«Եթե մաքսատուրքերը թանկանան, ոչ մի իմաստ չկա, որ «Քարֆուրը գա Հայաստան». Վալերի Գործունյան

«Եթե մաքսատուրքերը թանկանան, ոչ մի իմաստ չկա, որ «Քարֆուրը գա Հայաստան». Վալերի Գործունյան
«Եթե մաքսատուրքերը թանկանան, ոչ մի իմաստ չկա, որ «Քարֆուրը գա Հայաստան». Վալերի Գործունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ֆրանսիահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:

-Տիկին Գործունյան, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը բիզնեսը ստվերից հանելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Իշող ռեժիմի պայմաններում որքանո՞վ է դա հնարավոր:

-Ես չեմ կարող դրան հավատալ: Նախ ինքը՝ վարչապետը, օլիգարխ է, այսինքն՝ այդ համակարգի մի մասն է, այդ համակարգի միջոցով հարստություն է կուտակել, ինչպե՞ս կամ ինչո՞ւ պետք է պայքարի այդ նույն համակարգի դեմ: Ես ընդհանրապես չեմ հավատում, որ այսօրվա իշխանավորները կարող են երկրում որևէ բան փոխել դեպի լավը, ժողովրդի համար աշխատեն: Ոչ, ես չեմ հավատում:

-Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը նախ պետք է իրեն ու իր շրջապատի՞ն ստվերին հանի:

-Այո, այդ մարդիկ իրենք են պատկանում այդ համակարգին, ինչպե՞ս կարող են պայքարել ստվերի դեմ: Չեն կարող, որովհետև իրենք այդ համակարգի միջոցով օլիգարխիա են ստեղծել:

-Ձեր կարծիքով ի՞նչ պետք է անել՝ երկրում փոփոխության հասնելու համար:

-Ի՞նչ փոխել, այսօրվա ղեկավարությունից ով էլ իշխանության գլուխ գա, բոլորն էլ փչացած են: Նոր երիտասարդություն է պետք՝ իր ժողովրդին սիրող ու հարգող, հայրենասեր պետական գործիչներ: Այն մարդիկ պետք է Հայաստանում իշխանության գան, ովքեր Հայաստանի լավն են ցանկանում: Նման մարդիկ, վստահ եմ, կան մեր երիտասարության մեջ, ովքեր պետք է փոխեն այս փչացած համակարգը, որն իշխում է Հայաստանում ու մարդկանց դեպի արտագաղթ մղում: Մարդիկ գնում են, որովհետև այլևս հույս չունեն իրենց երկրի ապագայի վերաբերյալ:

-Արտագաղթի օրեցօր ավելացող ծավալը դեպի ո՞ւր է տանում Հայաստանը:

-Շատ վտանգավոր է, երբ երկիրը դատարկվում է: Պետք չէ գիտնական լինել՝ հասկանալու համար, որ արտագաղթը շատ վտանգավոր ու վատ երևույթ է Հայաստանի համար: Բայց ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Ինչքան ժողովուրդը անհույս լինի, այնքան շատ պետք է հեռանա: Իշխանությունները մտածում են, որ արտագաղթը լավ է, արտագաղթն իրենց սրտով է, բայց իրականում դա վատ երևույթ ե պետության համար, և պետք է մտահոգվել: Հետևաբար Հայաստանի ղեկավարությունը պետք է փոխվի, որպեսզի մարդկանց մոտ նորից հույս լինի, հայերը վերադառնան իրենց երկիր: Այսպիսով մենք մեզ տանում ենք մահվան:

-Տիկին Գործունյան, ձեր տպավորությամբ՝ ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի տնտեսությունը և ի՞նչ վիճակում  կհայտնվի՝ միանալով Մաքսային միությանը:

-Իսկ ո՞ւր է տնտեսություն, ի՞նչ է արտադրում Հայաստանը: Հայաստանի տնտեսության  վիճակը շատ վատ է, այսօր երկրում չկա զարգացող տնտեսություն, այլ կան սեփականություններ, որոնք պատկանում են մի քանի օլիգարխի: Կասկածում եմ, որ Մաքսային միություն մտնելով՝ մեր երկրի տնտեսության համար լավ է լինելու: Տեսնելով մեր երկիր վիճակը և այդ միության վիճակը՝ կասկածում եմ, որ լավ կլինի մեզ համար, մեր երկրի համար: Ստեղծվել է մի իրավիճակ, որի Հայաստանն ընտրության հնարավորություն չունի: Մեր դիվանագետներն այնքան սխալ են աշխատել, որ երևում է՝ երկիրն ընտրության հնարավորություն  չունի:

-Արդեն տեղեկությունը կարծես հստակ է, որ Երևանում առաջիկայում կբացվի ֆրասիական «Քարֆուր» սուպերմարկետը: Ձեր կարծիքով՝ այսօվա պայմաններում «Քարֆուրը» կարո՞ղ է աշխատել Հայաստանում:

-Դեռ հայտնի չէ, թե Մաքսային միությանը միանալու դեպքում ինչ ռեժիմով է աշխատելու Հայաստանի մաքսային համակարգը: Եթե ապրանքները Եվրոպայից են ներկրվելու Հայաստան, արդյոք մաքսազերծումը շատ թանկ պետք է լինի, թե՞ ոչ: Իսկ եթե մաքսատուրքերը բարձր լինեն, այդ դեպքում «Քարֆուրի» ներմուծած ապրանքն էլ թանկ կլինի Հայաստանի շուկայի համար: «Քարֆուրը» լավ է Հայաստանի շուկայի համար, որովհետև որակյալ լինելուն զուգահեռ նաև մատչելի է: Բայց եթե մաքսատուրքերը թանկանան, ապրանքը թանկ վաճառվի, ոչ մի իմաստ չկա, որ «Քարֆուրը» գա Հայաստան:

Մարի Ներսեսյան

© Medialab.am