«17 կուսակցություններն ուղղակի երջանկացել են, որ հնարավոր է եղել գտնել Վազգեն Մանուկյանի պես անձնավորություն». Արշակ Սադոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺԴ կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը

– Պարո՛ն Սադոյան, ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը, 17 ընդդիմադիր ուժերի դաշինքի կողմից մարդկանց կոչ արվեց դուրս գալ փողոց, անհնազանդության ակցիաներ անել վարչապետի հրաժարականի պահանջով։ Այս զարգացումներն ի՞նչ ընթացք կարող են ստանալ, ինչպե՞ս խուսափել հնարավոր բախումներից։

– Ընդդիմությունն այլ ճանապարհ չունի։ Եվ ասեմ նաև, որ այլ ճանապարհ չունի ողջ հայ հասարակությունը, որովհետև եթե այսքանից հետո Փաշինյանի պաշտոնավարումը շարունակվի, դա մեր ապագայի համար էլ է ծանր հետևանքներով հղի, որովհետև հնարավոր չի լինի ընդունված եռակողմ հայտարարության բացերը ինչ-որ ձևով լրացնել։ 

Այնտեղ շատ բաներ կան, որոնք հստակ ձևակերպված չեն, պետք է փոփոխության ենթարկվեն։ Իհարկե, այլ ելք չկա, չի կարելի պատերազմ հրահրել, բայց բոլոր հնարավորությունները կան, որ ստորագրությամբ չկաշկանդված նոր ղեկավարը կարողանա արմատական օգտակար փոփոխություններ անել առաջիկայում։ 

Այս տեսանկյունից իմաստ չունի Նիկոլի մնալը, և դա այլ կերպ, քան իշխանատենչություն, աթոռապաշտություն, չի կարելի համարել։

Ես կարծում եմ, որ պատահական չէ, որ նրան հրաժարականի պահանջով նույնիսկ պաշտոնապես դիմել են և՛ Արամ Ա կաթողիկոսը, և՛ Գարեգին Բ-ն։ Կարծում եմ՝ նրան հասկանալ են տվել, որ նույն այդ կարծիքին են նաև մեր Սփյուռքի կարևորագույն կառույցների ղեկավարները։

Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, թե իր հրաժարականի հանրային պահանջ չկա։ Նա ասում է՝ հանրությունն է իրեն ընտրել, հանրությունն էլ պետք է դուրս գա փողոց՝ իր հրաժարականը պահանջելու։

– Դե իհարկե, եթե հանրային պահանջ ասելով՝ նա հասկանում է, որ պետք է ընտրություններ լինեն, և հանրաքվեով որոշվի այդ հարցը, ճիշտ է ասում։ Բայց հանրային պահանջը որոշվում է նաև ոչ թե ընտրություններով, այլ վերջին սոցիոլոգիական հարցումներն էլ ցույց տվեցին, որ կա այդ պահանջը։ 

Եվ այն, որ այդքան մարդիկ հավաքվել են և հիմա էլ քաղաքացիական անհնազանդության ճանապարհով են ուզում իրեն ստիպել հեռանալ, դա հանրային պահանջ է։

Նույնիսկ եթե հանրային պահանջ էլ չլիներ, նման կոպիտ սխալներ թույլ տված, մի քանի հազար մարդկանց զոհաբերած ղեկավարը պետք է հեռանա։ Գիտեք երևի, որ պատերազմը հնարավոր էր դադարեցնել ամենասկզբում՝ շատ քիչ կորուստներով։ 

Կարելի էր նաև պատերազմը կանգնեցնել գոնե հոկտեմբերի 19-20-ին։ Եվ թույլ տալ այնպիսի ահավոր սխալներ, որոնք բերել են ծայրաստիճան մեծ մարդկային կարուստների, տարածքների և մեր արժանապատվության կորուստների, կարծում եմ՝ միայն դա էլ հերիք է, որ առանց հանրաքվեի, առանց ֆորմալ ձևակերպումների այդ մարդը հասկանա, որ իր տեղը չէ իշխանություն լինելը։

– Ընդդիմության անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, դուք աշխատել եք նրա հետ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հենց Վազգեն Մանուկյանը, ի՞նչ կարող է նա փոխել այս իրավիճակում։

– Ամենակարևոր պահանջը, որը դրվել է 17 կուսակցությունների կողմից, այն է, որ ժամանակավոր իշխանության ղեկին կանգնած վարչապետի թեկնածուն պետք է չօգտագործի իշխանական լծակները, որպեսզի առավելություն չունենա։ Ամենակարևոր խնդիրն այն է, որ ժամանակավոր կառավարության ղեկին գտնվող մարդը պետք է հրաժարվի հետագայում ընտրությունների ժամանակ վերընտրվելուց։

