«Հայաստանը չպետք է մնա Ռուսաստանի պատմականորեն մշտապես ուշացող օգնության հույսին». Ստյոպա Սաֆարյան

«Հայաստանը  չպետք է մնա Ռուսաստանի պատմականորեն մշտապես ուշացող օգնության հույսին». Ստյոպա Սաֆարյան
«Հայաստանը չպետք է մնա Ռուսաստանի պատմականորեն մշտապես ուշացող օգնության հույսին». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի»  զրուցակիցն է վերլուծաբան, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

-Պարոն Սաֆարյան, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ձգձգվում է:  Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչի կատարած այցելությունից հետո հայտարարել էր, որ ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը Հայաստանն առաջիկայում կստորագրի: Իշխանությունները տարբեր ժամկետներ նշեցին, բայց կարծես թե առաջընթաց չկա: Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում այս ամենը:

-Ի սկզբանե Հայաստանի ներգրավումը Եվրասիական ինտեգրմանը պետք  էր Ռուսաստանին, սակայն  Ռուսաստանի համար մշտապես ավելի կարեւոր է եղել Ուկրաինան: Ընդհանուր առմամբ Ռուսաստանը թիրախի տակ էր վերցրել հետխորհրդային այն երկրներին, որոնք պատրաստվում էին ԵՄ հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:  Այսինքն, Ռուսաստանի համար դա  եղել է այս երկրներին եվրաինտեգրումից հետ պահելու հնարք: Իրականում բոլոր կողմերը՝ թե Մոսկվան, թե Հայաստանը կանխավ իմացել են, որ Եվրասիական միությանը եւ հատկապես Մաքսային միությանը Հայաստանի միանալը խնդրահարույց է այն պարզ պատճառով, որ երկու երկրները սահման չունեն: Ռուսաստանի  ջանքերը Ուկրաինան հետ վերցնելու նպատակն ունեին, որի հետո Ռուսաստանը մտադիր էր  վերցնել Վրաստանը եւ Մոլդովան: Մենք տեսանք , որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը պարտություն կրեց եւ այդ իսկ պատճառով չափազանց ագրեսիվ դարձավ: Ուկրաինայում այս  դեպքերը դրա վկայությունն են: Արդյունքում Հայաստանի նշանակությունը ԵՏՄ-ին միանալ – չմիանալու հարցում էապես նվազեց հենց Մոսկվայի համար:

-Այսինքն, ստացվում է , որ Հայաստանը բե՞ռ է դարձել ԵՏՄ հիմնադիրների համար:

-Իրականում այդպես է: Սահման չունեցող եւ փոքր շուկա ունեցող Հայաստանն իսկապես ավելի շատ  հավելյալ բեռ դարձավ: Անցած ամիսների ընթացքում բազմաթիվ խնդիրներ ի հայտ եկան: Բացի Բելառուսի եւ Ղազախստանի վերաբերմունքից Հայաստանի անդմակցությանը, որը  մեղմ ասած, այնքան էլ բարյացկամ չէ, ի հայտ եկան նաեւ այսպես ասած տեխնիկական հարթության խնդիրներ, որոնք իրականում  տեխնիկական չեն: Խոսքը վերաբերվում է ՄՄ դրույքաչափերի համապատասխանեցմանը,  որի համար ճանապարհային քարտեզ ստորագրվեց, բայց այդ ճանապարհային քարտեզը գործնականում իրականացնել հնարավոր չէ, այն պարզ պատճառով, որ Հայաստանին պատճառվելիք վնասները փոխհատուցող չկա: Խոսքը վերաբերվում է  մաքսատուրքի բարձրացմանը, որոնք բերելու են գնաճի, հարվածելու են Հայաստանի տնտեսությանը: Այս խնդիրը քաջ գիտակցում են, թե Երեւանում, թե Մոսկվայում:

