Ընդդիմությունն էլ հաղթած չէ, քանի որ չկարողացավ մոբիլիզացնել ու հասնել կառավարության հրաժարականին. Քաղտեխնոլոգ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Հայաստանում ընդդիմությունը շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը, իսկ վարչապետն էլ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին է խոսում։ Ներքաղաքական ի՞նչ իրավիճակ է երկրում՝ ըստ ձեզ։

– Կա պատերազմում պարտված իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ։ Նա զրկվել է քաղաքական լեգիտիմությունից, նրան մերժում են Հայաստանի հասարակության և հայության բազմաթիվ ակտիվ գործիչներ, խմբեր, համայնքներ՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ 

Ավելին, վարչապետին թույլ չտվեցին անգամ Սյունիք մտնել։ Այսինքն՝ վարչապետն ու իր իշխանությունը պարտված կողմ է։ Բայց, միաժամանակ, ընդդիմությունն էլ հաղթող կողմ չէ, որովհետև իրեն չհաջողվեց հանրության մեծ զանգվածները ճիշտ օգտագործել։ 

Կապիտուլյացիայից հետո բավականին մեծ զանգվածներ կային, որ աջակցում էին ընդդիմությանը, մասնավորապես, արժանապատվության երթերին մեծ թվով մարդիկ էին մասնակցում, բայց ընդդիմությունը չկարողացավ մոբիլիզացնել ու հասնել կառավարության հրաժարականին։ Փաստորեն, ունենք մի իրավիճակ, երբ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պարտվել են։

– Դուք ասում եք՝ ընդդիմությունը չհաղթեց՝ չկարողանալով մոբիլիզացնել հանրության աջակցությունը։ Մինչդեռ, այդ աջակցության բացակայությունն էր պարբերաբար վկայակոչում իշխանությունը՝ հայտարարելով, որ բավականաչափ թվով մարդիկ չեն հավաքվում հրապարակներում։

 – Ոչ, արժանապատվության երթերին բազմաթիվ, տասնյակ հազարավոր մարդիկ էին դուրս գալիս։ Էդ հետո, երբ ընդդիմությունը կորցրեց քաղաքական գործընթացների տեմպը, մասնակիցների թիվը միանգամից էականորեն քչացավ, և այդ ժամանակ ընդդիմությունը կորցրեց քաղաքական գործընթացների վրա ազդելու իր հնարավորությունը։ 

– Իսկ ի՞նչ պետք է աներ ընդդիմությունը, որ չարեց։

– Ուղղակի թիրախը պետք է ճիշտ ընտրվեր, բայց սխալ ընտրվեց։ Գործողությունները պետք է ճիշտ անեին, բայց սխալ արվեցին։ Մասնավորապես, այդ գործընթացը նրանք փորձեցին տանել հրապարակ, ինչը 2018-ին նույն վարչապետն էր արել, բայց այն ժամանակ ուրիշ խնդիրներ էին լուծվում։ 

Չէր կարելի մեխանիկորեն կրկնել նույն գործընթացը, ինչը տեղի էր ունեցել 2018-ին։ Բայց մենք տեսանք, որ ընդդիմության գործողությունները 2018-ի կրկնությունն էին։ 

Նրանց մյուս սխալն այն էր, որ հենց սկզբից թիրախ ընտրեցին վարչապետին՝ պահանջելով հրաժարական, մինչդեռ վարչապետի հրաժարական կարող էր լինել միայն Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ։ 

Իսկ դա նշանակում է, որ պետք է թիրախավորվեր ու բարոյաքաղաքական ճնշում գործադրվեր այդ պատգամավորների վրա, ինչը տեղի չունեցավ։ 

– Որոշ շրջանակներ պնդում էին, որ ընդդիմության դեմքերն իրենց վստահություն չեն ներշնչում։ 

– Հասկանալի է, բայց դրանք ասում են այն մարդիկ, ովքեր լատենտ իշխանամետ են և, փաստորեն, իշխանության քարոզն են անում, քանի որ դա հենց իշխանության թեզն էր։ 

– Վարչապետի կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցը նետվեց օրակարգ, երկխոսության կոչեր հնչեցին, և այսօր էլ հայտնի դարձավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպեն։ Ի՞նչ կանխատեսումներ կան, ի՞նչ արդյունք կարող է ունենալ այս հանդիպումը։ 

– Եթե հրավիրում են հանդիպման կարող ես գնալ, կարող ես չգնալ։ Եվ եթե որոշել ես գնալ, ապա գնում ես քո օրակարգով։ Այնպես չէ, որ եթե գնում ես, ուրեմն ընդունում ես դիմացինիդ օրակարգը։ 

