«Եթե անհնազանդության ու ճնշումների ծավալները մեծ լինեն, ապա այս իշխանությունը մեկ վայրկյան էլ չի կարող մնալ»․ Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, հրաժարական տալու համար վարչապետին տված վերջնաժամկետը այսօր ավարտվեց, և վարչապետը հրաժարական չտվեց։ Ի՞նչ եք սպասում դուք, ի՞նչ հետևանքների կարող է դա հանգեցնել։

– Քաղաքացիական անհնազանդություն կարող է առաջանալ, որովհետև ընդդիմությունը իր որոշումից հետ չի կանգնել։ Ավելին, արդեն իսկ ընդդիմության ղեկավար կազմից մեկը ուղերձով է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ սկսում են քաղաքացիական անհնազանդության գործընթաց։ 

Թե դա ի՛նչ մասշտաբներ կունենա՝ չեմ կարող ասել։ Քաղաքացիներն իրավունք ունեն իրենց բողոքի գործողությունները իրականացնել Սահմանադրության շրջանակներում, որոնց թվում է նաև քաղաքացիական անհնազանդությունը՝ փողոց փակել, երթեր, ցույցեր իրականացնել։ 

– Վարչապետին հրաժարականի վերջնաժամկետ տալուց հետո նույն տվողներից շատերը հայտարարում էին, որ նա հրաժարական չի տա։ Եթե գիտեին, որ պահանջը չի կատարելու, իմաստ ունե՞ր նման պահանջ ներկայացնել։ 

– Քաղաքացիական անհնազանդությունից առաջ դու գոնե պետք է քաղաքական հիմնավորում ունենաս, թե ինչո՛ւ ես գնում այդ ճանապարհով, որովհետև եթե դու ժամանակ չտայիր, հարց կառաջանար՝ գուցե վարչապետը հրաժարական էր տալիս։ Հիմա ուղղակի ձևական նման դիմում է եղել՝ վարչապետին ուղղված։ 

Ենթադրում եմ՝ 16 կուսակցությունների ղեկավարներն էլ են հասկանում, որ վարչապետը չի հրաժարվի պաշտոնից, բայց ամեն դեպքում նրան տվեցին այդ ժամկետը, որպեսզի քաղաքական հիմնավորում ու մեկնարկային կետ ունենան։

– Վարչապետի աշխատակազմի ղեկավարը այդ վերջնաժամկետի հրապարակումից հետո հայտարարեց, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը վերջնագիր ներկայացնելն անընդունելի է։ Ըստ ձեզ՝ ժողովրդի տրամադրությունները նո՞ւյնն են, ինչ 2018-ին։ 

– Դա կախված է քաղաքացիական անհնազանդության ծավալից և հասարակության կողմից «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վրա կիրառվող ճնշումներից։ 

Եթե անհնազանդության ու ճնշումների ծավալները մեծ լինեն, ապա այս իշխանությունը մեկ վայրկյան էլ չի կարող մնալ։ 

Այնքան շատերն են խոսում, թե հրաժարական չեն տա, մինչև կյանքի վերջ կմնան իրենց պաշտոնին, և Հայաստանը այդ տեսանկյունից յուրահատուկ չէ, որ ՀՀ վարչապետն ասեց՝ չի գնում ու վերջ։ Էնպես արագ են գնում չգնացողները։ Դա կախված է նրանից, թե ի՛նչ մասշտաբի ճնշում կգործադրվի խորհրդարանական մեծամասնության վրա և ոչ թե ուղղակի վարչապետի։ Ի վերջո, այդ պատգամավորների միջոցով պետք է հասնել վարչապետի փոփոխության։ 

– Ի՞նչ ճնշման մասին է խոսքը։

– Խոսքը բարոյաքաղաքական ճնշումների մասին է, բնականաբար, ոչ երբեք ֆիզիկական ճնշում։

– Ինչպե՞ս է դա արտահայտվելու։ 

– Դա արդեն ընդդիմադիր ուժերի երևակայության հարցն է։

– Ձեզ համար 16 ընդդիմադիր ուժերի պահանջը հասկանալի՞ է, նրանք կարողանո՞ւմ են այլընտրանք առաջարկել։ 