Երեւանն ակնկալում է, որ որեւէ մեկը, լինի դա Ռուսաստանը, թե ԵՏՄ-ն որպես այդպիսին, կփոխհատուցի իր տնտեսության վնասները, բայց անցած ամիսների ընթացքում այդ ակնկալիքները Երեւանում  հօդս ցնդեցին, երբ  Ուկրաինայի հետ կապված վերջին զարգացումների պատճառով Ռուսաստանը հայտնվեց  պատժամիջոցներից տակ: Մենք տեսանք ճիշտ հակառակը՝ եվրասիական հանձնաժողովի  ներկայացուցիչներն ակնարկում են, որ հնարավոր է Հայաստանն ինքը փոխհատուցի Առեւտրի համաշխարհային կազմակերպության մյուս անդամներին, քանի որ  խախտվում են այն բոլոր  պայմանները, որոնք առկա են եղել նրա գործընկերների համար ԱՀԿ-ին անդամակցելիս: Ղարաբաղի հարցը, ըստ էության, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի կողմից շահարկվում է Հայաստանի անդամակցությունը թույլ չտալու համար, որովհետեւ ինչպես արդեն ասացի, Հայաստանի անդամակցումը նրանց համար ոչ թե օգուտ է, մեծ հնարավորություն,  այլ բեռ, որովհետեւ Հայաստանը ավելի շատ սպառող է դիտարկվում, քան առաջարկող: Դրա համար որեւէ մեկը չի պատրաստվում նրա անդամակցության այսպես ասած ոչ պաշտոնական կամ չբարձրաձայնվող վետոն հանել: Իսկ վետոներ կան, որոնց մասին ես խոսեցի, պարզապես,  դրանք տարբեր պատրվակների տակ թաքցվում են:

-Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար Հայաստանի իշխանությունը սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությամբ հրաժարվեց  եվրաինտեգրացումից: Այժմ Հայաստանը դժվարություններ ունի Ռուսաստանի հետ ինտեգրման դաշտում:  Փաստորեն, մեր երկիրն այսօր անորոշության  մեջ է հայտնվել: Այս ամենն ո՞ւր է տանում Հայաստանը:

-Ճիշտն ասացած չափազանցված եմ համարում անորոշության մասին կարծիքները: Թե ԵՄ, թե ԵՏՄ ինտեգրման պարագայում խոսքը նույն հարթության վրա հարաբերություն կառուցելու մասին է: Ադրբեջանն էլ կարծում է, որ Հայաստանը փակված է վակումի մեջ  եւ, որ Երեւանի հարաբերությունները վատ են բոլորի հետ:

Իրականում  ուղղակի նախկին դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք երբեք փայլուն չեն եղել, միայնի այսօր են ցույց տալիս իրենց կառուցվածքային եւ բովանդակային  էությունը:  Հետեւաբար, միակ առանձնահատկությունն  այս իրավիճակում այն է, որ Ղարաբաղի շահարկումը ԵՏՄ-ին միանալու հարցում ձեռնտու է Ռուսաստանին, որովհետեւ դրանով նա կարողանում է ճնշում գործադրել նաեւ Ադրբեջանի վրա: Ավելին, նրան հաջողվում է Ադրբեջանին պահել հակաարեւմտյան դիրքերի վրա եւ մեղմորեն հրավիրել եվրասիական տնտեսական նախագիծ,  նաեւ սպառազինությունների մատակարաման շահավետ տնտեսական գործարքներ իրականացնել Ադրբեջանի հետ:

Ինչ վերաբերվում է նրան, թե ուր է տանում այս ամենը`ոչ մի տեղ: Հայաստանի ԵՏՄ անդամակցության խոչընդոտները այնպիսին են, որոնք լուծելու ցանկություն որեւէ մեկը չունի: Այս պարագայում իհարկե, Հայաստանը պետք է մտածի իր հարաբերությունները Եվրոպայի հետ սերտացնելու մասին, ինչը այս իրավիճակում չափազանց մեծ դեր կունենա նաեւ Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից, որովհետեւ այլ բան է, երբ Հայաստանը Եվրոպայի համար նշանակություն չունի, մեկ այլ բան է, երբ Եվրոպան ինքը կարեւորում է Հայաստանը: Անցնող տարիներին  Հայաստանի քաղաքական  հանձնառությունը պատշաճ մակարդակի վրա է եղել այն պարզ պատճառով, որ Հայաստանը բանակցել է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ եւ պատահական չէ, որ Հայաստանի  եւ Ղարաբաղի սահմանին այսքան կրակոց չեն հնչել: Հայաստանը այսօր մի քանի խնդիր ունի լուծելու՝ առաջինը իր տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցն է, երկրորդը քաղաքական  հարաբերությունները Եվրոպայի հետ վերակառուցելը եւ երրորդը՝ ուղղակի իր անվտանգության բաղադրիչի վերանայումը:

Հայաստանը չպետք է մնա Ռուսաստանի պատմականորեն մշտապես ուշացող օգնության հույսին:  

Էմմա Քալաշյան

© Medialab.am