Վարչապետը նման առաջարկություն է ներկայացրել, որովհետև բնական է՝ մերժված է բոլորի կողմից, ցանկություն ունի երկարացնելու իր իշխանությունը, երկարացնելու համար լեգիտիմություն է պետք։ 

Իսկ «Բարգավաճ Հայաստանը» ունի հեղինակություն, և եթե կոալիցիոն կառավարություն ձևավորվի, ԲՀԿ-ն իր հեղինակությամբ փորձելու է փրկել վարչապետին։ Եթե ԲՀԿ-ն գնա կոալիցիոն կառավարություն ձևավորելու առաջարկի հետևից, 99 տոկոսով կկորցնի իր հեղինակությունը, որովհետև իր վրա կվերցնի Ղարաբաղի հետ կապված ողջ պատմության պատասխանատվությունը։ 

Եվ բացի այդ, եթե ԲՀԿ-ն որոշի դուրս գալ Հայրենիքի փրկության շարժումից, այդ միությունը զգալի կթուլանա։ 

– Դուք ասում եք՝ կհեղինակազրկվի ԲՀԿ-ն, եթե միանա գործող իշխանություններին, ու ձևավորվի կոալիցիոն կառավարություն։ Բայց գուցե դա ներքաղաքական լարվածությունը թոթափելու միակ միջո՞ցն է։ 

– Հասկանում եմ, բայց քաղաքական ճգնաժամը լուծելու համար պետք է գտնել ճգնաժամի պատճառը, իսկ պատճառը, ըստ ընդդիմության, վարչապետն է։ Իսկ եթե դու անընդհատ հայտարարում ես, որ մեղավորը վարչապետն է, և գնում ու կոալիցիա ես կազմում վարչապետի հետ, ուրեմն դու փաստորեն ոչ թե ճգնաժամն ես լուծում, այլ խորացնում ես այն։ 

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը չի ցանկանում գնալ արտահերթ ընտրությունների։

– Առաջին խնդիրը ժամկետներն են․ եթե այսօր վարչապետը հրաժարական տա, խորհրդարանը չընտրի նոր վարչապետ, 40 օր հետո, կոպիտ հաշվարկով՝ փետրվարի կեսերին, նշանակվեն նոր ընտրություններ։

Այսինքն՝ հունվար-փետրվարին նախընտրական քարոզչություն պետք է լինի մի այնպիսի իրավիճակում, երբ սահմանների գծման պրոցեսներ են ընթանում, տնտեսությունը նորմալ վիճակում չէ, տնտեսական անկում է երկրում, երբ ուղիղ իմաստով բանակ չունես՝ ադրբեջանցիներին դիմակայելու համար։ 

Այսինքն՝ երկու ամիս երկրում բացարձակ անիշխանություն է տիրելու։ Սրանք կարող են լինել պատճառները, որ ընդդիմությունը չի ցանկանում արտահերթ ընտրություններ անցկացվեն, և պահանջում են, որ վարչապետը փոխվի, մի քանի ամիս կայունացնեն իրավիճակը, և հետո միայն կազմակերպել ընտրություններ։ 

– Խորհրդարանական մեծամասնությունը համառում է, ասում է՝ իրենք այլ վարչապետի թեկնածու, բացի Փաշինյանից, չեն ճանաչում, իրենց ու ժողովրդի համար ընդունելի չէ այլ թեկնածու։

– Դա որևիցե բան չի նշանակում, հավատացեք։ Մի պահ պատկերացրեք՝ երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա, Վազգեն Մանուկյանը գա, այդ «Իմ քայլը» խմբակցությունը անմիջապես քայքայվելու է, և յուրաքանչյուրը սկսելու է մտածել իր մասին, ու հավատացեք՝ իրենք էնքան լավ են աշխատելու Վազգեն Մանուկյանի հետ, իր բոլոր ասածները անելու են, առանց դրանում կասկածներ ունենալու։ 

Դա այն քաղաքական ուժը չէ, որը հավաքված է մի գաղափարի շուրջ։ Նրանք ընդամենը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ խորհրդարանում հայտնված մարդիկ են ու գիտեն, որ եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, իրենք որպես քաղաքական գործիչ չեն լինելու։ 

Դրա համար եթե Փաշինյանը չլինի, լինի Մանուկյանը, իրենք անմիջապես աշխատելու են Մանուկյանի հետ, որպեսզի գոնե մի մասը հայտնվի հաջորդ խորհրդարանում։ Մի մասն էլ չի հայտնվելու։ 

Եվ, վերջապես, հիշենք Հանրապետական կուսակցությանը, որը մեկ ամիս աշխատեց ներկայիս վարչապետի հետ։ Եթե ՀՀԿ-ն աշխատեց, ուրեմն այս նոր ուժը, որն իրենից ոչինչ չի ներկայացնում, հաստատ կկարողանա աշխատել։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am