիթի ցեղասպանությունը» գիրքը։

«Մեդիալաբի» հետ զրույցում Թոմաշ Լեխ Բուչեքն ասում է, որ Արցախի ճանաչման բանաձևի նախագիծ են մշակում՝ Լեհաստանի խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու նպատակով։

Ներկայացնում ենք մեր զրույցը Թոմաշ Լեխ Բուչեքի հետ։

– Պարո՛ն Լեխ Բուչեք, դուք հայտարարել էիք, որ Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե։ Ի՞նչ փուլում է այդ աշխատանքը, ի՞նչ է անելու կոմիտեն։

– Կոմիտեն արդեն գործում էր նախքան նոյեմբերի 9-ը։ Արցախի անկախության ճանաչման մասին նամակներն ուղարկվել են Լեհաստանի նախագահին, քաղաքների և գյուղերի ղեկավարներին։ Ներկայումս Լեհաստանում կորոնավիրուսի համավարակ է, ինչը շատ է բարդացնում մեր աշխատանքը։

Մենք նաև իրավաբանների խմբի հետ բանաձևի նախագիծ ենք մշակում՝ Լեհաստանի խորհրդարանի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին։ Սակայն այդ աշխատանքների համար խոչընդոտ է հանդիսանում հրադադարի հաստատումից հետո Արցախի անօրինական կարգավիճակն ու սահմանների փոփոխությունը։

– Դուք Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակում եք հայ հերոսների մասին տվյալներ, ինչո՞ւ որոշեցիք այդ աշխատանքն անել, ձեզ ի՞նչ հարցերով են դիմում զինծառայողների հարազատներն այս օրերին։

– Իմ նախաձեռնության նպատակն է հարգանքի տուրք մատուցել այն հերոսների, հիանալի մարդկանց հիշատակին, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի։ Նրանք հիմնականում երիտասարդներ են։

Ինձ հաճախ տրվող հարցերից է՝ դուք հա՞յ եք։ Պատասխանը՝ ոչ։ Հարցնում են՝ ո՞վ եք այդ դեպքում։ Ես պատասխանում եմ, որ ես սովորական մարդ եմ։ Նաև հարցնում են՝ իրական կերպա՞ր եմ ես։ Հիմա ես կարող եմ պատասխանել, որ շուտով կայցելեմ Հայաստան ու Արցախ։

Այնպես որ, դուք շուտով ինձ կտեսնեք Հայաստանում։ Զինծառայողների ընտանիքների անդամները հաճախ ինձ պատմում են հերոսների պատմությունները, որոնք ես հրապարակում եմ Ֆեյսբուքում։ 

Ինչո՞ւ ընդհանրապես որոշեցիք բարձրացնել Արցախի խնդիրները, անկախության ճանաչման հարցերը։ Եվ ո՞րն է ձեր տեսակետը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ։

– Սումգայիթում հայերի ցեղասպանության մասին 2018 թվականի իմ գրքի վերջին պարբերությունում ես գրել էի. «Արցախի պատերազմն սկսվել է Սումգայիթում, և այս հրապարակումով շարունակում եմ իմ պայքարը հայ ժողովրդի համար»։ Ես իմ խոսքի տերն եմ։ Բացի դա, Արցախը եղել է Հայաստանի մաս դեռևս հին ժամանակներում։ Այսինքն՝ սա պայքար է հանուն պատմական արդարության։

– Ի՞նչ ուղերձ ունեք Արցախի ժողովրդին։

– Իմ ուղերձը Արցախի ժողովրդին հետևյալն է՝ երբեք չհանձնվել, երբեք չկասկածել, որովհետև կգա ժամանակ, երբ ձեր հայրերի հողը կվերադառնա։ Քանզի չարիքի կայսրությունը կկործանվի, և ճշմարտությունը կհաղթի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am