– Նրանք արդեն առաջադրել են այլընտրանքային թեկնածու, որը ներկայացրել է իր ճանապարհային քարտեզը։ Իսկ վարչապետը ներկայացրել է սոցիալական ծրագրերի ճանապարհային քարտեզ, դրանք միմյանցից շատ են տարբերվում։ 

Վարչապետը սոցապնախարարություն չէ, նա պետք է քաղաքական խոսք ասի, քաղաքական ծրագիր, երկրի զարգացման տեսլական առաջարկի և ոչ թե ճյուղային նախարարության ծրագիր: 

Այսօր ՀՀ սահմանները ադրբեջանցիները և ռուս խաղաղապահները GPS-ով են գծում, բայց Հայաստանի կառավարությունը չկա այդ գործընթացում։ 

Սյունիքի գյուղապետները նշում են, որ բանակցում են ադրբեջանցի սահմանապահների հետ սահմանային հարցերի շուրջ, փոխմարզպետն ասում է՝ նման բան չկա, բայց բանակցությունների մասին տեսանյութեր են տարածվում ու ավելին, հաղորդվում է, թե ադրբեջանցիները մի քանի հարյուր մետր մտել են ՀՀ սահման։ 

Այս ամբողջ ընթացքում իշխող վարչապետը միայն իր աթոռի մասին է մտածում։ Այս իշխանության մնալը նշանակում է Հայաստանից ամեն օր հողային կորուստներ են լինելու։ 

Հատկապես կապիտուլյացիայից հետո չկա երկրի զարգացման տեսլական՝ ո՞ւր պետք է գնա երկիրը այս փոփոխվող աշխարհում, ի՞նչ ուղղություն է բռնելու երկրի զարգացումը, պետք է հասկանալ՝ Հայաստանը որտե՞ղ պետք է լինի։ 

– Կա տարածված տեսակետ, որ ի դեմս Վազգեն Մանուկյանի՝ իշխանության փորձում են վերադառնալ հները։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման դիտարկումներին։

– Հասկանալի է, որ իշխող քաղաքական թիմը մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ է իրականացնում իր հիմնական մրցակցի նկատմամբ՝ նորից շրջանառության մեջ դնելով հներ-նորեր եզրույթները։ 

Սակայն, օրինակ՝ անհայտ կորած զինվորի մորը չի հետաքրքրում հներ-նորեր թեզը, նրան հետաքրքրում է, որ գոնե իր որդու դին տուն հասնի։ 

Շատ ավելի բարդ խնդիրներ գոյություն ունեն։ Բոլորը տեսնում են, որ այս իշխանությունն ունակ չէ լուծելու խնդիրները և միայն խնդիրներ է կուտակում, իսկ թե ո՛վ կլուծի՝ մարդկանց չի հետաքրքրում։ 

Ուղղակի իշխանություններին թվում է, թե կատարվողը 2018 թվականի ապրիլ-մայիսն է ու հին-նորով հարցը կարելի է լուծել։ Բայց անցել են այդ ժամանակները, և հասարակության պատկերացումները ամբողջությամբ փոխվել են։

– Պարո՛ն Բադալյան, Էդմոն Մարուքյանի ղեկավարած քաղաքական ուժն էլ իր հերթին երրորդ ճանապարհն է առաջարկում՝ իրենց թեկնածուով, որն ինքն է։ Այս քայլն ինչպե՞ս եք մեկնաբանում։

– Նրա քայլը քաղաքական առևտրի սովորական գործընթաց է, որը բոլոր երկրներում էլ տեղի է ունենում․ առաջարկում ես վարչապետի քո թեկնածությունը, հանդիպում այլընտրանքային հիմնական թեկնածուի հետ ու գալիս բանակցային գործընթացի։ 

Մոտավորապես հասկանալի է, թե ինչի համար, որովհետև եթե ընդդիմադիր ուժերին հաջողվի խորհրդարանում փոխել վարչապետին, նշանակում է, որ վերադասավորում տեղի ունեցավ, ինչը նշանակում է, որ ԱԺ ղեկավար կազմը պետք է հրաժարական տա։ 

Սա նշանակում է, որ նոր պաշտոններ են բացվում, ինչի համար կարելի է առևտուր իրականացնել, եթե, իհարկե, չես հանդիսանում իշխող քաղաքական թիմի գրպանային ընդդիմությունը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am