Ինչ վերաբերում է անձին, բնական է, որ ո՛չ Վանեցյանը, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ մյուսները չէին ուզում, որ դա լիներ ժամանակավոր, և մեկ տարի հետո հեռանային իշխանության լծակներից։ 

Բնական է, որ դա որոշակի զոհաբերություն է։ Եվ չնայած Վազգեն Մանուկյանը կուսակցության ղեկավար է և կարող էր հետագայում հավակնել վարչապետի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական պաշտոնին, հրաժարվել է դրանից՝ ի տարբերություն մյուսների։ 

Առաջին ամենակարևոր հարցը հետևյալն է. Վազգեն Մանուկյանը, ի տարբերություն 17 կուսակցությունների բոլոր երևացող դեմքերի, ամենաշատն ունի հարաբերվելու մեծ ու դրական փորձ։ 

Վազգեն Մանուկյանի՝ վարչապետ եղած ժամանակ ՀՀ-ն կորուստներ չի ունեցել այդ մեկ տարվա ընթացքում։ Ընդհակառակը՝ նույնիսկ աճ է ունեցել, իսկ իրենից անմիջապես հետո խայտառակ տարիներ են եղել։ 

Վազգեն Մանուկյանը նաև ունի մեծագույն իրավունք ու հնարավորություն, որովհետև նրա՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ եղել են միայն հաղթանակներ։ Եվ հիմա հարց է ծագում. մեծ փորձ, հաղթանակած ղեկավար, որը կոպիտ սխալներ երբեք թույլ չի տվել, ով պատրաստ է հետագայում չհավակնելու վարչապետի պաշտոնին, ինչո՞ւ չլինի։

Եվ այդ 17 կուսակցությունների ներկայացուցիչները հիմա ուղղակի երջանկացել են, որ հնարավոր է եղել գտնել Վազգեն Մանուկյանի պես անձնավորություն։

Իսկ ի՞նչ հնարավորություններ ունեն 17 կուսակցությունները՝ հաշվի առնելով այն, որ նրանց կապում են նախկինների հետ։ Եթե այսօր կամ թեկուզ մեկ տարի հետո արտահերթ ընտրություններ լինեն, ի՞նչ հնարավորություններ ունեն այդ կուսակցությունները։

– Նախ՝ ինչ ենք հասկանում ասելով՝ «կապ ունեն նախկինների հետ»։ Բոլորն ասում են, որ Վազգեն Մանուկյանը նույնպես կապ ուներ նախկինների հետ։ Բայց Վազգեն Մանուկյանի կուսակցությունը միշտ եղել է ընդդիմադիր դաշտում, միշտ եղել է կորուստների մեջ։ 

Ես նույնպես միշտ եղել եմ ընդդիմադիր, նույնիսկ մեկ տարի փախուստի մեջ եմ եղել, հիմա ի՞նձ էլ ասեն, որ նախկին եմ։

Բնական է, շատ սխալ կլինի, եթե հապճեպ արտահերթ ընտրություններ անցկացնեն, որովհետև հապճեպ ընտրությունների ժամանակ ժողովուրդը, որը միայն այս ողբալի ու ծանր պատերազմի հետևանքներն է տեսել, հնարավորություն չի ունենա գնահատելու իշխանությանը հավակնողների կարողությունները։ 

Շատ ճիշտ որոշում է կայացվել՝ արտահերթ ընտրություններն անցկացնել մեկ տարի անց։ Այս մեկ տարվա ընթացքում, բնական է, հայ ժողովուրդը, որը, իմ կարծիքով, բավական մտավոր կարողություններ ունի, կկարողանա գնահատել ով ով է, «Բարգավաճ Հայաստանն» ով է, ինչ է ուզում Դաշնակցությունը։

Եվ ես մազաչափ չեմ կասկածում, որ որևէ հեռանկարային հնարավորություն չի ունենա Հանրապետական կուսակցությունը՝ որպես նախկինների կուսակցություն։ Բայց նախկին համարել «Լուսավոր Հայաստանին», ԱԺՄ-ին կամ մյուսներին, ծիծաղելի է։ 

Ես հիմա ծիծաղում եմ, երբ որպես նախկիններ են համարում Վանեցյանին կամ եսիմ ում։ Վանեցյանին Նիկոլն է նշանակել։ Հիմա եթե նրանք նախկին են, ուրեմն Նիկոլն էլ է նախկին։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am