«Ասվեց, որ գերիների հարցը լուծված չէ, իսկ Ալիևը բաստուրմա գողացած կատվի նման բեղերը լպստեց ու ձայն չհանեց դրա մասին». Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարո՛ն Մեհրաբյան, Մոսկվայում ավարտվեց Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հնարավոր չի եղել համաձայնության գալ գերիների հարցում։ Ի՞նչ եզրահանգումներ կարող ենք անել այս հանդիպումից։

– Հանդիպումը թե՛ մթնոլորտի, թե՛ արդյունքների առումով ընդամենը կարելի է հերթականը համարել, բայց ոչ բեկումնային։

Այն համատեղ հայտարարությունը, որը վերաբերում է կոմունիկացիաներին, աշխատանքային խմբեր ստեղծելու մասին է։ Դեռ մշակումներ, հիմնավորումներ են պետք, ենթադրվում է նաև, որ ամեն ուղղության վերաբերյալ պետք են լրացուցիչ պայմանավորվածություններ։

Այսինքն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նոյեմբերյան հայտարարության ոգով գործընթացը շարունակվի, բայց մենք տեսնում ենք, որ ընկալումներն էլ են տարբեր։

Նույնիսկ այն հիմնարար հարցում, թե, ի վերջո, հակամարտությունը վերջացե՞լ է, թե՞ չէ, կան տարբեր մոտեցումներ։ Ալիևն ասում է՝ այո՛, մենք կոնֆլիկտը վերջացրել ենք։ Բայց դա ասում է նույն Ալիևը, որը գերիներին վերածում է պատանդների և պետականորեն զբաղված է պատանդառությամբ։

Դրա նպատակն է Հայաստանին դարձյա՞լ զիջումներ պարտադրել։

– Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ Ալիևը որոշել է իր վրա վերցնել Հայաստանում ժողովրդավարության վարկաբեկման առաքելությունը։ Եվ այդ իմաստով գերիներն սկսում են ձեռք բերել առանցքային նշանակություն այդ առաքելության համար։

– Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց նաև Արցախի կարգավիճակի հարցը՝ ասելով, որ այն պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում։ Ի՞նչ հնարավորություններ կան։

– Այո՛, դա ճիշտ մեսիջ էր, որովհետև Արցախի կարգավիճակի հարց քննարկված չէ, որոշված չէ, լուծված չէ։ Եվ այդ իմաստով այն թեզը, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, այդ հայտարարությամբ Փաշինյանը նաև հիմնավորեց, թե ինչու լուծված չէ, թե ինչ է պետք է անել դրա համար։

– Այստեղից եզրակացնում են, որ կողմերի միջև տարաձայնություննե՞ր կան։

– Այո՛, ֆունդամենտալ տարաձայնությունները պահպանվում են։ Միակ անվիճելի ձեռքբերումն այն է, որ դադարեցված է պատերազմը, մարդիկ չեն զոհվում։ Բայց մնացած հարցերը, այո՛, մնում են չլուծված։

Եվ նաև ի վնաս հայկական կողմի՝ փոխվել է կոնֆլիկտի երկրաչափությունը, դասավորությունը։ Բայց ասել, որ հակամարտությունը լուծվել է, իհարկե ոչ։

Այդուհանդերձ, ի՞նչ ենք նկատում, այս քննարկումների շրջանակներում ճնշումնե՞ր են գործադրվում հայկական կողմի վրա։ Հետագայո՞ւմ էլ հնարավոր է ճնշումներով փորձեն զիջումներ կորզել։ Օրինակ՝ կարող են գերիներին չվերադարձնել ,բայց Հայաստանի միջով ճանապարհ ունենալ։

Այսօր գոնե հենց ճանապարհների հարցով ամեն ինչ թափանցիկ է։ Պետք է ստեղծվի փորձագետների խումբ, ներգրավվեն փոխվարչապետները, հանձնաժողովներ պետք է ստեղծվեն, քննարկումները շարունակվեն։ Եվ ճանապարհների հետ կապված պայմանավորվածությունը հանձնված է թղթին, այլ բան չկա։

Ինչ վերաբերում է գերիներին, այս հարցով ևս ամեն ինչ թափանցիկ ասված է, որ գերիների հարցը լուծված չէ։ Իսկ Ալիևն էլ բաստուրմա գողացած կատվի նման մենակ բեղերը լպստեց ու ձայն չհանեց դրա մասին։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am